ԿարևորՀասարակություն

Մաճառի փառատոն՝ Մրգաշատում

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում մեկ տասնյակից ավելի նշում են մաճառի տոնը, որ զուգակցվում է բերքի տոնով: Այս տոնին գյուղացիները հաշվետվություն են ներկայացնում իրենց տարվա չարչարանքի արդյունքներով: Մրգաշատցիները չեն բողոքում, վերջին բերքը՝ խաղողը հավաքել են, մթերել ու վաճառել, մնացածն էլ ճզմել գինու համար: Իսկ մինչև գինի դառնալը նրանք որոշել են համտեսել մաճառն ու հյուրասիրել: 

Մաճառի կամ չհասունացած գինու փառատոնն Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում արդեն 14 տարի նշվում է հոկտեմբեր ամսի 2-րդ շաբաթվա ուրբաթ օրը: Օրը պատահական չէ, այն պայմանավորված է այգեկութի ավարտի և խաղողից գինի ստանալու միջանկյալ ժամանակահատվածի հետ:  Մաճառի փառատոնի հիմնադիրը Մրգաշատ համայնքի ղեկավար Գևորգ Դանիելյանն է.

«Տոնում ենք, քանի որ արդեն բերքի 90 տոկոսը հավաքել ենք: Էս տարի շնորհակալ ենք ամեն ինչից՝ մթերման համար, շնորհակալ ենք աստծուց, որ աղետներ չեղավ, նորմալ բերք ենք ստացել, նորմալ բերք ենք հանձնե, խաղողի մաճառն արդեն պատրաստա, մաճառը երկար չենք կարա պահե, դրա համար էլ հիմի ենք նշում»:

Մրգաշատցիները պատմում են, որ իրենց տան նկուղներւմ գինու տակառներն անպակաս են եղել, այգիներից խաղողի  բերքը լցրել են հնձանը, տրորել ու թողել խմորվի, գինին չեն վաճառել, իրենք են խմել և հյուասիրել: Ավանդույթը շարունակվում է, բայց մինչև գինի դառնալը համտեսում են խաղողի գազավորված հյութը՝ մաճառը.

«Մաճառը ստանում ենք շատ հեշտ ու հասարակ. ընդամենը ճմլում են խաղողը և թողնում, խմորման պրոցեսում, եթե տաք պայմաններ են, մի շաբաթում կսկսվում է էդ կծվծոցը՝ գազերի առկայության ներքո, էսպես ասած՝ բնական լիմոնադ, առանց արհեստական գազի»:

«Եթե շաքարայնությունը բարձրա, ինք կարա 7-8-րդ օրը  նոր սկսի եռման պրոցեսը,  եթե թույլա՝ 2-3-րդ օրն էլ կսկսի աշխատել, պլյուս եղանակը՝ ինչքան շոգ, էնքան արագ»:

«Խաղողը լրիվ չի թթվեցվում, որ դառնա գինի, կիսախմորված վիճակում մատուցվումա»:

Մաճառի փառատոնին հանդիպեցի մրգաշատցի նորարար խաղողագործ Երեմ Առաքելյանին, ով աշխարհի տարբեր անկյուններից բերած խաղողի նոր սորտեր է մշակում: Նա համտեսման էր բերել առաջին անգամ ստացած գինին, ասում է յուրահատուկ համ ունի և որոշել է գինու «Երագիս» ապրանքանիշ ստեղծել

«Երագիս՝ Երեմի այգի ԳԻՍ սորտի խաղող: Սա սև քիշմիշն է գինու համար, ստացել եմ մի հրաշալի  արոմատով գինի: 25 օր առաջ քաղել, ճզմել եմ, ինքը եռաց, նստեց, քամել եմ: Սա ուզումեմ ներկայացնել, որպես այլընտրանք Արենիին»:

Մաճառի փառատոնը Մրգաշատում զուգակցվում է բերքի տոնի հետ: Գյուղացին այս կերպ հաշվետվություն է ներկայացնում գյուղատնտեսական տարվա մասին: Մրգաշատի 46 տարվա բժիշկ Ամար Մամոյանն այսպես է գնահատում գյուղատնտեսական տարվա ավարտն ու մաճառի տոնը

«Մրգաշատցին աշխատասեր, բերք ու բարիք ստեղծող ժողովուրդ է, գինու օր է, այսինքն՝ հողի օր, արևի օր,աշխատանքի օր: Սա մի յուրօրինակ հաշվետվությունա, թե գյուղացին ինչ է ծրագրել գարնանը և աշնանը ինչ է ստանում: Ստանում  է էն, ինչը դուք տեսնում եք մեր սեղաններին»:

Գյուղի կենտրոնում կրթական ու առողջապահական հաստատությունները բացվել էին մեծ սեղաններ՝ մրգերով, ավանդական ուտեստներով ու անուշեղեններով:

Արմավիրի 27-ամյա մարզպետը, ով  10 տարի առաջ  դեռ դպրոցական էր,  բաժակ բարձրացնելով՝ մրգաշատցի ավարտական դասարաններին մաղթեց նպատակների իրականացում.

«Ես երեխաներին, աշակերտներին մաղթել եմ, որպեսզի իրենք հասնեն իրենց նպատակներին, դա առաջին հերթին,  անկախ նրանից, թե էդ նպատակներն ինչ կլինեն և որ բուհերում սովորելու ցանկություն կունենան: Լավագույն բուհ ասելով, նկատի ունեմ մեր Հայաստանի Հանրապետության բուհերը, նաև արտասահամանյան բուհերը: Ես շատ ուրախ կլինեմ, որպեսզի մեր աշակերտները իրենց կրթությունը շարունակեն, այնուհետև վերադառնան մեր մարզ և փորձեն մեր հետ միասին շենացնեն մեր մարզը»:

 Ռադիոլուրի հարցին՝ մաճառն ինչպիսին էր, ինչ համ  զգացիք՝  մարզպետը պատասխանեց.

«Ես վստահաբար կարող եմ ասել, որ ամենալավ մաճառն ենք այսօր մենք փորձում մաճառի տոնին, Մրգաշատ համայնքում, ամենալավագույն մաճառը»:

Մրգաշատցիներին մարզում և ամենուր ճանաչում են գեչռլեցի անվամբ, ինչու Գեչռլու, համայնքի նախկին անվանումը ստուգաբանում է  Մանուշակ Գևորգյանը.

«Գեչռլու թուրքերենից թարգմանված գեչի՝ այծ, այսինքն՝ այծատեղի: Նախկինում այստեղ արոտավայրեր են եղել և այծեր են պահել: Գեչռլու անվանումը հետո բնակեցումից հետո կոչվել է Մրգաշատ, որովհետև մրգատու ծառերով է ավելի շատ, իրոք մրգաշատա, ամեն ինչով լի»:

Մրգաշատցիների բերքի ու մաճառի տոնը ուղեկցվում էր երգ ու պարով, խաղողի ճզմման տեսարանով, լարախաղացով, իսկական տոն էր, որտեղ հյուընկալվել էին շատ ճանաչված մարդիկ:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close