ԿարևորՀասարակություն

Բեկորի հետ ու առանց նրա. Արցախի հերոս Աշոտ Ղուլյանը 60 տարեկան է

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

«Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Աշոտ Ղուլյանը դարձավ 60 տարեկան։ Արցախի հերոսին բոլորը գիտեն պարզապես Բեկոր կամ Ասկոլկա անունով: Աշոտ Ղուլյանը «հերոս» բառի վերաբերյալ այլ պատկերացում ուներ: Ինչպես այդ մասին ասել է նրա մարտական ընկերներից մեկը՝ «իսկական հերոսը նա է, որը ոչ միայն հանուն հայրենյաց մարտերի, այլ ընդհանրապես իր ապրած կյանքում հավատարիմ է մնում ճիշտ ապրելու և արդար ուղիով քայլելու սկզբունքին»: Ու Աշոտ Ղուլյանն ապրեց կարճ, բայց  հերոս բառի իր պատկերացման նման: Բեկորի հետ ու առանց Բեկորի՝ պատմում է նրա կյանքի ընկերը՝ կինը Նելլի Ղուլյանը:

Աշոտ Ղուլյանն ամուսնացել է 1985  թվականին՝ տիկին Նելլիի հետ, ստեղծել հայկական ավանդական ընտանիք, որը պետք է խաղաղ պայմաններում վայելեր որդիների չարաճճիությունները, գրասեղանի առջեւ նստած՝ ամուսիններով թերթեին նրանց առաջին այբբենարանը, միասին եւ միմյանց օգնելով անցնեին որդիների դեռահասության բարդ ու հախուռն օրերը, գնային բանակ, խնամախոսության, վայելին թոռների ժպիտները: Բայց այդպես չստացվեց, որդիներն ու տիկին Նելլին անցան այդ ճանապարհով, բայց առանց հոր՝ Աշոտի, առանց նրա ջերմության, դժվարին օրեր ապրելով: Պատերազմը Աշոտ Ղուլյանի ընտանիքում սկսվել է 1987 թվականին: Ինչպես տիկին Նելլին է պատմում, երբ Ստեփանակերտում դեռ չէին կազմակերպվում հավաքներ, չէին հնչում անկախության կոչեր, Աշոտը այդ ամենը կանխատեսում էր ու վստահ էր, որ խիզախ հորդորներով ու մեղմ աղերսներով երկիր չես ստեղծի, այն պետք է ձեռք բերել համառ ու տեւական կռվով:

«1985 թվականին ընտանիք կազմեցինք, 1986 թվականին ծնվեց մեր առաջնեկը: Իսկ արդեն 1987 թվականից ինքը տանը չէր լինում։ Եթե պաշտոնապես Ազգային ազատագրական շարժման սկիզբը համարվում է 1988 թվականի փետրվարը, մեր ընտանիքի համար վաղ սկսեց: Ճիշտ է, չգիտեինք, թե ինչ է անում Աշոտը, բայց հաճախ բացակայում էր, գաղտնի հավաքներ էին կազմակերպում, ստորագրություններ էին հավաքում, պատրաստվում էին պատերազմի: Այսպիսի մի դեպք պատահեց մի օր: Արցախի հեռուստատեսությանը մի քանի ժամ էր տրամադրվում, որն էլ անընդհատ ադրբեջանցիները Շուշիից ընդհատում էին, խանգարում: Նեղվեցի, ասեցի, էս ինչ է: Ասեց, ոչինչ, քիչ մնաց, հեսա որ Շուշին ազատագրենք էլ ըտենց չի լինի:  Ասեցի, ոնց պետք է ազատագրենք, էտ ինչ ես ասում, պատասխանեց՝ պատերազմ է լինելու: Սովետական Միությունում ծնված մարդու համար խոսքերը ոնց որ  սառը ցնցուղ լինեին: Ասեցի, բա երեխաները, բա մենք, ինչ պատերազմի մասին է խոսքը: Ու այդպես սկսվեց: Հիմնականում ինքը չէր երեւում՝ անցել էր գաղտնի իր գործունեությանը»:  

