Հասարակություն

«Լիդիանի» հայցը դատարանը բավարարել է. կբողոքարկվի՞, թե՞ ոչ

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Երբ տեսչական մարմնի ղեկավար էի, դատարան միջնորդություն ներկայացրեցինք՝ խնդրելով, որպեսզի հետաձգի գործի քննությունը, այդ ընթացքում մենք լրացուցիչ ապացույցներ, փաստարկներ պետք է ներկայացնեինք  ու պատրաստվեինք դատաքննությանը»,- «Ռադիոլուրի» հետ զրույցում բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի արդեն նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանն այսպես է արձագանքել վարչական դատարանի վճռին:

Գրիգորյանը որոշել էր  «Լիդիան Արմենիա»  ընկերությանը  թույլ չտալ Ամուլսարի տարածքում հանքարդյունաբերական գործունեություն ծավալել:

Եվ ահա օրերս  ՀՀ վարչական դատարանն անվավեր է ճանաչել տեսչության 2018թ. օգոստոսի 27-ի որոշումը:  Գրիգորյանն ասել է, որ կային շատ կոնկրետ փաստարկներ, որոնք իրենք պետք է ամփոփեին  ու ներկայացնեին:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դեռ չգիտի՝ բողոքարկե՞լ դատավճիռը, թե՞ ոչ:

ՀՀ վարչական դատարանն անվավեր է ճանաչել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ Ամուլսարում Լիդիանի որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու որոշումը: Տեսչական մարմնի արդեն նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը «Ռադիոլուրին» փոխանցեց՝ «տեսչական մարմինը ընկերության ղեկավարին հանձնարարական է տվել, որ ձեռնպահ մնան ընդերք օգտագործման հետ կապված գործողություններից՝ հաշվի առնելով նոր էկոլոգիական գործոնի առկայությունը»:

 «Նոր էկոլոգիական հանգամանքները» Ամուլսարի տարածքում Կարմիր գրքում գրանցված «Ոզնաթուփ մեխակի» և «Ապոլլոն» թիթեռի  բնակատեղի  լինելն էր: Ավելի վաղ՝ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարել էր, որ  «Ապոլլոն» թիթեռի համար Ամուլսարի տարածքը բնակավայր չէ, իսկ հայտնաբերված բույսն էլ «Ոզնաթուփ մեխակ» չէ.

«Բացի դրանից այլ եզրակացություններ տրվել ՝ խոնավությունը նույնպես բավարար չէ թիթեռի ապրելու համար»:

ՀՀ վարչական դատարանը եզրահանգել է, որ ենթադրյալ էկոլոգիական հանգամանքները չեն հիմնավորվել անկախ փորձաքննությունից հետո: Մինչդեռ Գրիգորյանը պնդում է՝ իրենք սկսել էին հավաքել փաստերը:

«Երբ դեռ ես էի տեսչական մարմնի ղեկավարը դատարան միջնորդություն ներկայացրեցինք՝ խնդրելով, որպեսզի հետաձգի  գործի քննությունը, որպեսզի  մենք  լրացուցիչ ապացույցներ, փաստարկներ ներկայացնենք ու պատրաստվենք դատաքննությանը: Կային շատ կոնկրետ փաստարկներ, որոնք մենք պետք է ամփոփեինք ու ներկայացնեինք: Դատարանը  միջնորդությունը բավարարել էր: Երկարաձգել էր պատասխան ներկայացնելու ժամկետը: Այդ ընթացքում ինձ ազատեցին աշխատանքից: Հիմա ես վճռում կարդում եմ, որ ոչ միայն տեսչության  ներկայացուցիչը երբևէ չի մասնակցել նիստերին, այլ  անգամ պատասխանը չեն ներկայացրել: Փաստարկները գտնվում էին պատրաստման փուլում: Կային բազմաթիվ լրացուցիչ փաստեր, որ մենք պետք է ներկայացնեինք»:

Դատարանն արձանագրել է, որ Արթուր Գրիգորյանը մինչև տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը ստանձնելն ակտիվորեն հանդես է եկել Ամուլսարի ծրագրի դեմ, ինչը հիմնավոր կասկած կարող է հարուցել՝ կապված նրա անկողմնակալության հետ: Դատարանը գտնում է, որ այս պարագայում Արթուր Գրիգորյանը պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել, ինչը և չի արել: Արթուր Գրիգորյանը  սա չի հասկանում.

«Ինչ է նշանակում, որ տեսչության  ղեկավարը շահագրգռվածություն ուներ, քանի որ նախկինում նրա գործունեությունը միտված էր եղել  Ամուսլարի հանքավայրի շահագործման դեմ: Տեսչության ղեկավարի գործունեությունը միտված է եղել բազմաթիվ բնապահպանական հարցերում տնտեսվարողների գործունեության դեմ: Դա նշանակում է, որ տեսչական մարմնի ղեկավարը  չէր կարող այդ պաշտոնում նշանակվել»:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից  «Ռադիոլուր»-ին փոխանցեցին, որ վճիռը բողոքարկելու համար մեկ ամիս ժամանակ ունեն: Այս ընթացքում  կորոշեն՝ բողոքարկե՞լ այն, թե՞ ոչ:

Back to top button