ԿարևորՀասարակություն

Սիրիայի հայաբնակ քաղաքները՝ թուրքական զինված ուժերի կրակի տակ

Թուրքական զինված ուժերը գնդակոծում են Թել Աբյադ քաղաքը, որտեղ 16 հայ ընտանիք կա: Նախատեսվում է շուտով կազմակերպել նրանց տարհանումը:

Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: Նա հեռախոսազրույց է ունեցել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի հետ:

«Ինչպես գիտեք, թուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ են սկսել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կրակի տակ են առնվել նաև Սիրիայի հայաբնակ բնակավայրերը, կապ հաստատեցի հյուպատոս Արմեն Սարգսյանի հետ՝ իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով:

Այս պահին թուրքերը գնդակոծում են Թել Աբյադ քաղաքը, որտեղ 16 հայ ընտանիք կա: Նախատեսվում է շուտով կազմակերպել նրանց տարհանումը: Բացի այդ, Կամիշլին, որտեղ նույնպես ազգությամբ հայ բնակիչներ կան, գնդակոծվում է:

Մեր հյուպատոսին խնդրեցի զորակցությունս փոխանցել հայ համայնքին, և, առհասարակ, աղոթում եմ Սիրիայում ապրող մեր հայրենակիցների և մեր բարեկամ սիրիացի ժողովրդի համար»,- գրել է նա:

Կապ է հաստատել Քամիշլոյի մեր հայրենակիցների հետ քրդագետ Կարեն Հովհանիսյանը: Նա ֆեյսբուքյան իր էջին գրել է, որ Քամիշլոյից դուրս գալն անհնար է: Քաղաքը ենթարկվում է ռմբակոծության, վիդիոկապով ականատես է եղել պայթուներին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երկրի ԶՈւ-ն սկսել է «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը Սիրիայում: «Մեր նպատակը մեր հարավային սահմանների մոտ ահաբեկչական միջանցք կառուցելուն խոչընդոտելն է և տարածաշրջան խաղաղություն ու անդորր բերելը»,- հայտարարել էր Էրդողանը:

Նա ընդգծել էր, որ ահաբեկչության մթնոլորտը վերացնելու համար ստեղծելու են անվտանգության գոտի, որտեղ կտեղափոխվեն սիրիացի փախստականները՝ պահպանելով Սիրիայի տարածքային ամբողջականությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close