ԿարևորՔաղաքական

Ապրիլյան քննիչ հանձնաժողովը սկսում է հրավիրել առանցքային գործիչների

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

2016-ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներն այսօրվանից նախնականից մտնում են «կարեւոր փուլ»: Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ այսուհետ հրապարակելու են, թե ում են հրավիրելու հանձնաժողով: Այսօր ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար  հրավիրվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր հետախուզական վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը: Նա այժմ ՀՀ վարչապետի խորհրդականն է:

2016-ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն ամիսներ շարունակ աշխատել է խորհրդարանի մի տարածքում, որը հատուկ հարմարեցված է եղել այդ աշխատանքի համար: Խոսքը գաղտնիության ապահովման մասին է: Այնպես որ՝  հրավիրվող գործիչները կարող են հանգիստ լինել:

« Աշխատում ենք մեզ հատկացված տարածքում, որը պատրաստված է հատկապես այսպիսի բնույթի աշխատանքներ անելու, որպեսզի այլ արտահոսքեր գաղտնիության հետ կապված չլինեն: Այնպես որ՝ մենք ապրիլյան քննիչ հանձնաժողովի հետ կապված նաեւ տեխնիկական խնդիրներ ենք լուծել, որը տեսանելի չէ»: 

Քննիչ հանձնաժողովն այսօրվանից անցնում է «կարեւոր փուլի»: Այդպես աշխատանքը ձեւակերպեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Սկսում են հրավիրել առանցքային գործիչների: Այսօր խորհրդարանում էր վարչապետի խորհրդական գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը: Ապրիլյան պատերազմի օրերին նա  ԶՈՒ գլխավոր հետախուզական վարչության պետն էր: Ապրիլյան պատերազմից հետո ազատվեց զբաղեցրած պաշտոնից, տեղեկություն չունի, որ իր աշխատանքից դժգոհ են եղել: Ապրիլյան պատերազմի հետ կապված որեւէ հարցի նա չի պատասխանում: Հուշում է՝ պետք է հարցնել հանձնաժողովից:

«Ռազմական տեսակետից մեղավորություն պարզելը նման հանձնաժողովի միջոցով է: Այդ դրա համար այս հանձնաժողովը ստեղծվել է»:

Եթե Արշակ Կարապետյանը վստահում է հանձնաժողովին, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը պարբերաբար վերապահումով է մոտենում նույն հանձնաժողովին: Հայկական բանակի ստեղծման ակունքներում կանգնած գործիչը առաջարկ էր ստացել հանձնաժողովից՝ աշխատանքներին փորձագիտական աջակցություն ցուցաբերելու համար: Այն ժամանակ «Ռադիոլուր»-ին գեներալ-լեյտենանտը փոխանցել էր, որ կմասնակցի աշխատանքներին, եթե հանձնաժողովը պատժիչ նպատակներ չունենա: Նույն միտքը գեներալ-լեյտենանտն այսօր հայտնել է մեկ այլ լրատվամիջոցին տված հարցազրույցում: Ապրիլյան հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի ներկայացմամբ՝ իրենք հստակ մերժում գեներալ-լեյտենանտից չեն ստացել:  

«Ես ունեմ նամակագրությունը Նորատ Գրիգորիչի հետ: Վերջին անգամ ինքը զանգահարեց ինձ, ասաց, որ գնում է Սիրիա, չի կարող գալ: Այսօր տեսնում եմ հարցազրույց է տվել: Չգիտես ինչի՝ իրեն թվում է ապրիլյան հանձնաժողովը ինկվիզիցիա է: Երբ բազմիցս ասել ենք՝ ապրիլյան հանձնաժողովը ուսումնասիրում է այդ ժամանակվա թերությունները, եթե կան եւ դրանց վերացման ուղենիշերը պետք է ներկայացնենք հասարակությանը, իսկ եթե կան մեղավորներ, եզրակացության մեջ կնշվեն նաեւ նրանց անունները: Հիմա ովքեր են մեր հարգարժան գեներալին այդպիսի վախեր ներշնչում, ես լավ հասկանում եմ: Ինչքան հրավիրյալների թոփ 10-յակին մոտենանք, այնքան վախերը դեպի հարգարժան գեներալներ շատ են ուղղվելու, որպեսզի նրանք ինչ- որ մտահոգություններով հանդես գան, որովհետեւ մտահոգվողները Տեր Գրիգորյանցը կամ մյուս մեր հարգարժան գեներալները չեն: Մտահոգվողները պետք է լինեն այն զինվորականները, որոնց աշխատանքի մեջ եղել են թերացումներ, որոնք ունեցել են անդառնալի հետեւանքներ»:  

Ապրիլյան հանձնաժողովին մի քանի անգամ փորձագիտական աջակցություն է ցուցաբերել պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: Մշտապես չի մասնակցում այդ աշխատանքներին: Փորձագետի կարգավիճակով՝ ներգրավված եւս մի քանի գործիչ կա: Մի մասի անունները դեռ չեն հրապարակվում:

« Մի օր ձեզ հասանելի կլինեն մեր բոլոր հարցաշարերը ու դուք կտեսնեք հարցաշարերի մեջ պրոֆեսիոնալիզմի բարձր դրսեւորում, որովհետեւ հարցաշարերն են կարեւոր, թե ինչ ենք ուզում պարզել»:

Ապրիլյան քննիչ հանձնաժողովում, ի դեպ, որոշակի հարցեր առաջացել են Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի որոշ հայտարարությունների հետ  կապված.

« Բոլորն են գնացել ինչ որ ձեւով աջակցելու առաջնագծի մեր զինվորներին, նաեւ Վիտալի Բալասանյանը, ենթադրում եմ: Նա պարզապես նկարագրել է մի դրվագ, որ գնացի, հրամայեցի հրետանին հանեն, տանեն, տեղադրեն, կրակեն: Այդպիսի բան չի կարող լինել: Ո՞նց կարող է բանակի կառույցից դուրս եղած մարդը հրամաններ իջացնի բանակային կառույցներին եւ այդ հրամանները կատարվեն: Այդ դեպքում ինձ մոտ հարց է առաջացել՝ բա կորպուսի հրամանատարը ինչո՞վ էր զբաղված: Այնդտեղ, կներեք խոսքն այն մասին է, որ մենք ոնց որ թե, ըստ Վիտալի Բալասանյանի հայտարարության՝ բանակ չենք ունեցել»:

Քննիչ հանձնաժողովը, սակայն, չի պլանավորել լսել Բալասանյանին: Հիմնավորում են նրանով, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ նա բանակում պաշտոն չի  զբաղեցրել, իսկ ԱԱԽ քարտուղար նշանակվել է ապրիլյան պատերազմից հետո:

Back to top button