ԿարևորՔաղաքական

Պատշաճ չէ այս ձևաչափն օգտագործել՝ պատմությունը խեղաթյուրելու համար. Փաշինյանը՝ Ալիևին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշխաբադում՝ ԱՊՀ անդամ-պետությունների ղեկավարների նիստի ժամանակ, արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին: Ալիևը հիշատակել էր հայ ռազմա-քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի անունը:

Փաշինյանն ընդգծել է, որ Ալիևի ելույթում պատմական իրադարձությունների սուբյեկտիվ մեկնաբանման փորձ կա:

«Իլհամ Հեյդարովիչի ելույթից տպավորություն է ստեղծվում, թե Հիտլերը երկրորդական դեր է խաղացել, և նացիստական շարժման առաջնորդը եղել է Գարեգին Նժդեհը: Իսկ իրականությունն այն է, որ Գարեգին Նժդեհը պայքարել է Հայաստանի թուրքական օկուպացման դեմ, Հայոց ցեղասպանության դեմ, և իրականությունն այն է, որ հայ-թուրքական պատերազմի ժամանակ Գարեգին Նժդոհը բազմաթիվ ռուս սպաների հետ ռազմաճակատի շատ կարևոր հատված էր ղեկավարում: Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել՝ կարևոր է, որ մենք պատմության օբյեկտիվ գնահատականն ունենանք: Գարեգին Նժդեհը մահացել է Վլադիմիրի բանտում: Խորհրդային շատ գործիչներ են մահացել այդ բանտում, Սոլժենիցինը Գուլագում էր: Մենք կարծում ենք, որ նրանք, ովքեր դատապարտվել են 37-50-ական թվականներին, բոլորն ազգի թշնամի՞ են: Եթե այդպես է, ապա բազմաթիվ ականավոր գործիչներ դատապարտված են եղել և իրենց կյանքն ավարտել են բանտում: Բայց դա չի նշանակում, որ մենք այդ ամենը պետք է իբրև փաստ ընդունենք»,- ասել է նա:

ՀՀ վարչապետը նշել է, որ տեղին չէ, պատշաճ չէ այս ձևաչափն օգտագործել՝ պատմությունը խեղաթյուրելու և կարևոր նիստի միջավայրում լարվածություն մտցնելու համար: Նա նաև հավելել է, որ Հայաստանում հատուկ ուշադրություն է հատկացվում պատերազմի վետերաններին, և բոլորովին վերջերս կառավարությունն ավելացրել է նրանց հատկացվող նպաստի չափը:

ԱՊՀ պետությունների ղեկավարների՝ Թուրքմենստանում կայացած հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դժգոհել է, որ Երևանում տեղադրվել է Գարեգին Նժդեհի արձանը։ Նա դժգոհել է, թե հետխորհրդային տարածքում տեղադրվում են ֆաշիստներին հերոսացնող կոթողներ։

Back to top button