ԿարևորՔաղաքական

Ինչու է ձգձգվում Քոչարյանի գործով դատավարությունը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Բոլորս էլ ակնկալում էինք, որ այս քրեական գործն իր առանձնահատկություններով դժվարություններ կստեղծի ընթացակարգային առումով եւ այդպես էլ կա՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարել է գործով փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը: Ըստ նրա՝ դատարանից դուրս աղմուկ են անում, որպեսզի դատարանում իրենց խոսքը հասանելի չլինի:

Սեդա Սաֆարյանի բարձարացրած հարցերի վերաբերյալ «Ռադիոլուրը» պարզաբանումներ է խնդրել նաեւ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանից:  

Զարմանալի չէ, որ դատարանում հիմնականում պաշտպանական կողմի խոսքը լսելի է լինում՝ հայտարարեց Մարտի մեկի գործով փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը: Նա դժգոհելով հավելեց, թե դատարանից դուրս հավաքվածների նպատակն է ընդամենը աղմուկով խաթարել դատական գործընթացի բնականոն հունը:

«Հաջողվում է ե՛ւ աղմուկ ստեղծել, ե՛ւ մինչեւ դատարանի դահլիճ գալը հասցնել ստեղծել այնպիսի խառնաշփոթ, որը ազդող լինի քո պաշտպանունակության վրա: Սրանք բոլորը իրական դժվարություններ են, բայց ազդող չեն այն աստիճան, որ դու չկարողանաս գործի ժամանակ մասնակցել այնպես, ինչպես հարկն է»:    

Հարցի հետ կապված խնդրեցի նաեւ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանի պարզաբանումը: Նա շեշտեց, որ դատարանի դիմաց երկու կողմերից մարդիկ են հավաքվում եւ չի կարող մեկնաբանել նրանց գործողություններն ու նպատակները: Ինչ վերաբերում է դատավարության ընթացքի վրա դրսում հավաքվողների գործողությունների ազդեցությանը: Այս մասին հարցին ի պատասխան Հայկ Ալումյանն այսպես արձագանքեց. 

«Ներսի աշխատանքներին հավաքվածները չեն խանգարում: Ներսում ընդհանրապես լսելի չէ այն, ինչը կատարվում է դրսում»: 

Սեդա Սաֆարյանն այսօր նաեւ հայտարարեց, թե, ըստ էության, պաշտպանական կողմն ամեն ինչ անում է, որպեսզի դատաքննությունն ուշ սկսվի եւ մեղադրական եզրակացությունը չհնչի եւ մեղադրական եզրակացության մեջ ներառված փաստական հանգամանքների կապակցությամբ իրենց դիրքորոշումները չբարձրաձայնվեն ու ապացույցների հետազոտում տեղի չունենա:

«Եթե ապացույցների հետազոտում լինի ու հրապարակվեն շատ ապացույցներ, բոլորը կտեսնեն, որ մենք իրականում, մինչեւ դատաքննության այս փուլը ինչ-որ հայտարարել ենք ճիշտ ենք հայտարարել եւ ինչ հայտարարել ենք գործի նյութերից բխում է: Այս առումով՝ էլի կձգեն, ինչ հնարավոր լինի կանեն. Առանձին-առանձին միջնորդություններ կներկայացնեն, որպեսզի այս գործընթացը դժվարանա: Ես կարծում եմ, որ դատարանը պետք է կտրուկ գործողությունների գբնա այս առումով»:

Մեզ հետ հեռախոսազրույցում հակադարձելով Սեդա Սաֆարյանի այս հայտարարությանը՝ Հայկ Ալումյանը շեշտեց, որ դատավարությունը հատուկ ձգձգելու որեւէ նպատակ եւ ցանկություն, որեւէ պատճառ  պաշտպանական կողմը չունի: Ապա նաեւ հավելեց.

