ԿարևորՔաղաքական

«Ֆեյսբուք»-ը տապալեց «Լուսավոր Հայաստան»-ի ծրագիրը

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Այս տարվա դեկտեմբերին լրանում է Հաշվեքննիչ պալատի անդամ Արա Նռանյանի պաշտոնավարման ժամկետը եւ ԱԺ-ն պետք է վերահսկիչ այդ մարմնի նոր անդամի թեկնածություն առաջադրի:

Խորհրդարանում ներկայացված ուժերից ընդամենը մեկն է առաջադրել թեկնածու: Մինչ այսօր տարբեր հրապարակումներով նշվում էր, որ դա քաղաքական կոնսենսուսի հետեւանքով է:

Այսօր, սակայն, քննարկման ընթացքում տեղի ունեցավ անկանխատեսելին:   

Ինչպես «Ֆեյսբուք»-ը կարող է տապալել քաղաքական պայմանավորվածությունը: Սոցիալական ցանցն այսօր ճակատագրական դարձավ Կարեն Սարգսյանի համար: Գնումների գործակալության եւ ՊԵԿ-ի նախկին աշխատակիցը Հաշվեքննիչ պալատի անդամի միակ թեկնածուն էր, առաջադրվել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից:

Տարբեր հրապարակումների համաձայն, սա պայմանավորվածություն էր խորհրդարանական ուժերի միջեւ: Պայմանավորվածությունը, սակայն, գործեց մինչեւ գլխադասային հանձնաժողով:

Հանձնաժողովի անդամների մեծ մասը դեմ քվեարկեց թեկնածուին՝ հիմնականում բարեվարքության խնդիրներ նկատելով նրա գործողություններում: Ճակատագրական կարելի է համարել գրառումը, որը խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները գտել էին թեկնածուի ֆեյսբուքյան էջում:

Վարդան Աթաբեկյան . Ձեր էջն են նայում, ինձ թվում է «Լուսավոր Հայաստան»-ի պաշտոնական էջն է: Դուք ասում եք, որ քաղաքականացված չեք, մեկ էլ՝ ես տեղեկացված եմ, որ «իմքայլականների» մասին դուք գրել եք, որ 10 հոգի գրագետ մարդ կա, մնացածը քայլող են,- ասաց ը:

Կարեն Սարգսյան. Ես էջում կարող եմ շատ բաներ կիսել, բայց դա իմ կարծիքը չէ: Բլոգերի «շեյր» արած բանի մասի՞ն չէ խոսքը: 

Համազասպ Դանիելյան. Դուք առնվազն սեպտեմբերի 25-ից գիտեք, որ թեկնածու էիք այս պաշտոնի համար: Այս պաշտոնում Սահմանադրությունում կա քաղաքական հավասարակշռության մասին հայտարարությունում: «Ֆեյսբուք»-ում բացում եմ, Դուք դիրքավորվում եք որպես քաղաքական գործիչ եւ վերջին Ձեր գրառումը երեկ է եղել: Հետո պարզվում է, որ ամեն բան չէ, որ դուք կիսվում եք կապ ունի Ձեր դիրքորոշումների հետ եւ անգամ ասում եք, որ անգամ հակառակը կարող եք նկատի ունենալ: Բայց կիսում եք: Դուք գիտեք չէ՞, որ կիսելով տարածում եք այդ տեղեկատվությունը՝ դրանով նպաստում եք տարածմանը, եթե այլ գրառում չեք անում: Այստեղ ազնիվ մոտեցման անհրաժեշտություն կա:  

Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուն վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ փորձել է պատգամավոր դառնալ: Կրկին «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով: Դա է պատճառը, որ տնտեսագետը էջում ներկայանում է իբրեւ քաղաքական գործիչ: Իրականում, նա  կուսակցության անդամ չէ, պարզապես համակիր է եւ դրանում ոչ մի բացասական երեւույթ չի տեսնում Ֆինանսավարկային եւ բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ, ԼՀԿ-ից Մանե Թանդիլյանը:

Ուսումնասիրություն, իհարկե, եղել է: Թեկնածուի կենսագրականում անհամապատասխանություն գտան ներկայացված փաստաթղթերի հետ: Բացի այդ՝ տնտեսագետի անցած ուղին՝ Գնումների գործակալությունում եւ ՊԵԿ-ում, այնուհետեւ այդ տարիների աշխատանքի դրական գնահատականը վիճահարույց էր պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Եղիշե Սողոմոնյանի համար:

Խորհրդարանական մեծամասնության պատգամավորները խիստ քննադատեցին նաեւ թեկնածուի  այն հայտարարությունները, որ Հաշվեքննիչ պալատին կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունները ստուգելու գործառույթ է անհրաժեշտ: Պատգամավորների համար վիճահարույց էր նաեւ թեկնածուի այն դիրքորոշումը, որ Հաշվեքննիչ պալատն իր եզրակացություններում պետք է պատասխանատու պաշտոնյաների անունները հրապարակի:

Իրականում դա Հաշվեքննիչ պալատի մասին օրենքով արգելված է, քանի որ պալատն անձանց չի ստուգում, այլ պետական մարմինները: Երկարատեւ քննարկումից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջադրած թեկնածուն չստացավ անհրաժեշտ ձայն՝ Աժ լիագումար նիստում համապատասխան պաշտոնի համար առաջադրվելու եւ ընտրվելու համար:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close