ԿարևորՀասարակություն

Գեղարքունիքում անօրինական սեփականաշնորհումներին կարձագանքեն ցավոտ եւ առարկայական

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

365 օր՝ 365 կատարված աշխատանք: Մեկամյա պաշտոնավարման ասուլիսում բավականին ծավալուն հաշվետվությամբ է այսօր հանդես եկել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Նա ներկայացրել է ամենատարբեր ոլորտներում մարզում կատարված աշխատանքները: Խոսել է նաեւ ցավոտ հարցերի մասին, անդրադարձել  որոշ աղմկահարույց գործերի:

Ի դեպ, այս մեկ տարվա ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ 150 հեկտար վարելահողով ավելացել է մարզի տարածքը:  Սոնոսյանը շեշտել է, որ դա հող ազատագրելու նման մի բան է:

Այդ 150 հեկտար վարելահողերը տարիներ շարունակ որեւէ տեղ գրանցված չեն եղել եւ այն մշակողները որեւէ պարտավորություն այդ մասով չեն կատարել:

Ի մի բերելով մեկ տարվա ընթացքում մարզում ամենատարբեր ոլորտներում կատարված աշխատանքները, Գնել Սանոսյանն ընդհանրացրեց.

«Ընդհանուր առմամբ, մարզում, եթե դպրոցաշինություն, սուբվենցիա, պետական միջոցներ, հրատապ միջոցներ գումարենք, 10 մլրդ  228 մլն դրամի աշխատանք է 19 թվականին կատարվել: Երբեք նման ծավալի շինարարական աշխատանքներ չի եղել»:

Ծավալներն ավելանալու են՝ վստահեցրեց: Անդրադառնալով զարգացման ծրագրերին՝ Սանոսյանը, մասնավորապես, նշեց «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» բիզնես ֆորումի կարեւորությունը:

Այն հաջողված է համարում մարզպետը, քանի որ ներկայացված ծրագրերը հերթականությամբ կյանքի են կոչվում: Երկուսն արդեն կատարված են, իսկ կարեւոր մի ծրագիր էլ շուտով կյանքի կկոչվի: Խոսքը  Արգիճի ջրամբարի կառուցման մասին է:

Սանոսյանը չի կասկածում, որ սա պետություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության օրինակ է:

«Առաջին անգամ Հայաստանում մասնավոր ընկերությունը կկառուցի ջրամբար՝ որոշակի պայմաններով: Որոշակի ժամանակ անց ջրամբարը կվերադարձնի ՀՀ-ին՝ որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն: Ես ուզում եմ շեշտել, որ այս ջրամբարի կառուցման վրա կծախսվի 5 -5.5 մլն դոլար, բայց կոռոգվի 12 համայնք, կխնայվի հսկայական քանակի էլեկտրաէներգիա, կկառուցվեն էնտեղ ենթակառուցվածքներ, եւ այլն, եւ այլն: Սրա կողքին ուզում եմ շեշտել, որ տարիներ առաջ 8 մլն դոլոր տարել մարդիկ լճում դրել են՝ ինչ-որ մի պոմպակայան կառուցելու համար, որը մեկ կամ երկու համայնքի ոռոգման ջրի հարցն է միայն լուծում: Դա ցույց է տալիս, թե նախկինները ոնց էին անարդյունավետ ծախսում միջոցները եւ ոնց կարելի է միջոցները արդյունավետ ծախսել ու ոչ թե 1 կամ 2 համայնքի խնդիր լուծել, այլ, այս պարագայում, 12 համայնքի խնդիր լուծել»:

Գեղարքունիքի մարզում աղմկահարույց սեփականաշնորհումների վերաբերյալ հարցին արձագանքելով՝ Գնել Սանոսյանն ասաց, որ երկու ամիս է արդեն աշխատանքներ են տարվում եւ առաջիկայում արդեն կբարձրաձայնեն թե ինչ, ինչպես եւ ում միջոցներով են անօրինական սեփականաշնորհումներ կատարվել:

«Ոմանց ձայնը տեղը կընկնի: Այդ ցանկը բավական շատ է: Ինձ զարմացնում է, որ էդ մարդիկ էնպես են խոսում, էնպես են քննադատում: Եթե նայեք, թե էդ մարդիկ ոնց են վարվել էդ համայնքների եւ բնակիչների հետ, իրենց ուղղակի պետք է չթողել էնտեղ թաղել՝ էն հայտնի ֆիլմի նման: Շատ կարճ ու շատ կոնկրետ, իսկ հետո ավելի ցավոտ ու առարկայական կասենք»:

Մարզի ցավոտ եւ աղմկահարույց խնդիրներից մեկն էլ գրադարաններին է վերաբերում, ավելի ճիշտ՝ այս ոլորտում կրճատումներին: Սանոսյանի ձեւակերպմամբ, այս առումով, ամենափայլուն օրինակը Վարդենիսի գրադարանն է:

«Որտեղ 32 աշխատակից է գրանցված: Ինձ չի կարող էս մոլորակի 7 մլրդ բնակչությունից որեւէ մեկը բացատրի, թե Վարդենիսում 32 մարդ գրադարանում ինչ է անում»: 

Խոսելով աշխատատեղերի վերաբերյալ հարցի մասին՝ Սանոսյանը շեշտեց, որ այս մեկ տարվա ընթացքում, իրականում աշխատատեղեր շատ են բացվել, հատկապես՝ սեզոնային:

«Բայց ընդհանուր թիվ ասել  իրականում բարդ է. որպես կանոն տարվա վերջում մենք կամփոփենք եւ կհասկանանք ի՞նչ պատկեր ունենք: Հիմա չունենք»:

Վարդենիսի հիվանդանոցի եւ հոսպիտալի միավորման աղմկահարույց խնդրին անդրադառնալով՝ Գնել Սանոսյանը նախ հիշեցրեց, որ որոշումը կայացվել է մինչեւ հեղափոխությունը, ապա շեշտեց, թե հիմա այդ որոշումից բողոքում են մարդիկ, ովքեր ամեն ինչ արել են, որ նման որոշում կայացվի:

Այլ որոշում չունեն: Բնակչության շրջանում առկա մտահոգույթուններն էլ այսպես փարատեց. «Վերամիավորումով հիվանդանոցը չի վերանալու եւ վարդենիսը հիվանդանոց ունենալու է: Ուղղակի մարզպետարանի ենթակայությունից դուրս կգա, կդառնա ՊՆ ենթակայության: Ինձ համար հետաքրքրում է Վարդենիսի բնակչության առողջությունը: Ինձ չի հետաքրքրում պետությունը էդ գումարները մարզպետարանի միջոցով կտա բուժհիմնարկին, թե՞ ՊՆ միջոցով»:

ՊՆ-ն 2020 թվականի բյուջեով արդեն նախատեսել է այդ շենքի հիմնանորոգումը: Այսինքն, գործընթացում դրական բաներ կան, եզրափակեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Back to top button