ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Հայկական բանակը՝ մեր անվտանգության միակ վստահելի երաշխավոր. թուրքական գործողության դասը

Մառլենա Հովսեփյան
«Ռադիոլուր»

«Մեր անվտանգության միակ վստահելի երաշխավորը մեր բանակն է՝ մեր պետության հարատևման միակ գրավականը, Հայաստանում, Արցախում և Սփյուռքում մեր ժողովրդի միասնությունն է՝ միասնական նպատակների սահմանումը և դրանց տանող ճանապարհի հնարավորինս անցնցում և միասնաբար անցումը»,- նշում է արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանի համար Սիրիայում վերջին իրադարձությունների դասերը որոնք պետք է լինեն։

Տարբեր անվտանգային համակարգերում ներգրավվածությունը անշուշտ տալիս է անվտանգային երաշխիքներ՝ Թուրքիայի հետ հարևանության տեսանկյունից, փաստում է փորձագետը՝ հիշեցնելով, որ մերօրյա աշխարհում պետության անվտանգութունը չի նշանակում միայն ռազմական ուղղությամբ անվտանգության ապահովում։

«Հատկապես փոքր պետությունները պետք է փորձեն աջակցություն ստանալ տարբեր դաշինքների շրջանակներում։ Բայց Ռուսաստանի և Թուրքիայի բավականին բարձր մակարդակի հարաբերությունները և հնարավորություն է, և մարտահրավեր է մեզ համար՝ պայմանավորված այն հանգամանքով, թե հայ-թուրքական հարաբերությունների լարվածության որևէ փուլում Ռուսաստանը ինչ խնդիրներ կամ ինչ շահեր կունենա Թուրքիայի հետ»։

Արմեն Պետրոսյանի խոսքով, թուրք-սիրիական սահմանին անվտանգության գոտու ստեղծմամբ աշխարհաքաղաքական իմաստով Թուրքիան մի քանի խնդիրներ է լուծում, սակայն համաձայնում է այն դիտարկման հետ, որ հիմնական նպատակը էթնիկ զտումներն են։  

Back to top button