ԿարևորՔաղաքական

Կուսակցությունները կզրկվեն գաղտնի ֆինանսավորումից

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Կուսակցությունների մասին օրենքը եւ ԸՕ-ն առաջիկայում փոխվելու են: Խորհրդարանական մեծամասնությունը նախաձեռնել է փոփոխությունների քննարկումներ: Այս պահին արդեն ավարտին են մոտենում «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների մշակումը:

Հոկտեմբերի 18-ին մեծ խորհրդարանական լսումներ են կազմակերպվելու՝ դատին է հանձնվելու փաստաթղթի նախնական տարբերակը: Մինչ այդ՝ տարբեր խնդիրներին առնչվող ճյուղային քննարկումներ են եղել: Այսօր Աղջիկ երեխաների միջազգային օրվա առնչությամբ քննարկվել է կուսակցություններում եւ քաղաքական կյանքում կանանց մասնակցության հարցը: Խոսքը քվոտավորման մասին է: Կանանց իրավունքների համար պայքարողները պնդում են, որ խորհրդարանում կանանց մասնակցությունը պետք է հասցնել 40 տոկոսի:

Խորհրդարանական կուսակցությունների մոտ հստակ համաձայնություն է ձեւավորվում  բազմիցս քննադատված ռեյտինգային ընտրակարգը փոխելու հարցում: Վերջնական որոշում դեռ չկա, բայց կարծես գնում ենք 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Սա նշանակում է, որ խորհրդարանն ապագայում ձեւավորվելու է բացառապես կուսակցական ցուցակներով: Իսկ սա իր հերթին նշանակում է, որ նախ՝ պետք է կայանա կուսակցական համակարգը: «Լուսավոր Հայաստան»-ը երբեք չի թաքցրել՝ այն ինչ ունեինք մինչ այժմ՝ անընդունելի է:

«Տարիներ շարունակ ինչպիսի մոդել ենք ունեցել. օլիգարխների շուրջ ձեւավորված կուսակցություններ, որոնք ոչ թե հասարակության նվիրատվությունների շնորհիվ են գոյատեւում, այլ հակառակը՝ դառել են գործատու հասարակության անդամների համար եւ քաղաքացին սովոր է կուսակցություններից գումար ստանալ: Այս մոդելը չի կարող որեւէ կերպ լինել ժողովրդավարական»,- ասում է Լուսավոր Հայաստան խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:

Գործող կարգավորումներով՝ պետությունը պետբյուջեից որոշակի գումարներ է հատկացնում կուսակցություններին՝  համակարգը կայունացնելու եւ բիզնեսի ազդեցությունից ազատելու համար: Վերջին 10 տարիներին կուսակցություններին հատկացվել է մոտ 900 միլիոն դրամ: Իրականում, այդ գումարի առյուծի բաժինը՝ 70-80 տոկոսը գնացել է իշխող կուսակցություններին. «կուսակցությունների մասին» օրենքի փոփոխության աշխատանքային խմբի համակարգող պատգամավոր Համազասպ Դանիելյանի ունեցած տվյալներն են: Դեռ գործող օրենքով ունեցած կարգավորումները թույլ են տալիս կուսակցություններին իրենց հաշվետվությունները եւ ֆինանսական թափանցիկությունը ներկայացնել այն լույսի ներքո, որն իրենց հարմար է: Այս ամենը նախատեսվում է փոխել:

«Կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունը միտված է լինելու մի քանի խնդիրների հաղթահարմանը: Դա կուսակցությունների գործունեության համար ավելի նպաստավոր պայմաններ ստեղծելն է, որոշ դրույթներ մենք ազատականացնելու ենք միանշանակ»,- ասաց Համազասպ Դանիելյանը:

Այս պահին կուսակցությունները քննարկում են, թե ինչ մարմին պետք է հետեւի կուսակցությունների ֆինանսական թափանցիկությանը: ԱԺ կողմից ձեւավորվող Հաշվեքննիչ պալատն իրականում այդ իրավունքը չունի, քանի որ այդ կառույցն ուսումնասիրում է բացառապես պետբյուջեից հատկացումների արդյունավետ օգտագործումը: Կուսակցությունների դեպքում ֆինանսական մուտքեր լինում են աջակիցներից եւ կուսակիցներից:

Ստուգման մեխանիզմների շուրջ դեռ համաձայնության չեն եկել: ԲՀԿ-ից Սերգեյ Բագրատյան եւ «Իմ քայլ»-ից Համազասպ Դանիելյան.    

