ԿարևորՏնտեսական

Տնտեսական հեղափոխությունը` երկխոսություն

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Տնտեսական հեղափոխությունը մենախոսություն չէ, այլ՝ երկխոսություն»,- այսօր Երևանում մեկնարկած  «Տնտեսական հեղափոխություն, ինչ անել» խորագրով խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը որպես օրինակ բերել է անկախության  օրը Գյումրիում նշելու կառավարության նախաձեռնությունը: Հակառակ նրան, որ Գյումրիի ռեստորաններն ու սրճարանները լեփ-լեցուն էին, միևնույնն է, տպվել են նախորդ օրերի քանակին համապատասխան ՀԴՄ կտրոններ: Վարչապետը նաև հայտարարել է, որ հաջորդ ամռանը գուցե Համահայկական բիզնես ֆորում անցկացվի: Սա էլ տնտեսությունն աշխուժացնելու նպատակով է:

Տնտեսությունը տեղափոխել որակապես նոր մակարդակի. տնտեսագետ փորձագետները տնտեսական հեղափոխությունն այսպես են բնորոշում:

«Ցավոք, դեռևս իրականցվող քայլերը բավարար  հիմք չեն տալիս արձանագրելու, որ իրականում  մենք ի վիճակը ենք լինելու տնտեսությունը նոր մակարդակի փոխել: Թստ էության՝ բոլոր ոլորտներում քննարկումները, դիտարկումները ցույց են տալիս, որ զարգացումները դեռևս իներցիոն են»,- «Ռադիոլուրի» հետ զրույցում ասա ԵՊՀ կառավարման ու գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը:

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը «Ռադիոլուրի»  հետ զրույցում հակառակն է  պնդում՝ տնտեսական հեղափոխության հիմքերը դրված են: Որպես հիմք հիշեցնում է ԵԱՏՄ գագաթաժողովի ու WCIT համաժողովի անցկացումը Երևանում. «Տնտեսական հեղափոխության սկիզբը արդեն հռչակվել է, մնում է գործուն միջոցներ ունենանք այդ հեղափոխությունը կյանքի կոչելու հարցում»:

Տնտեսական մոդելի փոփոխությանը զուգահեռ պայքարել ստվերի դեմ. սա տնտեսական հեղափոխության հաջողություններից մեկն է:  «Տնտեսական հեղափոխություն, ինչ անել» խորհրդաժողովում այսօր հայտարարվեց՝ Հայաստանում հատկապես ստվերի դեմ պայքարում հաջողություններն ակնհայտ են: Սա փաստեց Գործարարների և արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ որպես պրակտիկ գործարար:

Ղազարյանի հայտարարությանն  արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն՝ վկայակոչելով ԱՄՀ  տվյալները՝ վերջին զեկույցներից մեկում միջազգային այս կառույցն արձանագրել էր, որ եթե հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը տարեկան 0,3 տոկոս շարժ ունենա, արդեն լավագույն հաջողությունն է  Հայաստանի համար:

«Այսօրվա վիճակով ՀՀ-ում հարկեր/ՀՆԱ  ցուցանիշը բարելավել ենք մոտավորապես 1.2 տոկոսով: Այսինքն ԱՄՀ –ի լավագույն ռեկամենդացիաներից գերազանցել ենք 4 անգամ: Ակնհայտ փաստեր կան, որ մենք ստվերի կրճատման հետ կապված աննախադեպ իրավիճակ ունենք»:

Վարքագծային բաղադրիչում լուրերը հուսադրող չեն: Փաշինյանն իր համար  ցավալի օրինակ մեջբերեց: Սեպտեմբերի 21-ին Գյումրին հյուրընկալել էր 15 հազար մարդ: Այդ օրը Գյումրիի ռեստորաններն ու սրճարանները լեփ-լեցուն էին:

«Ինձ համար հետաքրքիր էր, թե սեպտեմբերի 21-ին Գյումրիում առևտուրը ինչ շարժ է  արձանագրել: Անսպասելի էր, որ ՀԴՄ կտրոնները քանակով նույնքան են տվել, որքան նախորդ օրերին։ Առևտրի ծավալն ընդամենը 10 մլն դրամով էր ավելացել»:

Կառավարության ղեկավարն արձանագրեց՝ Գյումրիի բիզնեսի համար կառավարությունն  աննախադեպ հնարավորություն էր ստեղծել: Դա նկատելի է մինչ օրս:

«Բայց բիզնեսը իր կողմից կես քայլ պե՞տք է անի, թե՞ ոչ: Գործընկերության տրամաբանությունը  շատ կարևոր է: Չի կարող տնտեսական հեղափոխությունը մենախոսություն լինել, դա պետք է երկխոսություն լինի: Դա նույնն է, որ Գյումրիից քայլում էինք, ոչ մի արձագանք չլիներ, կգնայինք տուն»:

 Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նույնպես կարևորում է մտածողության ու գաղափարների փոփոխությունը: Սա նաև կառավարության ներկայացուցիչներին է վերաբերում:

Back to top button