ԿարևորՄշակույթ

Թուրք-սիրիական սահմանին արդեն կանգնում է սիրիական բանակը

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ Սիրիայի կառավարական զորքերը մտել են Թուրքիայի հայտարարած 30 կմ խորությամբ անվտանգության գոտում ներառված Աին Իսսա քաղաքը, որը երեկ գտնվել է թուրքական հրետանու կողմից հրետակոծության ենթարկված M4 ավտոմայրուղու ամենակարևոր հանգույցի վրա: Թուրքիայի Պաշտպանության նախարարությունն իր տարածած տեսանյութի միջոցով հայտարարում էր, որ կոնկրետ այս տարածքը գտնվում է իր վերահսկողության ներքո: Շաբաթ օրը հենց այս քաղաքի բանտում պահված ԻՊ-ի զինյալներն էին դիմել փախուստի, երբ քաղաքը ենթարկվել էր հերթական հրետակոծության:

Սիրիայի նկատմամբ Թուրքիայի սանձազերծած պատերազմական գործողությունների մասին տվյալներ է հաղորդել թուրքագետ, թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը: Նա փոխանցել է, որ Ալ Թայհեայի կողմից Մանբիջ է մտել սիրիական կառավարական ուժերի նոր խումբ, որը պետք է տեղակայվի թուրք-սիրիական սահմանին:

Թե որքան ժամանակ կպահանջվի Սիրիայի հյուսիսից թուրքական զինուժին դուրս մղելու համար, Կարեն Հովհաննիսյանը դժվարացել է կանխատեսում անել, բայց այն, որ դուրս մղման գործընթացը սկսվել է, փաստ է: Փորձագետը վստահ է, որ համատեղ ուժերով սիրիական զորքերը կարող են հասնել արդյունքի, եւ  արդեն իսկ ուրվագծվում է այն պատկերը, որը հետագայում ներդրվելու է այդ տարածքում: Թուրք-սիրիական սահմանին կանգնում է արդեն սիրիական բանակը՝ ասում է Կարեն Հովհաննիսյանը:

Թուրքիայի նախագահը Բաքվի ճանապարհին է, որտեղ  մասնակցելու է այսօր մեկնարկող Թյուրքական խորհրդի 7-րդ գագաթնաժողովին: Բաքու են ժամանում այս խորհրդի անդամ պետությունների ղեկավարները: Գագաթնաժողովը նվիրված է Թյուրքական խորհրդի 10-րդ տարեդարձին: Էրոդողանը խոստացել է Թուրքիայի գործողությունների մասին համապարփակ տեղեկություն ներկայացնել խորհրդի անդամ երկրներին, իսկ մինչև Բաքու մեկնելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Աթաթուրքի անվան օդանավակայանում հայտարարել է, որ միջազգային լրատվությունը Սիրիայում Թուրքիայի գործողությունների մասին ապատեղեկատվություն է տարածում:

Back to top button