Սերգեյ Բագրատյան. Քաղաքական կուսակցությունների ֆինանսական հոսքերը, մուտքերը եւ ելքերը հատկապես քարոզարշավի ընթացքում ո՞ր կառույցը պետք է վերահսկի: Այս պահին վերահսկում է ԿԸՀ-ի կողմից նշանակված մարմինը: Ես առաջարկում եմ, որ Հաշվեքննիչ պալատը իրականացնի այդ գործառույթը: Իհարկե, տարբեր կարծիքներ կան՝ կոռուպցիայի դեմ պայքարող հանձնաժողովը եւ այլն, եւ այլն:

Համազասպ Դանիելյան. Կուսակցություններն ավելի մեծ չափով եւ կուսակցությունների մեծամասնությունը, ոչ միայն ծավալներն այլեւս թվային առումով ոչ պետական միջոցներով գոյություն ծավալող իրավաբանական անձինք են:

«Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների մեկ այլ ճյուղն առնչվում է կանանց իրավունքներին՝ ավելի մեծ մասնակցություն են պահանջում կուսակցական եւ քաղաքական կյանքում: Այս ուղղությունը համակարգում է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը: Թվարկում է՝ խորհրդարանում 132 պատգամավորից 31-ն է կին, աշխատում է մեկ կին նախարար, կին մարզպետ չունենք, 45 փոխնախարարներից 13 են կին եւ 37 դեսպանից 6-ը: Վերջին ընտրություններից հետո միջազգային կառույցների ուսումնասիրությունները փաստում են. քաղաքականություն մտնելու հարցում կանանց իրավունքները ամենաշատն ապահովել է «Լուսավոր Հայաստանն» իր կուսակցական ցուցակներով: Երկրորդ տեղում ԲՀԿ-ն է, երրորդում՝ «Իմ քայլը»: Ի՞նչն է խանգարել իշխող քաղաքական ուժին նոր կառավարությունում ընդգրկել ավելի շատ կանանց եւ ինչն է կանանց խանգարում մուտք գործել քաղաքականություն: Այս հարցերին պատասխանում են կին պատգամավորները՝ Լենա Նազարյանը «Իմ քայլ»-ից եւ Սրբուհի Գրիգորյանը «Լուսավոր Հայաստան»-ից:  

«Նման ցանկություն եւ ձգտում եղել է, բայց նաեւ եղել են օբյեկտիվ հանգամանքներ: Մենք երկար ժամանակ փնտրել ենք կին նախարարներ եւ չենք կարողացել գտնել այդ պահին, երբ կառավարություն ենք ձեւավորվել: Բայց մեր նպատակը եւ ձգտումը մնում է նույնը եւ մենք հիմա արդեն ստեղծում ենք օրենսդրական մեխանիզմներ, որպեսզի հետագայում, նույնիսկ եթե իշխանությունը փոխվի, կառավարություններ փոխվեն՝ մշակույթը ձեւավորվի: Որովհետեւ հաջորդ կառավարություններն արդեն հետքայլ չեն կարող անել»,-ասաց Լենա Նազարյանը:

«Կնոջ խոսքի պակաս կա ավագանուց սկսած: Այո, կանայք շատ հաճախ զսպող գործոն են դառնում: Տեսականորեն բոլորը պատրաստ են շահագրգռել, բայց անգամ իրենց գործնականում պատրաստ չեն մտնել քաղաքականություն: Վերջերս մենք տեսանք Արփինե Հովհաննիսյանի նկատմամբ արտահայտությունները: Դա էլ է պատճառ, որ շատ կանայք չեն մտնում քաղաքականություն, մտածում են՝ իրենք էլ կփոխվեն, իրենց մասին էլ ինչ- որ բան կասեն»,- նշեց Սրբուհի Գրիգորյանը:  

«Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների ճյուղային քննարկումները մոտենում են ավարտին: Մի քանի օրից՝ հոկտեմբերի 18-ին, արդեն խորհրդարանական մեծ լսումներն են բոլոր կողմերի մասնակցությամբ: Փոփոխություններ նախաձեռնողները հենց սկզբից ծրագրել էին, որ փոփոխությունների նախնական փաթեթը ձեւավորված պետք է լինի մինչեւ այդ ժամկետը:   

Back to top button