ԿարևորՎերլուծական

Թուրքիան սպառնում է Եվրոպային. «Խաղաղության աղբյուրի» երրորդ օրը

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Երրորդ օրն է, ինչ Թուրքիան շարունակում է Սիրիայի հյուսիսային հատվածում քրդերի դեմ «Խաղաղության աղբյուր» անունը կրող ռազմական գործողությունը:

Թուրքիայի ռազմական գերատեսչությունն այսօր հայտարարել է, որ ռազմական գործողության արդյունքում չեզոքացվել է 342 գրոհային: Այսպես է որակում Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը քուրդ զինյալներին:

Թուրքիայի բանակից բացի գործողություններին ներգրավված է նաև Սիրիայում Թուրքիայի աջակցությամբ գործող «Սիրիայի ազգային բանակ» զինյալ խմբավորումը:

Երեք օր է աշխարհը քննադատում է Թուրքիայի գործողությունները, բայց դեռ միայն քննադատում եւ կոչ անում դադարեցնել՝ ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում:

Արաբական պետությունների լիգան, որին անդամակցում է արաբական 22 երկիր, ընդունել է Եգիպտոսի կոչը, այն է՝ հրատապ քննարկել Սիրիայի տարածքում Թուրքիայի ռազմական գործողությունները։ Ըստ պաշտոնական Կահիրեի՝ արաբական պետության ինքնիշխանության վրա տեղի է ունեցել բացահայտ հարձակում, ինչն անընդունելի է:

Արաբական երկրների արտգործնախարարները կհավաքվեն Եգիպտոսի մայրաքաղաքում վաղը։

ՀՀ-ում ԱՄԷ արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին հրաժարվեց «Ռադիոլուրի» հետ խոսել թուրքական գործողություններից։ Դեսպանն այսօր Խնկո Ապոր մանկական գրադարանում «Արաբական անկյուն» էր բացում։

Միջազգային տարբեր ԶԼՄ-ների տվյալներով՝ եռօրյա ռազմական գործողության հետեւանքով կան հարյուրավոր զոհեր, իսկ շուրջ 70 հազար խաղաղ բնակիչ լքել է բնակավայրը: Թե որքան սիրիական տարածք է այս պահին անցել թուրքական վերահսկողության ներքո, եւ ո՞րն է Թուրքիային թույլատրված կարմիր գիծը՝ անվտանգության գոտի ստեղծելու առումով, հստակ չէ: Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանն ստվերային քաղաքականության բաղադրիչ է տեսնում եւ առայժմ, ըստ նրա,  Թուրքիային կանգնեցնել հնարավոր չէ:

« Իսկ հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ ԱՄՆ եւ Թուրքիայի շահերը չհամընկնեն, ու ԱՄՆ-ն կանգնեցնի Թուրքիային: Աշխարհը երկու մասի է բաժանված՝ մեկը Ռուսատանի հետ է համագործակցում, մեկը՝ ԱՄՆ: Թուրքիան որպես չար երեխա է ներկայանում այսօր ԱՄՆ-ի համար, բայց միեւնույն է, նրանց շահերը համընկնում են: Մյուս կողմից կա Ռուսաստանը, երբ որ ԱՄՆ ներխուժեց Սիրիա, Ռուսաստանը, որպես հակառակ ուժ մտավ խաղի մեջ ու քիչ թե շատ հավասարակշռեց: Միայն Ռուսաստանը կարող է Թուրքիային հավասարակշռել»:

Երեք օր է գերտերությունների կողմից միայն հայտարարություններ են հնչում։ Եվրամիության քննադատություններին ի պատասխան՝ Էրդողանն սպառնացել է փախստականների առաջ բացել դեպի Եվրոպա դռները։

«Եվրամիությունը չի կարող Թուրքիայի գործողությունը որակել որպես հարձակում»,- ասել է Էրդողանը:

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Էրդողանի սպանալիքին պատասխանել է թվիթերյան գրառումով։ Եվրոպան երբեք չի ընդունի, որ զինեն փախստականներին և նրանց որպես շանտաժի գործիք օգտագործեն։ ՙՆախագահ Էրդողանի երեկվա սպառնալիքները տեղին չեն»,- գրել է Տուսկը։

ԵՄ նախագահը նաեւ մտահոգված է, որ Սիրիայում Թուրքիայի «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունը կարող է մարդասիրական աղետի հանգեցնել։

Back to top button