ԿարևորՀասարակություն

Հայաստանի ակտիվ սողանքները Լոռու եւ Տավուշի մարզերում են

Նունե Ավետիսյան
«Ռադիոլուր»

Կապանում նախօրեին մահված դեպքով ողբերգությունը եւս մեկ անգամ առիթ է խոսելու սողանքների մասին։ Մեր հանրապետության 60 տոկոսը սողանքային է։ Ինչ արդյունք են տալիս Հակասողանքային միջոցառումները:

Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, երեկ սողանքի  հետևանքով փլուզվեց երկհարկանի բնակելի շինություն, եղան զոհեր։  Այժմ Կապանում փրկարարական աշխատանքներն ավարտված են, տարածքն էլ՝ սահմանազատված՝ տեղեկացրեց ԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության տարերային աղետների բաժնի պետ, գնդապետ Հակոբ Հակոբյանը։ Հատկանշական է, որ Կապանի հենց այդ հատվածը  ակտիվ սողանքային գոտի չէ և չի էլ եղել.

«Մենք չունենք Կապանի կոնկրետ այդ տարածքի վերաբերյալ վերջին տարիների ընթացքում ակտիվության ահազանգեր։ Այլ փողոցներում եղել են ՝ Մանուկյան, Հարությունյան, Երկաթուղային, սակայն ակտիվություն չի դրսևորվում։ Կոնկրետ այդ հատվածը սողանքային գոտի է, սակայն ակտիվ  չի եղել»։ 

Առհասարակ Հայաստանի տարածքի 60 տոկոսից ավելին սողանքավտանգ է՝ վտանգավորության տարբեր աստիճանի: Հիմնականում Լոռու և Տավուշի մարզերում են սողանքային գոտիները։ Հանրապետության 145 ակտիվ սողանքային գոտիներից այս պահին   առավել ակտիվ հատվածներում  կանխարգելիչ աշխատանքներ իրականացվում են՝ ասում է  գնդապետ Հակոբ Հակոբյանը.

Կապանում սողանքի առաջացման  պատճառը դեռ հայտնի չէ, մասնագիտական ուսումնասիրություններից հետո, առաջիկա օրերին եզրակացություն կտրվի։ Այնուամենայնիվ մասնագետները թվում են հնարավոր գործոնները։ Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խոյեցյանը առանձնացրեց դրանցից  երեքը.

«Երեք հիմնական գործոն կա՝ լանջերի թեքությունների, ջրամերժ ապարների և գրունտային ջրերի առկայություն։ Հիմա , եթե սրանց էլ գումարած հարակից վայրերում կարող են պայթեցումներ արվել  կամ  հզոր մեքենաներ աշխատել, այո,  այդ բոլորը կարող են լրացուցիչ գործոն հանդիսանալ սողանքի առաջացման համար»։

 «Մեր կողմից առանձնացվել են սողանքային գոտիներ, որտեղ մենք կանխարգելիչ միջոցառումներ  ենք իրականացնում, սարքեր տեղադրում, հորատման աշխատանքներ կատարում։ Աշխատանքներն իրենց  արդյունքը տվեցին․ Տավուշի  մարզի Գետահովիտ համայնքում հորիզոնական հորատման միջոցով ջուրը հեռացվեց, գրունտային ջրերի մակարդակն իջեցվեց, ինչը բավականին կայունացրեց  սողանքի շարժը»։

Այնինչ պրոֆեսոր Աշոտ Խոյեցյանն այս տարիների ընթացքում կատարված աշխատանքները  բավարար չի համարում։ Մասնագետի համոզմամբ՝ համալիր աշխատանքներ են պետք տանել, որում ներգրավված կլինեն նաև ՏԻՄ- երը։

 «Հակասողանքային միջոցառումների իրականացումը խիստ անբավարար են ամբողջ հանրապետության տարածքում, որովհետև տեխնիկական միջոցներից սկսած (պատնեշապատում, բետոնային կոնստրուկցիաներ) վերջացրած լանջերի բուսածածկումից, սողանքային պրոցեսների  առաջացման նախնական հիդրոերկրաբանական գործոնների ապահովում չի արվում։ Հայկական մտածելակերպ է՝ մինչև պրոբլեմը չի լինում, հարցը չի լուծվում »։

Գիտնականի խոսքով, եթե պատկան  մարմինները հետևողական լինեն խնդիրներին, ապա շատ դեպքերում հնարավոր կլինի կանխարգելել աղետն ու փրկել մարդկային կյանքեր։   

Back to top button