Իսկ գաղտնի գործունեությունը՝ զենք պատրաստելն էր: Մեկ քայլ առաջ մտածելով զարգացող իրադարձությունների մասին՝ Աշոտ Ղուլյանը ձեռնամուխ եղավ իր իսկ գծագրած զենքի ստեղծմանը։ Զինագործ ընկերների հետ միասին ստեղծեց ականանետ, առաջին փորձարկումը կատարեցին Արա լեռան լանջին։ Այստեղ էլ Ստեփանակերտի վաշտի ապագա առաջին հրամանատարն առաջին անգամ վիրավորվեց։ Վիրավորվեց պարանոցի շրջանում, կլինիկական մահ տարավ: Կոկորդային հատվածում այնքան շատ էին բեկորները, որ բժիշկը չէր իմանում, ինչպես բոլորն անվտանգ հեռացնի։ Բեկորներն այդպես էլ մնացին հերոսի մարմնում։ Փորձարկումից հետո Աշոտ Ղուլյանը վիրակապով գնացել էր տուն, պետք է որդու տարեդարձին մասնակցեր: Ինչպես տիկին Նելլին է հիշում ՝ Աշոտն աշխատում էր ուր էլ լիներ, ինչ վիճակում էլ լիներ որդիների ծննդյան օրերին չբացակայել: Ցավոք, Աշոտը ներկա չգտնվեց նրանց կրտսեր որդու՝ Բեկորի ծնունդին:

«Ցավոք սրտի ամեն անգամ գալիս էր կամ ոտքից վիրավորված, կամ կոկորդից, ձեռքից, կաղալով, փաթաթաններով փաթաթված: Իսկ ես ասում էի, հերիք է, մենակ դու չես: Ասում էր, բոլորիս համար է, Արցախի համար է, մեր երեխաների համար է: Մեզ տեղափոխել էր հայրական տուն՝ Խնձրիստան, եւ իրեն հետապնդողների, բոլորի աչքից հեռու  շարունակում էր զենք սարքել։ Մեր տունը գտնվում էր բարձրադիր հատվածում, որտեղից երեւում էր ամբողջ գյուղը: Դժվար տարիներ էին, գյուղը դատարկվում էր, քանի որ հակառակորդի օդուժի հարվածները չէին դադարում: Մեր հարազատները, բնակիչները ասում էին, ինչի դուրս չեք գալիս, գոնե երեխաներին հանեք գյուղից: Ինձ անընդհատ ասում էր, հանկարծ տան լույսը չանջատես, մարդիկ պետք է տեսնեն, որ մենք ապրում ենք, մեզ նայողները շատ են: Պետք է մենք մնանք, որ մարդիկ գյուղը չլքեն»:

Խնձրիստանի տան լույսը այդպես էլ տիկին Նելլին չմարեց, ինչպես որ հանձնարարել էր ամուսինը, վառած թողած դուրս եկավ, երբ արդեն Բեկորը զոհվել էր Դրմբոն գյուղի ազատագրման ժամանակ։ Զոհվել էր, բայց կատարել խոստումը՝ ընկերների հետ գրավել էր Շուշիի բերդը։ Դա Ստեփանակերտի առաջին վաշտի ու նրա հրամանատարի միակ հաղթանակը չէր: Արցախցիները վերհիշում են, երբ տեղեկանում էին, որ մարտական գործողությունների ամենաթեժ կետում կռվում են առաջին վաշտի տղաները, հանգստանում էին, ու վստահ էին, որ հաղթանակած են վերադառնալու: Բեկորն իր ընկերների հետ մասնակցել է Ասկերանի, Հադրութի, Շահումյանի, Խոջալուի, Կրկժանի, Լեսնոյի, Քարինտակի, Լաչինի, Մարտակերտի, Սրխավենդի ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին: Սխրանքների պսակն իհարկե Շուշիի ազատագրման ռազմագործողությունն էր:

«Շուշիի ազատագրման ժամանակ ձեռքից վիրավորվեց: Ինձ համար ամենաանհանգիստ մարտերից մեկն էր, քանի որ Շուշիի դիրքը անհաղթահարելի էր ինձ թվում: Եվ գիտեի, որ միշտ առաջինը ինքն է շարժվում, զինվորներից առաջ, անհանգիստ էի: Իսկ մարտերից հետո ոչինչ չէր սիրում պատմել՝ ռադիոյից էինք տեղականում կամ էլ ընկերներից: Շուշիի ազատագրումից հետո հարցրեցի՝ թե ո՞նց գրավեցիք: Ասեց, ոչ մի բան, մենք նռնակները այս կողմից էինք նետում, իրանք այն կողմից, ոնց որ վոլեյբոլ խաղալուց լինեինք: Էդքանը պատմեց Շուշիից»:

