ԿարևորՄշակույթ

Ստեղծագործում է՝ մուսայի գալուն չսպասելով

Հերմինե Կարապետյան
«Ռադիոլուր»

Սլավոնական համալսարանում բացվել է ֆրանսաբնակ արվեստագետ Սարեի ցուցահանդեսը։ Առաջիկա չորս օրերին կարելի է ծանոթանալ նրա կերպարներին, որոնք առաջին հայացքից սարսափելի են, բայց…

Ֆրանսաբնակ արվեստագետ Saré-ն՝ Եվգենիա Սարգսյանը, արդեն տևական ժամանակ Հայաստանում է, վայելում է երևանյան աշունն ու միջավայրը։ Իսկ արվեստասեր հանրությանը նա ներկայացավ ցուցահանդեսով՝ Սարգիս Մուրադյան պատկերասրահում: Ցուցահանդեսը այնքան սիրվեց, որ կվերաբացվի Հայ–ռուսական սլավոնական համալսարանում և կգործի մինչև հոկտեմբերի 19–ը:

Հայտնի նկարչուհին ցուցահանդեսներ է ունեցել Նյու Յորքում, Փարիզում, Լյուքսեմբուրգում, Մոսկվայում, իսկ Երևանում սա նրա երրորդ ցուցահանդեսն է:

Արվեստագետն անկեղծանում է՝ մուսայի գալուն չի սպասում, միշտ է ստեղծագործում:

Սարեն ստեղծում է տարօրինակ կերպարներ, որոնք հիշեցնում են միջնադարը կամ ֆլամանդացի մեծ արվեստագետների գյուտերը, որոնք սիրահարված էին գրոտեսկներին: Այս կերպարներին կարելի էր հանդիպել նաև Գոմբրովիչի էջերում՝ գրել է «Ֆիգարո» թերթը Սարեի գործերի մասին։

Եվգենիա Սարգսյանը՝ Սարեն, աշխատում է յուղաներկով։  Ասում է, որ նկարելու իր միակ շարժառիթը դրանից հաճույք ստանալն է։ Աշխատում է նույնիսկ այն ժամանակ, երբ ձեռքին մատիտ կամ վրձին չի լինում:

Նա պատկերում է կերպարներ, որոնք առաջին հայացքից սարսափելի են թվում, սակայն միաժամանակ ասես կախարդական հեքիաթի հերոսներ լինեն։

Հեղինակը դժվարանում է ինչ-որ մի նկար կամ աշխատանք առանձնացնել, ասում է չի ուզում, որ մնացած գործերն իրենից նեղանան:

Եվգենիա Սարգսյանը ծնվել է 1959 թվականին, Երևանում։ Սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, սովորելուն զուգահեռ աշխատել է Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում որպես բեմանկարիչ, ապա եղել է Պատանի հանդիսատեսի թատրոնի դիզայները:

1991 թվականին՝ Փարիզ տեղափոխվելուց հետո, Սարեն գրեթե ամբողջովին նվիրվել է գեղանկարչությանը։

Back to top button