ԿարևորՀասարակություն

Ռադիոյի աստղային ճեմուղին հարստացավ ևս երկու անունով

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հայկական հեռուստատեսության և ռադիոյի նվիրյալների ճեմուղում այսօրվանից իրենց անվանական պատվոքարերն ունեն նաև հեռուստատեսային ռեժիսոր Վիլեն Զաքարյանն ու Հանրային ռադիոյի քրդական հաղորդումների երկարամյա խմբագիր ու ղեկավար Քարիմ Չոլոյանը։

«Այս ամենն առաջին հերթին մեզ է անհրաժեշտ՝ գիտակցելու, որ մի մեծ ընտանիքի անդամ ենք՝ արմատներով կանգնած  հարուստ ավանդույթների վրա։ Միաժամանակ՝ շարունակողն ենք այն լավագույն ավանդույթները, որ ունեցել են հայկական ռադիոն և հեռուստատեսությունը»,-պատվոքարերի հանդիսավոր բացմանն ասել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը։

Ավելի քան 55 տարի Ալեք Մանուկյան 5 հասցեով անցնող ճանապարհը նրան տանում էր դեպի այնտեղ, որտեղից հնչում էր քուրդ ժողովրդի լռեցված ու անտեսված ձայնը։

Նույն հասցեով անցնող «Նվիրյալների արահետում» այսօր բացվեց նաև նրա անունը կրող պատվոքարը՝ Քարիմ Չոլոյան.Հանրային ռադիոյի քրդական հաղորդումների երկարամյա հաղորդավար խմբագիր ու ղեկավար։

 «Կարծում եմ կյանքում չկա ավելի վատ բան, քան ձայնազուրկ լինելը, երբ հալածվում ես, բայց բարձրաձայնել չես կարող, անգամ մայրենի լեզվով գանգատվել։ Երբ 1961 թվականի Քարիմ Չոլոյանը եկավ ռադիո, քուրդ ժողովուրդը հենց այդ վիճակում էր։ Ու ստացվեց այնպես, որ նա դարձավ միլիոնավոր քրդերի ձայնը։ Ես դա լսել եմ իր հայրենակիցներից, որոնք Երևան գալիս անպայման փորձում են այցելել Հանրային ռադիո և խնդրում են ցույց տալ այն տաղավարը, որտեղից Քարիմ Չոլոյանը խոսում էր։ Դուք պետք է տեսնեք, թե ինչպիսի ակնածանքով են մարդիկ ոտք դնում այդ տաղավար»,- ասաց Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը:

Քուրդ ժողովրդի ձայնը աշխարհին հասցնելու՝ Քարիմ Չոլոյանի գործն այսօր շարունակում է նրա որդին՝ Տիտալ Չոլոյանը, որը  Հանրային ռադիոյում է շուրջ 30 տարի։

Հայաստանի քրդական համայնքի ղեկավար, ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովի խոսքով՝ Քարիմ Չոլոյանին քրդերը հաճախ համեմատում են ռուսական ռադիոյի երախտավոր Յուրի Լևիտանի հետ, իսկ թե ինչ նշանակություն ունեն հայկական ռադիոյի քրդերեն լեզվով հաղորդումները ամբողջ քուրդ ժողովրդի համար, Հասանովի խոսքով՝ լավագույնս արտահայտում են Դիարբեքիրի  նախկին  քաղաքապետի  խոսքերը․

 «Մի քանի տարի առաջ Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Օսման  Բայդեմիրը Երևանում էր։ Երբ հանդիպեցինք, ասաց՝ ինձ տարեք Հայաստանի ռադիո։ Ռադիոյում նրա առաջին բառերն էին․ «Քրդերեն այսպես լավ խոսելու համար նախ պարտական եմ  մորս, ապա՝ Հայաստանի ռադիոյին»։

Քուրդիստանի համազգային կոնգրեսի պատգամավոր Ժենյա Ամիրյան

Ռադիոյի աստղային ճեմուղում այսօր ևս մեկ նվիրյալի անուն ավելացավ՝ Վիլեն Զաքարյան՝ հեռուստառեժիսոր։ Նա  հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայի հիմնադիրներից է, վավերագրական ու գեղարվեստական շուրջ 30 ֆիլմերի հեղինակ։ Բացառիկ էր Վիլեն Զաքարյանի  դերը հատկապես հեռուստատեսային արտահայտչամիջոցների հայտնաբերման առումով։ Ռեժիսորի երկար տարիների գործընկեր Ծովինար Գեորգյանցի խոսքով՝ նա ոչ միայն տասնյակ հրաշալի ֆիլմերի, այլև հայկական առաջին տեսահոլովակի հեղինակն էր։

«Նրա հետ աշխատել եմ բոլոր ֆիլմերում որպես ասիստենտ։  Չտեսնված ճաշակ ուներ ու մեծ գեղագետ էր։ Հեռուստատեսությունում առաջին կլիպը նա է նկարել»։

1966-ին Վիլեն Զաքարյանը նկարեց Հայրենական պատերազմին նվիրված «Վերջին նետումը» կարճամետրաժ ֆիլմը, որը խորհրդային ամբողջ տարածքում միանգամայն նոր կինոլեզու էր, ձեռագիր, որը առ այսօր մասնագիտական հետաքրքրություն է ներկայացնում:

«Կարդալով այսօրվա ռուսալեզու ֆորումները, տեսնում ես, թե Խորհրդային Միության նախկին հեռուստադիտողներն ինչպիսի հիացմունքով են հիշում այդ ֆիլմը։ Մերձբալթյան երկրների կինոինստիտուտներում ֆիլմը եղել է ուսումնական նյութ»,- ասաց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը:

Երևանի Ալեք Մանուկյան փողոցի աստղային  ճեմուղու յուրաքանչյուր պատվոքար վկայում է հայկական հեռուստատեսության ու ռադիոյի փառավոր ճանապարհի մասին։ Տարին մեկ անգամ այստեղ հավաքվում են համալրելու աստղաբույլը։ Այսօր այնտեղ ևս երկու անուն ավելացավ։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close