ԿարևորՔաղաքական

Հեղափոխությունը կիսատ կմնա, եթե… լսումներ ԱԺ-ում

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Ի՞նչ խաղի կանոններ առաջիկայում պետք է գործեն հայաստանյան կուսակցությունների համար: Երկամսյա քննարկումներից հետո նախնական պատկերացումներն արդեն տրված են: Խորհրդարանական աշխատանքային խումբը տարբեր թիրախային հանդիպումներ է ունեցել եւ նախնական կոնսենսուսի տարբերակով ձեւակերպել «Կուսակցությունների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները:

Այսօր խորհրդարանում կազմակերպվել են մեծ լսումներ, որին մասնակցելու համար 100-ից ավելի մասնակից է գրանցվել տարբեր կազմակերպություններից եւ կուսակցություններից: Լսումներով ավարտվելու են հասարակական հատվածի հետ հանդիպումները եւ սկսվելու է բուն օրենսդրական նախաձեռնության աշխատանքային հատվածը: «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունները ծրագրված է ավարտին հասցնել մինչեւ տարեվերջ:

Եթե օրինակ Ֆրանսիայում երեք գաղափարակից ընկեր որոշեն կուսակցություն ստեղծել, ապա ոչինչ այդ պետությունում իրենց չի խանգարի: Ռուսաստանի Դաշնությունում նույն գործի համար անհրաժեշտ է 500 մարդ, անհամեմատ փոքր Հայաստանում՝ 800 մարդ է անհրաժեշտ  կուսակցություն գրանցելու համար:

Սահմանադրագետ Արմեն Մազմանյան. «Անկեղծ ասած, երեք հոգի իհարկե շատ ազատական կլիներ նման պայմաններում, բայց առաջարկություն է եղել անդամների թիվը իջեցնել 300-ի»:

Երկու ամիս առաջ  խորհրդարանում ձեւավորված աշխատանքային խումբը ընդհանուր հայտարարի է բերել եւ միջանկյալ տարբերակ ստեղծել «Կուսակցությունների մասին» օրենքը փոփոխելու համար: Առաջին հայացքից՝ կուսակցությունների կյանքը Հայաստանում թեթեւանալու է:  Ինչ մթնոլորտում են նախկինում գործել կուսակցությունները ՝նկարագրեց «Բարգավաճ Հայաստան»-ից պատգամավոր Սերգեյ Բագրատյանը.

«Էդ թմբիրը, որ կար ժամանակին, անհնար էր, որ 7-10 տարի առաջ հնարավոր լիներ ընդդիմությանը ֆինանսավորել: Այդ գործարարի հերը կանիծեին: Բայց այդ մշակույթը մենք հիմա էլ դեռ չենք ձեւավորել: Ես չգիտեմ՝ հաջորդ ընտրությանը այդ գործարարի հերը կանիծե՞ն, թե՞ չէ: Մենք պետք է այդ մշակույթը դարձնենք անշրջելի:  

Քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն ունեցող գործարարների համար փոփոխությունների կողմնակիցները վատ լուր ունեն՝ բիզնեսը եւ քաղաքականությունը պետք է հստակ տարանջատվի: Հենց այս նպատակով փոփոխությունների նախագծում տեղ են գտել միանգամից մի քանի արմատական եւ խիստ փոփոխություն՝ ֆինանսական հոսքերը վերահսկելու եւ թափանցիկ դարձնելու համար: Օրինակ՝ նպատակ կա արգելել իրավաբանական անձանց նվիրատվությունները կուսակցություններին: Պարզ ասած՝ փոփոխություններից հետո գործարարը քաղաքականությունում այլեւս տեղ չի ունենալու:

«Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների աշխատանքային խմբի համակարգող Համազասպ Դանիելյան. «Այսօր Հայաստանում չեմ կարծում որ չափազանցրած կլինեմ, որ ասեմ՝ հանրային պահանջը բիզնեսը եւ քաղաքականությունը տարանջատելն է, ընկերություններին ուղիղ ձեւով կուսակցություններ ֆինանսավորելուց հեռացնելն է: Հետո այստեղ սկզբունքի մակարդակում մի կարեւոր հանգամանք կա: Շահույթ հետապնդող կազմակերպությունը, կորպորացիան, ՍՊԸ-ն անձ չի, որ ունենա քաղաքական իրավունքներ: Նրանք հո կուսակցություն չեն ստեղծում, ինչու՞ պետք է կուսակցություն ֆինանսավորեն: Դա քաղաքացու իրավունքն է»:

