ԿարևորՔաղաքական

Բաքվի հուսահատ քայլերը

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Ադրբեջանա-ղարաբաղյան սահմանին ադրբեջանցիները ֆլեշմոբ են կազմակերպել՝  հայտարարելով, թե կհատեն սահմանը: Նրանց այս քայլը  մի կողմից ծիծաղ է առաջացնում, քանի որ այդ տարածքներն ամբողջությամբ ականապատված են, մյուս կողմից  ցույց է տալիս, թե որքան հուսահատ վիճակում է Ալիևը՝ ասում են քաղաքագետներն ու քաղաքական գործիչները:

Բաքուն հուսահատ քայլեր է անում՝ համոզված է Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը: Ասվածի վկայությունը սահմանի մոտ հավաքված ադրբեջանցի ցուցարարների՝ «Ղարաբաղը Ադրբեջան» է գրությամբ պաստառներով սահմանը հատելու մասին հայտարարություններն են:

«Սա հուսահատ քայլ է, որը կազմակերպել են Ադրբեջանի իշխանությունները, քանի որ թե բանակցություններում,  թե պատմական քաղաքակրթական կռվաններում տանուլ են տվել: Ադրբեջանի նախագահը երկու տարի առաջ կառավարության նիստում բաց տեքստով հայտարարել է, որ Մինսկի Խումբը առաջարկել է ճանաչել Արցախի անկախությունը: 2018 թվականի հեղափոխությունից հետո ՀՀ իշխանությունները բարձրացրել են պահանջների նշաձողը, և դա կարծես տեղ է գտել միջնորդների մոտեցումներում» ,- ասում է Վահրամ Աթանեսյանը:

Սոցցանցի ադրբեջանական տիրույթում շրջանառվող տեսանյութում ներկայացվում է, որ Արցախին սահմանամերձ  Թարթառի շրջանից ադրբեջանցիները պատրաստվում են հատել սահմանը: 

Արձագանքելով այս տեսանյութին՝ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ պետք չէ լուրջ վերաբերվել այսպիսի հարցերին: Նա այդ կոչերը քաղաքական, հայրենասիրական էժանագին ֆլեշմոբ է համարում, քանի որ համոզված է՝ ադրբեջանական իշխանությունները և բանակը թույլ չեն տա, որ սահմանը հատելու քայլ գրանցվի:

Դավիթ Բաբայանը հուշում է մի պահ պատկերացնել, թե ինչպես են նրանք հատում սահմանն ու մտնում ականապատված տարածք: Նման քայլի դիմելու դեպքում ադրբեջանցիները նույնիսկ չեն հասնի արցախյան դիրքերին: Նրանք կպայթեն իրենց ձեռքով ականապատած տարածքներում՝ գրում է:

Քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը ադրբեջանցիների քայլերը սադրանք է որակում ու իրավիճակը համեմատում է պաղեստինա-իսրայելական հակամարտության համանման դրվագների հետ:

«Անընդունակ լինելով քաղաքական կամք պարտադրել Իսրայելին՝ պաղեստինցիները առաջին շարքում շարում են կանանց ու երեխաներին, իսկ իրենք թաքնվում նրանց հետևում: Նման պայմաններում, եթե Իսրայելը կրակի, ապա կստացվի քաղաքացիական անձանց վրա է կրակում, բայց պատկերն այլ է: Մեր դեպքում չեմ կարծում, թե պետք է կրակել, եթե անցնեն: Պետք է նրանց բռնել ու միջազգային կառույցներին հանձնել, որ Վրաստանի տարածքով նրանց անվտանգ դուրս հանեն Հայաստանից»,- նշում է Քանանյանը:

Վահրամ Աթանեսյանը Ալիևի հուսահատ քայլերը բացատրում է թյուրքախոս երկրների գագաթնաժողովում Ալիևի ագրեսիվ կոչերին այլ երկրներից օժանդակություն չստանալու հանգամանքով նաեւ: Ալիևն ասել էր, թե Զանգեզուրը Հայաստանին «տրվելուց» հետո Ադրբեջանը, իբրեւ, բաժանվել է երկու մասի:

«Մերժում  է ստացել փաստորեն Ալիևը, Բացի Թուրքիայից որևէ երկիր չի աջակցել այս հայտարարությանը»:

Արցախին նախագահի մամուլի խոսնակը հորդորում է նման ֆլեշմոբերին լուրջ  չվերաբերվել:

Back to top button