ԿարևորՔաղաքական

Խորհրդարանն ունի պլան Բ. ՍԴ մերժման հետքերով

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի նախաձեռնությունը Սահմանադրական դատարանում  ընթացք չստացավ. հոկտեմբերի 14-ի աշխատակարգային նիստում դատարանը  որոշեց վարույթ չընդունել և քննության չառնել խորհրդարանի դիմումը։

Ինչ շարունակություն է ստանալու Սահմանադրական դատարանի շուրջ  ստեղծված իրավիճակը, որոնք են լինելու հաջորդ քայլերը: Խորհրադարանական մեծամասնության ներկայացուցիչները  պնդում են, որ պլան Բ ունեն, բայց առայժմ փակագծերը չեն բացում:  Վստահեցնում են , որ լուծումները նորից տեսնում են  օրենսդիրի դաշտում:  

Հոկտեմբերի 4-ին,  երբ խորհրդարանն ընդունում էր Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշման  նախագիծը, 3 հնարավոր սցենար էր դիտարկվում: ՍԴ-ն կարող էր վարույթ ընդունել դիմումը, քննարկել այն ու համաձայնել բերված հիմքերին, կարող էր քննել ու  մերժել դիմումը և  կարող էր ընդհանրապես վարույթ չընդունել հարցը: Դատարանը  գնաց ամենակարճ ճանապարհով՝ որոշեց չքննել պատգամավորների դիմումը:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը քվեարկության օրը դեռ լավատես էր ու կարծում էր, որ ֆորմալ առումով դիմումը մերժելու հիմքեր չկան:

«Եթե դիմումը չընդունվի վարույթ, և օրինակ ՍԴ-ն համարի, որ ֆորմալ հիմքերը չեն պահպանվում, ապա ԱԺ-ն կարող է խնդիրները շտկելով՝  կրկին դիմել Սահմանադրական դատարան: Բայց ֆորմալ առումով օրենքի պահանջները պահպանված են և կարծում է ՍԴ-ն դիմումը վարույթ ընդունելը մերժելու հիմքեր չունի»:

Պարզվեց՝ այդ հիմքերը կան, բայց թե որոնք են, առայժմ պարզ չէ: ՍԴ անդամները չեն մանրամասնում, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը որոշման հրապարակման համար 3 օր է նախատեսում:  Սահմանվում է, որ աշխատակարգային որոշումը եռօրյա ժամկետում կուղարկի կողմերին: 

Խորհրդարանում էլ որոշման հիմքերին ծանոթ չեն, բայց մեծամասնության ներկայացուցիչները նշում  են, որ այս սցենարից անակնկալի չեն եկել:  Ավելի լիարժեք գնահատելու համար սպասում են որոշման հրապարակմանը՝ մինչ այդ վստահեցնելով , որ այս տարբերակի համար մշակված քայլեր ունեն:

«Այսինքն դուք մտածում եք, որ խորհրդարանական այս նախաձեռնությամբ հանդես էր եկել առանց հաջորդ քայլի մասին մտածելու: Իհարկե հաջորդ քայլը կա»:

Բայց առայժմ նախընտրում են չհրապարակել դրանք ու բոլոր փակագծերը չբացել՝ ասում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Վահագն Հովակիմյանը: Նա միևնույն ժամանակ   վստահեցնում է՝ գնդակը կրկին խորհրդարանի դաշում է,  և ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու հարցում հիմնական անելիքը  կրկին Ազգային ժողովինն է:

«Խորհրդարանն ունի անհրաժեշտ գործիքակազմը՝ լուծելու ոչ միայն այս, այլ նաև իրավական համակարգում ծագած ցանկացած այլ ճգնաժամ: Եվ լուծելու է. ԱԺ-ն պետք է ապահովի, որ Հայաստանն ունենա հանրային վստահություն վայելող Սահմանադրական դատարան»:

Ի դեպ, ՍԴ կազմից  Վահե Գրիգորյանը, ով ընտրվելուց հետո  բոյկոտում է ՍԴ աշխատանքը և նիստերին չի մասնակցում,  այսօր խախտել է լռությունը և «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեսակետ հայտնել, որ ԱԺ-ի նախաձեռնությունը մազաչափ անգամ չի նպաստել հարցի հանգուցալուծմանը: Վահե Գրիգորյանը մասնավորապես նշել է:

«Չեմ կարծում, որ այս քայլով ԱԺ-ն ՍԴ-ի շուրջ ձևավորված ճգնաժամին մազաչափ անգամ մոտեցել է: Սա քայլ էր, որը աղերս չունի ամբողջ կոնտեքստի հետ»:

Գրեթե նույն կարծիքին է նաև փաստաբան Մուշեղ Շուշանյանը: Նա կարծում է, որ նման նախաձեռնություն ներկայացնելով՝ ԱԺ-ն օրակարգից դուրս է թողել ՍԴ-ի լեգիտիմության հարցը, ինչն առանցքային են համարում մի շարք մասնագետներ:

Հարցին, թե որը կարող է լինել իրավիճակի հանգուցալուծումը, Շուշանյանն իր տարբերակն է մատնանշում:

«Լուծումը շատ պարզ էր: Ընդամենը ԱԺ նախագահը պետք է ուղերձով կամ հայտարարությամբ հանդես գար ԱԺ ամբիոնից և պետք է դիմեր ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու իրավասություն ունեցող մարմիններին՝ կառավարությանը, ԱԺ-ին, Դատավորների ընդհանուր ժողովին  և առաջարկեր նրանց կատարել թեկնածուների առաջադրումներ: Թեկնածուները, դատավոր դառնալու դեպքում, կհամալրեին ՍԴ-ի նոր կազմը»: 

«Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով որոշման նախագիծը խորհրդարանում պաշտպանել էին «Իմ քայլ» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները։  Նախագիծն ընդունվել էր  98 կողմ ձայնով, դեմ էր քվերակել անկախ պատգամավոր Արման բաբաջանբյանը, իսկ  ԲՀԿ-ն  չեր մասնակցել քվեարկությանը։

Back to top button