Կուսակցությունների ֆինանսական թափանցիկությունն ապահովելու համար առաջարկվում է արգելել կուսակցություններին կանխիկ նվիրատվությունները: Անկանխիկ փոխանցումները գումարային շարժը կդարձնեն ավելի տեսանելի՝ հատկապես ընտրությունների ժամանակահատվածում: Բացառվելու է կուսակցությունների՝ ձեռնարկատիրությամբ զբաղվելու հնարավորությունը: Այս ամեն ինչը վերահսկելու է ոչ թե ԿԸՀ կողմից ձեւավորվող վերստուգիչ կառույցը, ինչպես գործող օրենքով է, այլ՝ վերահսկողության իրավունքը փոխանցվելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:

Խնդիրների առաջարկվող լուծումները բխել են Հայաստանի պատկերավոր ասած «փորձից եւ փորձանքներից»:  Ձեւակերպումը լիբերալ- դեմոկրատական կուսակցության հիմնադիր-նախագահ Վիգեն Խաչատրյանինն է:

« Ինչ են մեզ հուշում փորձը եւ փորձանքները: Մեր պետության ստեղծման առաջին իսկ օրից սկսվեց պայքարը ազդեցության ոլորտների համար, իհարկե, տնտեսությունում։ Տնտեսությունում ոլորտները զավթելուց հետո պետք է գայթակղություն առաջանար զավթել քաղաքական դաշտը: Դա էլ տեղի ունեցավ: Ըստ էության՝ իշխանությունը վերածվեց մի հատ տարադրամի փոխանակման կետի: Հայաստանում իշխանությունը դարձավ այն կետը, որտեղ փողը վերածվում էր իշխանության, հետո իշխանությունը՝  ավելի մեծ փողի:  Արդյունքում եղավ այդ 15 ընտանիքը։ Չկարողացանք մենք դիմագրավել այդ պրոցեսին: Ինչու՞: Որովհետեւ Հայաստանի խորհրդարանում առաջացավ «իշխանության կուսակցություն» հասկացությունը։ Հետագայում հագավ Հանրապետականի կոստյումը»:

Կուսակցությունների կայացման գործում նախատեսվում է ավելացնել պետության դերը: Ավելի ճիշտ՝ տարբերակներ են մշակվում ավելացնելու պետբյուջեից կուսակցությունների ֆինանսավորումը: Ինչպես կլուծվեն այդ կարգավորումները՝ քննարկումները դեռ ավարտված չեն:

Այս բոլոր կարգավորումների մեջ հիմնական նպատակն առանձնացրեց նախկին պատգամավոր, ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը. « Քաղաքացուն պետք է հնարավորություն տալ ընտրել գաղափարներ, ծրագրեր, ռազմավարություններ, ստեղծել համակարգ, որտեղ քաղաքացին ազատ է: Շատ քաղաքական ուժեր խոսում են, որ ես լավն եմ, հարուստ եմ, ես քեզ կբերեմ ասֆալտ, տուկի թել, հազար ու մի բան: Ցավում եմ, որ հեղափոխությունից հետո այս գաղափարը չաշխատեց: Ձեր հեղափոխությունը կիսատ կմնա, եթե քաղաքացին նշածս ձեւով չազատագրվի եւ առաջիկա ընտրությունները միանշանակ չանցկացվեն համամասնական համակարգով»:

Սա նշանակում է, որ կուսակցությունների մի մասը կարծում է, որ առաջնային փոփոխվելու ենթակա էր Ընտրական օրենսգիրքը, ոչ թե «Կուսակցությունների մասին» օրենքը:

«Իմ քայլը» խմբակցությունից պատգամավոր Համազասպ Դանիելյանը բացատրեց, թե ինչու է ընտրվել աշխատանքների այսպիսի հերթականություն.

 «Մեր քաղաքական ուժը ֆիքսել է իր մոտեցումը այդ ռեյտինգային համակարգի հետ կապված: Պարզապես մենք չենք կարծում, որ վաղը համապետական ընտրություն ենք ունենալու եւ այսօր պետք է փոխենք այդ ընտրակարգը: Մենք հերթականությամբ ենք գալիս: Մինչդեռ՝ կուսակցությունների կայացվածությունը, ֆինանսավորումը, դրա թափանցիկությունն օր առաջ լուծվելիք խնդիր է: Հետեւաբար՝ այդ տրամաբանությամբ ենք առաջնահերթությունները որոշել»:

«Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունները ծրագրված է ավարտին հասցնել մինչեւ տարեվերջ: Զուգահեռ աշխատանքներ են տարվում նաեւ ԸՕ-ի փոփոխությունների շուրջը:

Back to top button