ԿարևորՏնտեսական

Համաշխարհային Բանկը 2019-ին Հայաստանի համար 5,5 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Համաշխարհային բանկի կանխատեսումներով Հայաստանում տնտեսական աճը 2019-21 թթ կկազմի համապատասխանաբար՝ 5.5, 5,1 եւ 5,2 տոկոս: Այս տարեսկզբին ՀԲ-ի կողմից կատարված կանխատեսումները կազմում էին համապատասխանաբար՝ 4,3, 4,6 եւ 4,6 տոկոս, ինչը նշանակում է, որ կանխատեսումները էականորեն բարելավվել են, մասնավորապես՝ 2019-ի համար՝ 1,2 տոկոսով:

Հետաքրքիր է, որ նույն ՀԲ-ի կողմից 2017-ին արված կանխատեսումների համաձայն՝ 2019-ին սպասվում էր ընդամենը 3,2 տոկոս տնտեսական աճ, իսկ 2018-ին արված կանխատեսումների համաձայն՝ 4 տոկոս աճ:

Ի՞նչ գործոնների ազդեցությամբ են նման կանխատեսումները ձեւավորվում եւ ինչ նշանակություն ունեն տնտեսության համար:

Ինչպես Համաշխարհային բանկը, այնպես էլ Արժույթի միջազգային հիմնադրամն այս եւ հաջորդ երկու տարիների համար, ընդհանրապես, գլոբալ տնտեսական աճին վատատեսական գնահատականներ են տալիս: Այս մասին մեզ հետ հեռախոսազրույցում նախ նկատեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:

Հենց այս ընդհանուր համատեքստում, տնտեսագետի դիտարկմամբ, նույնպիսի վատատեսական գնահատականներ են տրվել նաեւ տարածաշրջանների, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության երկրներին: Խոսելով նման կանխատեսման հիմնական գործոնի մասին՝ Ատոմ Մարգարյանն առանձնացրեց սանկցիաների ազդեցությունը.

«Իհարկե հիմնական գործոնները աշխարհում ընդհանրապես կոնյուկտուրայի վատացման, կապում են Չինաստան-Միացյալ Նահանգներ առեւտրային պատերազմի եւ դրա հետեւանքների, նավթի գների դինամիկայի եւ, ընդհանրապես, աշխարհում ընթացող գլոբալ եւ լոկալ տեղային հակամարտությունների դինամիկայի հետ: Սա ընդհանուր համատեքստն է»:

«Ընդհանուր սանկցիաների ռեժիմը շարունակվում է եւ պրեսսինգը, հատկապես՝ Ռուսաստանի շուկայի վրա, մեծանում է: Սա հիմնական գործոններից մեկն է: Այ, սրանք արտաքին արտաքին ոչ բարենպաստ զարգացումներն են, որոնք, այո՛, ազդում են նաեւ Հայաստանի տնտեսական իրավիճակի վրա»:  

Այս խորապատկերում էլ դեռեւս այս տարեսկզբին ՀԲ-ն Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ ավելի զգուշավոր, ավելի ցածր տոկոսով աճի կանխատեսումներ էր արել:

Տնտեսագետ Կարեն Ադոնցը կարծում է, որ կառավարությունն ավելի ագրեսիվ պիտի նայի տնտեսական զարգացմանը, որը մեզ մոտ, ըստ նրա, չկա: Ինչ վերաբերում է ՀԲ-ի կանխատեսումներին՝ դրանք սովորաբար արվում են մակրոտնտեսական թվաբանության հիման վրա: Ադոնցը չի բացառում, որ այդտեղ հաշվի են առնվել հատկապես ՏՏ ոլորտի տեմպերի աճը, նաեւ՝ փոքր ձեռնարկատիրության ազատականացման օրենքը: Սակայն, դրանք ունեն զուտ թվաբանական հենք.   

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը նույնպես կարծում է, որ Հայաստանի կառավարությունը որոշակիորեն զուսպ է, հատկապես՝ 2020 թվականի կանխատեսումներում.

