ԿարևորՄշակույթ

System of a Down ռոք խումբը` Սևանի հատակում, և բրոնզաձույլ դռնով Հայաստանի առաջին եկեղեցին՝ Վարդենիսում

Քանդակագործ Հայկ Թոքմաջյանը հեղափոխական երկու նախաձեռնություն ունի. Վարդենիս գյուղի մատուռի՝ նրա հեղինակած  բրոնզաձույլ դուռը պարզվում է` բացառիկ է, քանի որ Հայաստանում որևէ եկեղեցի բրոնզաձույլ դուռ երբևէ չի ունեցել։ Հայկ Թոքմաջյանի հեղափոխական մյուս նախագիծը վերաբերում է System of a Down-ին: Նա պատրաստվում է ռոք խմբին նվիրված բետոնե քանդակը ցուցադրել Սևանի հատակում։ Գաղափարով ոգևորված են հատկապես դայվինգի սիրահարները։

Ապարանի տարածաշրջանի Վարդենիս գյուղի Նարեկ մատուռը մինչև վերջերս հայտնի էր միայն տեղացիների շրջանում՝ որպես սիրելի ուխտավայր։ Մատուռն այսօր միակն է, որն ունի բրոնզաձույլ դուռ։ Հեղինակը՝ քանդակագործ Հայկ Թոքմաջյանը, վստահեցնում է․

«Ես շատ եմ ուսումնասիրել՝ ինչ ենք ունեցել բոլոր ժամանակներում։ Հայաստանի տարածքում երբևէ նման բան չի եղել։ Փոքր-ինչ կասկածում եմ կիլիկյան ժամանակաշրջանում կառուցված հայկական եկեղեցիների մասով, բայց դրանք էլ չեն պահպանվել»։

Հայկական եկեղեցիներն ավանդաբար փայտե դռներ են ունենում։ «Փայտը էժան է, թեթև, ցեղասպանությունից հետո մարդիկ անգամ իրենց հետ են տարել եկեղեցու դուռը՝ որպես սրբազան մասունք։ Բրոնզը ծանր է, նաև թանկ հաճույք է»,- ասում է քանդակագործը։ Վարդենիս գյուղին այս թանկ «հաճույքը» պարգևել է «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը՝ ի դեմս նախագահ Արթուր Ջանիբեկյանի։ Վարդենիսը նրա պապենական գյուղն է։  

Նորամուծության հիմքում միայն նյութը չէր, նաև գաղափարը։ Քանդակագործի համոզմամբ՝ եկեղեցու դուռն  իրականում ավելի մեծ խորհուրդ ունի, քան պատկերացնում ենք․ հոգևոր տարածքի հետ մարդու շփումն առաջին հերթին դռան միջոցով է տեղի ունենում, հետևաբար առաջին տպավորությունը կարևոր է․ Թոքմաջյանի ստեղծած բրոնզաձույլ դուռը խորհրդանշական պատկերների մի ամբողջ համադրություն է.

«Առաջին մեծ պատկերում քրիստոնեության հայտնի թեմաներից մեկն է՝ Քրիստոսին խաչից իջեցնելու տեսարանը, որը փորձել եմ արտահայտել  նորովի։  Իմ խնդիրն էր ստեղծել մի գործ, որը նաև այսօրվա համար է և ներկայացնում է նաև մեր պատմությունը»։

Բրոնզաձույլ դռան պատկերներում մեր պատմության խորհրդանիշ դարձած կարևորագույն կերպարներն են՝ Լուսավորիչ, Մաշտոց, Խորենացի, Կոմիտաս և, իհարկե, Նարեկացի։ Կոմպոզիցիայի հիմքում ընդհանրապես Նարեկացին ու նրա «Մատյան ողբերգությունն» է, իսկ դուռը ընդհանրապես խորհրդանշական է՝ որպես «Մատյանի» թերթվող էջերից մեկը։

Քանդակագործը չի բացառում, որ «Մատյանի» թերթվող էջերը ՝ դռան տեսքով, շարունակություն ունենան նաև այլ եկեղեցիներում։ Եկեղեցու դռան շուրջ նման ոգեղեն զրույցից հետո դժվար էր չանդրադառնալ որոշ եկեղեցիներում հանդիպող եվրադռներին ու պատուհաններին։ Դրանք խոցում են նաև քանդակագործի աչքը:

Հայկ Թոքմաջյանի հեղափոխական ևս մեկ  գաղափարի մասին․ Հայաստանի Արմդայվինգ սուզորդների ակումբի անդամների առաջարկությամբ 2017-ին նա նախաձեռնեց   System of a Down ռոք խմբին նվիրված քանդակի ստեղծումը, որը տեղադրվելու և ցուցադրվելու էր Սևանի հատակում։ Ո՞ր փուլում է այսօր նախաձեռնությունը, հարցին քանդակագործն արձագանքում է․ «Գիպսե բնօրինակն արդեն պատրաստ է։ Անելու ենք, պարզապես ժամանակի խնդիր է»։

Թոքմաջյանի վստահեցմամբ՝ բնապահպանական առումով քանդակը միանգամայն անվտանգ է։ Հենց այդ նպատակով էլ բետոնից է պատրաստվում,  քանի որ բետոնը   ջրի մեջ արտադրում է  նվազագույն քանակությամբ տոքսիկ նյութեր:

Back to top button