Բայց հետո տիկին Նելլին իմացավ, որ մայիսի 7-ի գիշերը Բեկորի վաշտն առաջինը մոտեցավ բերդի մատույցներին եւ անվախ հրամանատարն առաջինը մտավ բերդ: Իսկ մայիսի 8-ի առավոտյան 6:30-ին նա  հեռակապով կապվում է Արկադի Տեր-Թադևոսյանի հետ՝ Կենտրոնական շտաբ, և հաղորդում, որ հայտնեն ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատարին, որ ինքը նստած է Շուշիի բերդի պատին ու սպասում է տղաների բարձրանալուն։ Շուշինն այսօր զբոսաշրջիկների նախընտրելի վայրերից է, իսկ Դրմբոն գյուղն ազատագրված՝ ուրախությամբ ասում է տիկին Նելլին:  

Արցախի հերոս  Աշոտ Ղուլյանի երեք որդիներն էլ ընտանիք են կազմել: Հմայակն ու նրա մահից հետո ծնված Բեկորը Աշոտներ ունեն, Արթուրը՝ հրաշք աղջիկներ։ Որդիները  շարունակում են հերոսի ռազմական գործը։ Ծառայում են ՊԲ-ում: Տիկին Նելլիի բնութագրմամբ, երեք որդիններն էր հայրիկից ժառանգել են բնավորության ամենալավ գծերը՝ խելացի են, նվիրված, ընտանիք, հող սիրող հայրենասերներ են: Իսկ թոռները՝ իսկապես Աշոտներ են՝ ասում է տիկին Նելլին, ու պատմում, որ Բեկորի որդին այսօր հաճախում է պապիկի անունը կրող Ստեփանակերտի թիվ երկու միջնակարգ դպրոցը եւ մասնակցում Աշոտ Ղուլյան հերոս պապիկին նվիրված բոլոր միջոցառումներին:

Աշոտ Ղուլյանի 60-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակ տիկին Նելլին ամուսնու մարտական ընկերներից նորանոր պատմություններ է լսել ու զարմացել։ Օրինակ չի իմացել, որ դաշնակցական ազատամարտիկը չի ընդունել կուսակցության կողմից տրված «մայոր» կեղծանունը, առաջարկել է փոխել, որին ավելի ուշ են ընդառաջ գնացել կուսակցությունում եւ ընդունել Բեկոր անունը: Իսկ ըստ շրջանառվող լուրերի, մարտական անունը Աշոտը ստացել էր դեռևս նախապատերազմյան շրջանում, երբ 5 հոգով Շահումյանից Ստեփանակերտ զենք տեղափոխելուց են լինում 5 տղաներից 4-ի անունը Աշոտ է լինում, ու որպեսզի խոսելիս միմյանց տարբերեն, որոշում են բոլորին մականուն տալ։ Աշոտը, որը ինքնաշեն զենքեր փորձարկելիս շատ էր բեկորներ ստացել՝ անվանում են Ասկոլկա: Եվ այդպես Աշոտը դառնում է Ասկոլկա, այնուհետ՝ Բեկոր: Տիկին Նելլի տեղեկությամբ, պատերազմական գործողությունների ժամանակ միմյանց միջեւ հեռահար կապի հաստատման ժամանակ անընդհատ ասել են. «Ասկոլկան այստեղ է, այնտեղ է», ու հակառակորդը բացահայտել է գաղտնի կոդավոումը, եւ Ասկոլկան դարձել է Բեկոր: Տիկին Նելլին, անվան վերաբերյալ նաւե վերհիշում է. Աշոտը մի օր գալիս է տուն, զարմացած հարցնում՝ գիտե՞ս բեկոր ինչ է նշանակում: Կնոջ պատասխանը լսելուց հետո՝ հայտնում՝ այսուհետ ինձ Բեկոր են ասելու:

Տիկին Նելլիին չի շտապում, բայց եւ մտածել է Աշոտ Ղուլյանի եւ պատերազմական օրերի մասին իր հիշողությունները սերունդներին թողնել, հանձնել թղթին։ Այսօր խնամքով Բեկորի անկյունում պահվում են մեծ արժեք ներկայացնող նրա ձեռքով գծված զենքերի գծագրերը, որոնք զարմացրել են անգամ մասնագետներին՝ թե ինչպես կարող է մասնագիտական կրթություն չունեցող մարդը նման գծագրեր գծել։

Back to top button