ԿարևորՄշակույթ

Երեք մրցանակ՝ Սոֆիայից

Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»

Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի մենակատար Լուսինե Կչոզյանը վերջերս նոր տեսահոլովակ է ներկայացրել: Խոսքերի հեղինակը Լիլիթ Դամիրյանն է, երաժշտության հեղինակը՝ Ալբերտ Աբգարյանը:

Սա երգչուհու առաջին տեսահոլովակն  է, սակայն նրա երաժշտական կարիերան ավելի քան երկու տասնամյակի պատմություն ունի:  Լուսինեն արդեն 21 տարի  երգում է էստրադային սիմֆոնիկ նվագախմբում, 11 տարի  դասավանդում է Երեւանի պետական կոնսերվատորիայում:

Ասում է, որ շատ է սպասել այս օրվան, ուրախ է լավ արձագանքի համար:

Լուսինեին  հանդիպեցինք Հանրային ռադիոյի բակում կազմակերպված «Կոմիտաս 150 տարի /րոպե» եռասկավառակ ալբոմի շնորհանդեսին:

Զրույցի ընթացքում պարզվեց, որ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած միջազգային փառատոնին մեր գործընկերը ստացել  է միանգամից երեք մրցանակ՝ երկու առաջին եւ մեկ գլխավոր մրցանակ՝  Գրան Պրի:

«Առաջին մրցանակներից մեկը  էստրադային մշակմամբ ֆոլկլորային երաժշտության համար էր, մյուսը՝ համաշխարհային հիթ երաժշտության, իսկ SOFIA GRAND PRIX 2019-ը ստացել եմ ջազ նոմինացիայում՝ կատարելով Մարտին Վարդազարյանի «Տեմպրիդ» մեղեդին»,- մեզ հետ զրույցում պատմեց Լուսինե Կչոզյանը:

Հարցին, թե ինչպիսին էին զգացողությունները  հաղթանակից հետո, երգչուհին պատասխանեց. «Հուզմունք եւ մեծ ուրախություն»:

Ի դեպ, վոկալ մրցույթին մասնակցելու որոշումը եղել է հենց Լուսինեինը:

SOFIA GRAND PRIX 2019-ը երգի միջազգային  մրցույթ-փառատոն է, որին մասնակցել են կատարողներ Սերբիայից, Ուկրաինայից, Հայաստանից, Բելգիայից եւ այլ երկրներից:

Back to top button