ԿարևորՄշակույթ

«Տարվա եղանակներ». Կամերային նվագախումբը և Նիկոլայ Մադոյանը հանդես կգան համերգով

Գինեսի ռեկորդակիր, միջազգային մրցույթների հաղթող, ջութակահար Նիկոլայ Մադոյանը հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: «Տարվա եղանակներ» խորագիրը կրող համերգային երեկոն տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում հոկտեմբերի 17-ին: Նվագախումբը կղեկավարի ՀՀ վաստակավոր արտիստ, դիրիժոր Կարեն Դուրգարյանը:

Կհնչեն Պագանինիի և Վիվալդիի ստեղծագործությունները: Համերգային երեկոյին կներկայացվի Վիվալդիի անմահ «Տարվա եղանակներ» ստեղծագործությունը:

Նիկոլայ Մադոյանը 1988թ. դարձել է Պ.Չայկովսկու անվան Համամիութենական մրցույթի հաղթող՝ երիտասարդ կատարողների անվանակարգում` կատարելով Պ.Չայկովսկու ջութակի համերգը: 1991թ. դարձել է Գեորգ Կլլենկամպֆի անվան ջութակարարների միջազգային մրցույթի հաղթող: 1988թ. Մոնրեալում և Մյունխենում հանդես է եկել բարեգործական համերգներով և հասույթը ուղղել Սպիտակի ավերիչ երկրաշարժից տուժած հաշմանդամ երեխաների բուժմանը:

Ելույթներ է ունեցել աշխարհի բազում սիմֆոնիկ նվագախմբերի հետ` հայտնի դիրիժորների ղեկավարությամբ: Ելույթ է ունեցել Տիվոլի և Կոնցերտբաու, Լոնդոնի Թագավորական փառատոնային, Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ համերգասրահներում, Միլանի Վերդիի թատրոնում և այլուր: 2004թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Բազմիցս հանդես է եկել Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ:

Back to top button