ԿարևորՀասարակություն

Երկու ժամ ատոմակայանի ներսում

Ալիսա Գևորգյան
«
Ռադիոլուր»

Հարավային Կովկասի միակ՝ Մեծամորում գործող «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ը կառուցվել է 1969 թվականին։ 88-ի երկրաշարժից առաջացած անհանգստությունների պատճառով այն փակվեց։ 1993 թվականին Կառավարությունը ատոմակայանը վերաբացելու որոշում կայացրեց,  ներկայում գործող երկրորդ էներգաբլոկը վերագործարկվեց 1995 թվականի նոյեմբերի 5-ին։ Հայաստանի կառավարության երկարաժամկետ ծրագիրը նախատեսում է ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործումը երկարաձգել մինչև 2027 թվական և հետագայում աստիճանաբար շահագործել նոր բլոկներ: Շարունակվում են  նաև ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու աշխատանքները։ Կայանի արտադրանքն այսօր  բավարարում է Հայաստանի բնակչության կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի 40%–ը։ Սակայն այսօր հայկական ատոմակայանի տեխնիկական հզորությունների ու խնդիրների մասին չէ, որ խոսելու ենք, այլ մարդկանց, որոնք ապահովում են մեր, անգամ տարածաշրջանի ռազմավարական նշանակություն ունեցող կարևորագույն այս կառույցի աշխատանքը։

«Հայկական ատոմային էլեկտրակայան». մուտքն այստեղ ամեն ինչի մասին խոսում է` անվտանգության բացառիկ պայմաններ, բացառիկ զգուշավորություն։ Պետական սեփականություն հանդիսացող ատոմակայանի անվտանգությունն ապահովում են ուժային մի քանի կառույցների ներկայացուցիչներ, և ոչ միայն։ Հենց մուտքից հասկանում ես՝ ամեն մեկը չէ, որ  կարող է այստեղ մուտք գործել, առավել ևս՝ աշխատել։

Իսկ ո՞վ կարող է դառնալ ատոմակայանի աշխատակից  հարցին ընկերության տնօրեն Մովսես Վարդանյանն արձագանքում է. «Մասնագիտական պատրաստվածությունն այստեղ ընդամենը նախապայմաններից մեկն է, ատոմակայանում աշխատելու հայտ ներկայացնողը նախ հուսալիության ստուգում պետք է անցնի»:

Ատոմակայանի աշխատակիցների 25 տոկոսը կանայք են։ Նրանց  համար կա որոշակի տարիքային սահմանափակում. աշխատանքի են ընդունում միայն 45-ից բարձր տարիքի կանանց,  եթե խոսքը վերաբերում է առանձնապես վտանգավոր աշխատանքային պայմաններին։ Նորագույն տեխնոլոգիաները մուտք են գործում նաև ատոմակայան։ Հենց այս տարի ռեակտորի ղեկավարման համակարգը փոխվել է, անցել են թվայնացման։

Երիտասարդներն այս տիրույթում իհարկե ավելի ճկուն են, բայց ատոմակայանի հնաբնակներն էլ,  օրինակ 74-ամյա Գերա Սևիկյանը բոլորովին չի նեղվում։ Տիրապետում է համակարգչային ծրագրերին, երիտասարդներին այս ոլորտում ոչնչով չի զիջում, իսկ  ատոմակայանում է ավելի քան 45 տարի։

Տնօրենի խորհրդական Վանիկ Ներսիսյանն էլ ատոմակայանի հնաբնակներից է։ Ինչպիսի համբավ ունեն հայ էներգետիկներն աշխարհում, հարցին արձագանքում է. «Հայերը ոլորտում միշտ էլ լավ համբավ են ունեցել։ Նաև այդ հանգամանքն է դեր կատարել, որ ժամանակին Ռուսաստանից ու Ուկրաինայից հետո խորհրդային տարածքում հենց Հայաստանում կառուցվեց ատոմային էլեկտրակայան, չնայած մյուս հանրապետություններից շատերն էին ցանկանում։ Իհարկե, կային նաև այլ գործոններ, հաշվի են առել նաև այն, որ չունենք վառելիք»,-ասում է Ներսիսյանը: Անդրադառնում է նաև  ատոմակայանի ներքին կուռ ավանդույթներին. «Այստեղ չափազանց խիստ է դրված կարգապահական մշակույթ ասվածը։ Ոչ ադեկվատ մարդն այստեղ պարզապես չի կարող գտնվել»։

Ատոմակայանի տարբեր հատվածներում հայելիներ են, նայում եմ հայելու մեջ ու ներքևում կարդում՝ սա այն անձն է, որը պատասխանատվություն  է կրում ատոմակայանի անվտանգության համար։

Այստեղ ամենուր նման բովանդակությամբ գրառումներ են, ծավալուն պաստառներ, անվտանգության բացառիկ կանոնների մասին հիշեցնում է ատոմակայանի յուրաքանչյուր անկյուն։

Անվտանգության կանոնների պահպանման բարձր պատասխանատվությամբ ու զգուշավորությամբ շարժվում եմ դեպի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի գլխավոր ղեկավարման վահանակ, կամ ինչպես կայանի  հերթափոխի պետ Գրիգոր Սայադյանն է ասում՝ երկրորդ էներգաբլոկի ուղեղը, որտեղից կառավարվում է ամբողջ համակարգը։ Կանոններ, որոնք խստագույնս պահպանվում են հենց այս տարածքում:

Այստեղ զրուցում ենք նաև ամենաերիտասարդ մասնագետներից մեկի հետ, ծանոթանում նրա աշխատանքային գրաֆիկին:

Ատոմակայնում իրականացրած երկժամյա ճամփորդությունից  հետո դուրս եմ գալիս հետաքրքիր զգացողությամբ. սա կարծես պետություն է պետության մեջ, իսկ մտքումս տնօրեն Մովսես Վարդանյանի խոսքերն են՝ Հայաստանի հազարամյակների պատմության կողքին  ատոմակայանի 50-ամյա գոյությունն ընդամենը մեկ ակնթարթ է, բայց հենց ակնթարթը կարող է դառնալ ճակատագրական, եթե մի պահ անգամ այստեղ կորցնեն զգոնությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close