ԿարևորՏնտեսական

Կարկտակայնները չեն պաշտպանում այգիները

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Արագածոտնի մարզում տեղացած կարկուտը վնասել է ֆերմերների բերքը: Խնձորահավաքի պատրաստվող գյուղացին բերք չունի։ Հաշված րոպեներում ամբողջ աշխատանքը գետնին է հավասարվել: Պատճառը, ըստ նրանց, հակակարկտային կայանները չգործարկելն է: Որքանո՞վ են արդյունավետ կայանները և արդյո՞ք տուժած գյուղացիները կստանան բերքի փոխհատուցում:

Սեպտեմբերի 28-ին տեղացած կարկուտը Արագածոտնի մարզում մեծ վնասներ է հասցրել պտղատու ծառերին: Կարբեցիները դժգոհում են, որ  իրենց ամբողջ տարվա աշխատանքն ու ծախսած գումարները մեկ րոպեում հավասարվել են հողին: Միակ դժգոհությունը հակակարկտային կայաններից է: Դրանք չեն աշխատել, պնդում է կայանից 300 մետր հեռավորության վրա գտնվող  հողատեր Հայկ Գևորգյանը:  Զանգահարել են 911 ծառայություն՝ ակնկալելով օգնություն, սակայն  ապարդյուն:

«Եթե կարկուտի գալու ժամանակ հակակարկտային կայաններն աշխատեին, մենք կհասկանայինք, որ խնդիր է եղել, չի կրակել, բայց կայանն ընդհանրապես չի աշխատել: Մենք զանգել ենք 911 ծառայություն և այնտեղից մեզ ասել են, որ տեխնիկական խնդիր է եղել, որ կայանը չի կրակել: Սակայն Արտաշավանի կայանի տնօրենը եկավ մեր հետ հանդիպեց և փորձում էր 100 գյուղացու համոզել, որ կայանն այդ ժամանակ կրակել է»:

Կայանը կրակելիս մեծ աղմուկ է հանում և այդ ձայնը չլսել հնարավոր չէր, պնդում է զրուցակիցս։  

«Նույնիսկ հարսանիքի արարողության ձայների դեպքում է լսվում  կայանի կրակելը:  Մեր կողքն է տեղակայված կայանը, կարկուտի ժամանակ չեն կրակել, այլ կարկուտից հետո, իսկ ինձ ասում են, որ դու չես լսել ձայնը»:

Կամ կայանի մոտ մարդ չի եղել, կամ էլ չեն տիրապետում իրենց աշխատանքին, հնարավոր վարկածները թվարկեց  նա:  Իսկ հակակարկտային ծառայության պետ Արթուր Հովսեփյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում  հակառակն է պնդում.  

«Արագածոտնում ունենք ռադիոլոկացիոն հակակարտային կենտրոն , որտեղից գործարկվում են մարզի բոլոր հակակարկտային համակարգերը և 28-ի դեպքի հետ կապված վստահ ասում եմ, որ կայանն աշխատել է: Մեզ մոտ նույնիսկ համակարգչում գործարկման տվյալներն արխիվացված են

-Ինպե՞ս է որ գյուղացիները ձայնը չեն  լսել այդ դեպքում:

-Մինչև մի 100 մետր հեռավորության վրա եթե գտնվես այդ ուժեղ անձրևի  և կարկուտի  ձայնի ազդեցության ներքո հնարավոր չէ լսել այդ կայանի աշխատանքի  ձայնը: Պետք է շատ մոտ գտնվես, որպեսզի արձանագրես, որ կայանն  աշխատում է կամ չի աշխատում»:

Հանրապետության տարածքում ակտիվ ներգործության աշխատանքներն իրականացվում են 

երկու մեթոդով՝ գազագեներատորային և հրթիռային արձակիչ կայանների միջոցով: Հրթիռային  կայանները ձեռք են բերվել  2017 թվականին  պիլոտային ծրագրով:

Սակայն այս երկու կայաններից ավելի արդյունավետը հրթիռայինն է, որոնցից հանրապետության տարածքում տեղադրված են երկու մարզերում՝ Արագածոտնում և Արմավիրում: Արտաշավանում տեղադրված է  և՛ գազագեներատորային,  և՛ հրթիռային արձակիչ կայան, որոնց գործարկումից  էլ դժգոհում են գյուղացիները: Ֆերմերների հետ են հանդիպել մարզպետարանի աշխատակիցները: Համապատասխան  հանձնաժողովը կազմել է վնասի չափի վերաբերյալ արձանագրություն, սակայն մինչ այսօր գյուղացիները որևէ տեղեկություն չունեն, թե ինչ է լինելու:  Արագածոտնի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Յուրա Ազատյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ « դեմեր» կոչված հատվածում  1000 հեկտար խնձորենիներից կարկտահարվել է մոտ 70 հեկտարը:  

Փոխհատուցում լինելու՞ է:

-Կներկայացնենք կառավարությանը  և ինձ թվում է, այո:  Մեկ-երկու օրվա ընթացքում  կներկայացնենք:

-Կարկտակայանները չե՞ն աշխատել:

-Կարկտակայանները բարձրացանք, նայեցինք, ասացին աշխատել է: Ուղղակի քամին մեծ արագությամբ  հեռվից է բերել և այդ պահին անզոր է դառնում կարկտակայանը:

Հակակարկտային կայանների աշխատանքը , երբ ուղեկցվում է քամու հետ, օգտակար գործողության գործակիցը նվազում է, ասում վարչության պետը:  Սակայն մեր այն դիտարկմանը, որ Արտաշավանում տեղադրված է նաև  հրթիռային կայան զրուցակիցս  պատասխանեց:

«Հրթիռայինները չեն աշխատել: Ամպը չի արձանագրել, որպեսզի աշխատի հրթիռային կայանը»:

Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի փորձագետ Արտակ Մարտիրոսյանը ևս  գազով աշխատող կարկտակայանների արդյունավետությունը բացասական գնահատեց: Մի փոքր թանկ, բայց արդյունավետ են հրթիռային կայանները: Սակայն փորձագետը կարկուտի հնարավոր ռիսկերից բերքը պաշտպանելու մեկ այլ կարևոր մեթոդ էլ է նշում՝  կարկտապաշտպան ցանցերն են։

«Կարկտապաշտպան ցանցերն ավելի էֆեկտիվ են պտղատու այգիների համար»:

Գյուղացիների համար, սակայն այս տարբերակով այգիները պաշտպանելն  անընդունելի է: Ասում է՝ մեկ հա տարածքը ցանցապատելու համար անհրաժեշտ է մոտ 15 հազար դոլար։

Back to top button