«Բայց, միաժամանակ, այն գործողությունները՝ այս նախապատրաստական փուլի այն գործողությունները, որոնք անհհրաժեշտ ենք համարում իրականացնել՝ իրականացնելու ենք՝ անկախ նրանից ում դա դուր է գալիս, ում դա դուր չի գալիս, ով դրա տակ ինչ է տեսնում, կամ՝ ինչ չի տեսնում: Եթե դա անհրաժեշտ ենք համարում անել, այդ թվում նաեւ այս միջնորդությունները, որոնք հիմա ներկայացնում ենք, մենք դա բոլոր դեպքերում անելու ենք, դա մեր իրավունքն է՝ մի կողմից, եւ մյուս կողմից՝ որպես պաշտպան մեր պարտականությունն է»:   

Անել այն ամենը, ինչը տվյալ փուլում պետք է անենք, որովհետեւ հետագայում արդեն օրենքով դրա իրավունքը չենք ունենալու՝ պարզաբանեց Հայկ Ալումյանը՝ համոզմունք հայտնելով, թե դա Սեդա Սաֆարյանին էլ դա հայտնի է, ուրիշ հարց է, թե ինչու է ինքը դա այդպես ներկայացնում՝ եզրափակեց հարցը պաշտպանը:

Սեդա Սաֆարյանը նաեւ հայտարարեց, որ այս դատավարության ընթացքում ամենակարեւոր խնդիրներից մեկը համարում է գործով անցնող առանցքային վկաների հոգեվիճակի խնդիրն է եւ նրանց անվտանգությունն ապահովելու անհրաժեշտություն կա: 

«Առավել եւս, ցավում եմ, որ Հայկ Հարությունյանի հետ այս ամենը եղավ: Ես կարծում եմ, որ եթե Հայկ Հարությունյանի … հոգեվիճակն ասեմ … ուշադրության կենտրոնում լիներ՝ որպես առանցքային վկա, կամ առանցքային դեր ունեցող մարդու, սա չէր պատահի; Իմ կարծիքով՝ սա չէր պատահի: Պիտի պաշտպանել այս վկաներին, որպեսզի կարողանանք այս վկաներին լսել դատարանում եւ պատշաճ հետազոտել կողմի, կողմերի հարցադրումները լսել, որպեսզի որեւէ կողմ չշահարկի»:   

Այս տեսանկյունից մի տեսակ բարձիթող վիճակ տեսնում ենք, ինչը մեզ մտահոգում է՝ հավելեց Սեդա Սաֆարյանը: Նրա խոսքով՝ դատարանն ունի վկաների նկատմամբ պաշտպանության միջոց ձեռնարկելու լծակ եւ դա պետք է գործարկի:  

Եթե Սեդա Սաֆարյանը այդպիսի անհրաժեշտություն է տեսնում, ապա՝ կա դատավարական համապատասխան ընթացակարգ, որը հայտնի է նաեւ Սեդա Սաֆարյանին՝ մեզ հետ հեռախոսազրույցում նշեց Հայկ Ալումյանը: Խոսքը՝ միջնորդություն ներկայացնելու մասին:

«Կա ընթացակարգ: Այդ դատավարական ընթացակարգը դեռ չօգտագործած, ես չեմ կարծում, թե իմաստ ունի հարցը ներկայացնել էնպես, իբրեւ թե, արդեն բարձրացված է եղել էդ հարցը, իբրեւ թե, դատարանը արդեն իր պարտականություններն էդ առումով չի կատարել: Մի հատ թող փորձի, այնուամենայնիվ, ներկայացնել պատշաճ իրավական ընթացակարգով»:   

Եթե կասվի, թե կոնկրետ ո՞ր վկաների մասին է խոսքը եւ ի՞նչ հիմնավորմամբ ու մենք տեսնենք, որ Սեդա Սաֆարյանը ողջամիտ փաստարկներ է բերում, ապա միգուցե մենք էլ միանանք այդ միջնորդությանը, ինչու՞ չէ. չկա այնպիսի մեկ վկա, որ իր միջնորդությանը մենք առարկելու ինչ-որ պատճառ ունենանք՝ այս վստահեցմամբ եզրափակեց Հայկ Ալումյանը:

Back to top button