«Դա արտացոլված է 2020 թ.-ի բյուջեի նախագծում եւ նաեւ բյուջետային ուղերձում: Բավականաչափ զուսպ՝ 4.3 տոկոս ՀՆԱ-ի աճ է կանխատեսվում, ինչը, փաստորեն, համահունչ կամ համադրելի է, որոշ չափով՝ բարձր, Համաշխարհային բանկի գնահատականներից»:

Տվյալ դեպքում խոսքը դեռ այս տարեսկզբին ՀԲ-ի կողմից կատարված կանխատեսումների մասին է, որի համաձայն՝  2020 թվականի համար կազմում էր 4,3 տոկոս տնտեսական աճ: Նկատենք նաեւ, որ նույն ՀԲ-ի կողմից 2017-ին արված կանխատեսումների համաձայն՝ 2019-ին սպասվում էր ընդամենը 3,2 տոկոս տնտեսական աճ, իսկ 2018-ին արված կանխատեսումների համաձայն՝ 4 տոկոս աճ:

Վերանայելով իր այս կանխատեսումները՝ Համաշխարհային բանկը Հայաստանում տնտեսական աճը 2020 թվականին կանխատեսել է 5.1 տոկոս: Այսինքն՝ որոշակի բարելավում կա: Ատոմ Մարգարյանը նկատեց, որ ընդհանրապես դիտարկելով աճի հիմնական գործոնները նախորդ տարիներին, կարելի է նկատել, որ դրանում արտահանելի հատվածի աշխուժությունն է եղել: Այս առումով, տնտեսագետի գնահատմամբ, ընթացիկ տարվա 8 ամիսների տվյալներն ու առաջիկա կանխատեսումներն այնքան էլ ոգեւորիչ չեն.

«Տնտեսության արտահանման հատվածը, փաստորեն, կարող է տնտեսական աճի հարցում արջի ծառայություն մատուցել, եւ հիմնական շուկաները, որոնք, այսպես ասած, ոչ բարենպաստ դինամիկա ունեն. առաջին հերթին՝ ռուսական շուկան է»:

Վերանայված կանխատեսմամբ, սակայն, ՀԲ-ը 2019-ի համար կանխատեսում է 5,5 տոկոս տնտեսական աճ՝ տարեսկզբին կանխատեսած 4,3 տոկոսի փոխարեն, իսկ 2020-ի համար կանխատեսում է 5.1 տոկոս, այսինքն՝ 0.4 տոկոսով ավելի քիչ, քան այս տարվա համար կանխատեսածը: Կարեն Ադոնցը նույնպես այս թվերը իրատեսական է համարում, սակայն, կարծում է, որ զարգանալու համար կառուցվածք պետք է փոխել եւ երկնիշ տնտեսական կայուն աճ ունենալ:

Ատոմ Մարգարյանը նկատեց, որ հայաստանյան կապիտալն առեւտրային ոլորտից միտում ունի տեղաշարժվել արդյունաբերական կամ տնտեսության ռեալ հատված, հետեւաբար՝ այս գործոնը, թերեւս, նույնպես հաշվի է առնվել հաջորդ տարվա կանխատեսման մեջ: Բացի այդ.

«Եվ այն, որ տնտեսական աճի այս տարվա բավականին մի զգալի հատվածը ստվերից դուրս բերված աշխատատեղերն են, հատկապես՝ ռեալ հատվածում եղած, եւ դա սպառվող ռեսուրս է , հավանաբար, հաջորդ տարվա կանխատեսման մեջ այս գործոնը եւս դեր է խաղացել, այդ պատճառով հաջորդ տարվա կանխատեսումը ավելի համեստ է, քան այս տարվա տնտեսական աճի կանխատեսումն է»:

Ըստ տնտեսագետի՝ դեր է խաղում նաեւ ներդրումների գործոնը: Նրա խոսքով, սակայն, Ամուլսարի հետ կապված պատմությունը այդ առումով թեպետ որոշակի բացասական ազդեցություն ունեցել է ներդրումային իրավիճակի վրա, այդուհանդերձ, ասել, թե դա որոշիչ գործոն է եւ ընդհանուր տնտեսական աճի, այսպես ասած, համատեքստում շա՜տ մեծ դեր է խաղում, ես չէի ասի՝ եզրափակեց Ատոմ Մարգարյանը: 

Back to top button