ԿարևորՀասարակություն

Շինարարները պահանջում են աշխատավարձը, գործատուն չի ներկայանում դատարան

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Աշխատանքի համար չվարձատրված շինարարներն այլևս չգիտեն ում դիմեն: Երեք ամսվա իրենց աշխատավարձը պատվիրատուն հրաժարվում է վճարել, իրավապահներն ու մյուս պատկան մարմիններն էլ հորդորում են դիմել դատարան:

Դատարանը խնդրին լուծում չի տալիս, իսկ փաստաբանը երաշխիք, որ տուժողները կստանան իրենց գումարը: Գործը քննվում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում: Նիստերից երկուսի ժամանակ էլ պատասխանող կողմը՝ պատվիրատուն չի ներկայացել:

Սամվել Բուդուրյանը շինարարական կազմակերպությունում բրիգադիր է: Իր թիմի հետ  միասին գարնանը հերթական պատվերն են վերցրել, այս անգամ «Արգոհշին» ընկերությունից։ Միայն թե պատվերը վերցնելիս շինարարները չեն իմացել, որ վարձատրվելու են միայն կես աշխատանքի համար: Նրանք փաստացի վարձատրվել են մինչև հունիս ամիսը կատարած աշխատանքի համար, մինչդեռ շարունակել և գործն ավարտին են հասցրել սեպտեմբերին:

Երբ բրիգադիր Սամվել Բուդուրյանը «Արգոհշին» ընկերության տնօրեն Հունան Ավետիսյանից պահանջել է վերջին եռամսյակի գումարը՝ միլիոն երկու հարյուր հազար դրամ, վերջինս տարբեր պատճառաբանություններ է բերում չվճարելու համար:

«Ասաց, սպասեք փոխանցումներն արվեն, նոր ձեր գումարը կտամ: Հետո զանգեցինք, ասաց լավ չեք աշխատել և այլ պատճառաբանություններ»:

Սամվել Բուդուրյանը պատվիրատուի նման պատասխանից վրդովված դիմում է իրավապահներին, ապա այլ ատյաններ: Բոլորի պատասխանը մեկն է՝ դիմեք դատարան:

«Դիմել ենք իրավապահներին, մարդու իրավունքների պաշտպանին, վարչապետին: Բոլորի պատասխանը նույնն է. դիմեք դատարան: Դատարանն էլ ասում է դուք հիմքեր չունեք: 2-րդ նիստի ժամանակ էլ ասաց, որ դատապաշտպան պետք է ունենաք, որը ներկայացնի ձեր գործը: Դատապաշտպանն էլ գումար է պահանջում ու չի երախշավորում, որ մենք  գումարը կստանանք»:

Դատական երկու նիստերին էլ, ի դեպ, պատասխանող կողմը չի ներկայացել: Գործը քննվում Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում: Թե ինչու «Արգոհշինը» չի ներկայացել դատական նիստերին կամ ինչու չի վճարել շինարարներին աշխատանքի դիմաց, փորձեցինք տեղեկանալ հենց ընկերությունից։

«Ռադիոլուրի» զանգին պատասխանեց տնօրեն Հունան Ավետիսյանը, բայց պարզաբանման փոխարեն միայն արագ ասաց, որ Սամվել Բուդուրյանը ստում է և անջատեց հեռախոսը: Դրանից հետո մեր զանգերն անպատասխան մնացին:

Ինչ կարող են անել շինարարները, որոնք վստահ են, որ աշխատանքային իրենց իրավունքները ոտնահարվել են՝ հետաքրքրվեցինք Հանրային պաշտպանի գրասենյակից: Ղեկավար Մելանյա Առուստամյանը «Ռադիոլուրին» հայտնեց, որ անվճար իրավաբանական օգնություն կարող է ստանալ անվճարունակ խավը:

«Օրինակ՝ գործազուրկները, սոցիալապես անապահով անձինք,  միայնակ թոշակառուներ, թրաֆիքինգի զոհեր»:

Եթե որևէ մեկին հանրային պաշտպան չի տրամադրվել, ուրեմն ունի Մելանյա Առուստամյանի մերժման որոշումը:

«Կամ նա չի հանդիսանում մեր կատեգորիան, կամ որոշակի արգելք կա և չի կարող հանդիսանալ մեր շահառուն»:

Սամվել Բուդուրյանը իր թիմի հետ միասին արդեն դիմել է պետական տարբեր մարմինների։ Ըստ էության՝ աշխատանքային իրավունքները պաշտպանելու միակ ճանապարհը դատարանն է, իսկ փաստաբանին պետք է վճարել։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close