ԿարևորՀասարակություն

Խոժոռնեցի Մակար պապի տան միջով է անցնում հայ- վրացական սահմանը

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի


Վրաստանի Մառնեուլիի շրջանի Խոժոռնի գյուղում 92-ամյա Մակար պապի տունը գտնվում է վրացական հողում, սակայն զուգարանը՝ հայկական։ Նրանից սեփական զուգարան գնալու համար սահմանապահներն այլևս փաստաթուղթ չեն ուզում, որովհետև երբ մի օր հարցրել են, թե «թուղթ ունե՞ս սահմանը հատելու և զուգարան գնալու համար», նա կեսկատակ պատասխանել է՝ «թուղթը զուգարանում է»։

Մակար պապը «Ռադիուրին» ասել է՝ պատահական չէ 50 տարի առաջ իր տունը կառուցել հայ-վրացական սահմանին:

Խոժոռնին Վրաստանի Մառնեուլիի շրջանի ամենամեծ հայկական բնակավայրերից է, որ երեք կողմից սահմանակցում է Հայաստանին։

Ավելին, այստեղ գյուղացիների այգիների ու արոտավայրերի մի մասը հայկական սահմանում են՝ լեռների ստորոտին, որտեղ գնալու համար գյուղացիները հատուկ անցագիր են ստանում։ 92-ամյա Մակար պապի տունը գտնվում է գյուղի ամենավերին հատվածում.1970-ին գյուղում տարածք չգտնվեց, ինքն իր տունը կառուցեց ուղիղ հայ-վրացական սահմանի հայկական հողում։ Ասում է՝ գիտեր դա արդեն Հայաստանն է, բայց այն ժամանակ ոչ մի խնդիր չկար, չէին էլ մտածում, որ կլինի․   

«Եկել եմ Հայաստանի տարածքում սարքել, որ եկել են չափ ու ձև անելու, ասել են՝ տունդ Հայաստանի հողում ա, կուզես Հայաստա՞ն, թե՞ Վրաստան, ես էլ ճանապարհի խաթրու (Խոժոռնին թեև Ճոճկան գյուղից ուղիղ գծով 10 կմ հեռավորության վրա, սակայն այդ հատվածը անտառածածկ է) ասել եմ Վրաստան»։

Սակայն նրա զուգարանն ու այգու մեծ մասը մնացել է հայկական սահմանում։ Պատմում է.

«Հըմի զուգարանն ընդեղ ա, հայերն ասում են, թե տունը Վրաստանում եք շինել, տուալետը Հայաստանում, թուղթ ունե՞ս, ասեցի թուղթը զուգարանում ա։ Բա ո՞նց ասեմ »։  

Մակար պապն այսօր այս գյուղի թերևս միակ բնակիչն է, որ սահմանի այն կողմում գտնվող իր սեփական զուգարան գնում է առանց թույլտվության փաստաթղթի։ Իր սեփական այգուց էլ, որը բաժանված է երկու սահմանների միջև, մինչ օրս կարողացել է բերքը հավաքել։ Գյուղի բնակիչները սահմանից այն կողմ գտնվող իրենց հողամասեր անպայման թույլտվության փաստաթղթով են մտնում։ Սակայն դրանից ավել սահմանը հատել չի կարելի ոչ մեկի, անտառին արգելվում է մոտենալ։ 

«Մեր անասունը միշտ դես ա գնացել (ցույց է տալիս հայկական տարածքը), բայց չեն թողում։ Մենք իրավունք չունենք․ կարող ա բռնի, ասի հանցագործ ես։ Իրանց իրավունքի տակ ենք՝ երկու կողմի։ Առաջ մեր անասունը թողում էին գնա (հայկական տարածք), փետ էինք բերում, ծախում, սովետի աշխարհ ա ըլել։ Հիմա էլ դռան փետ չեն թողում, որ բերես։ Բա ես ըտի 37 տարի աշխատել եմ, էտ անտառը պահել եմ, ինձ թողում չի մի քիչ փետ բերեմ, ճիշտ ա ըլու՞մ, ճիշտ չի ըլում»։

Մակար պապը 37 տարի Հայաստանի անտառտնտեսությունում է աշխատել, իր տնից անմիջապես վերև ձգվող հայաստանյան անտառներում հարյուրավոր ծառեր տնկել։

«200 հատ կակալի ծառ են քցել, ես որ աշխատելիս եմ ըլել։ Հըմի էլ ես մի 100-150 խնձորի ծառ ունեմ։ Դամբուլը կա, խնձորը կա, լավրով, կառալյոկ, խաղող, ամեն ինչ։ Մի միլիոնի ծառ կունենամ…»։ 

Դրանց մի մասի բերքը կարողանում է հավաքել, երկու երկրների սահմաններում կիսված խնձորի այգուց էլ օղի է պատրաստում։

«Այսինքն՝ ստացվում է հայ-վրացական խնձորի օղի եք պատրաստում», հարցին պատասխանում է․ «էլ հայ-վրացական չկա․ մեր այգին ա, մեր խնձորը» ։ 

Հայաստանյան անտառներով շրջապատված Խոժոռնիի հայությունն այսօր երազում է անտառ բարձրանալ. «Անտառի սիրահար ենք մենք»:

Մակար պապը հույս ունի, որ հայ-վրացական սահմանի վերջնական սահմանազատումից հետո թույլտվություն կլինի անտառի բերք ու բարիքից օգտվել։ Ինքն ամեն դեպքում հայկական սահմանում գտնվող զուգարանը չի պատրաստվում ապամոնտաժել, ասում է՝ տունը վրացական, իսկ զուգարանն ու այգու մի մասը հայկական սահմանում, դա նշան է, որ բարեկամ հայերն ու վրացիները սահմաններ չպիտի գծեն։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close