ԿարևորՀասարակություն

Հայաստանը վերադարձնում է ինժեներական առաջատարի համբավը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Այսօր ավարտվում է WCIT 2019  ՏՏ նվիրված համաշխարհային 23-րդ համաժողովը: Թերեւս ժամանակն է ամփոփելու եւ գնահատելու դրա արդյունքներն ու նշանակությունը՝ նաեւ մասնակիցների տեսանկյունից:

Ի՞նչ նոր գաղափարներով ու ծրագրերով են նրանք հեռանալու այս հեղինակավոր համաժողովից եւ դրա շրջանակներում անցկացված «Դիջիթեք» ցուցահանդեսից:

Ռադիոլուրը զրուցել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանի հետ:

Աշխարհում մեծ համարում ունեցող այս համաժողովը Հայաստանում անցկացնելով մենք փորձում ենք վերադարձնել այն համբավը, որն ունեցել է Հայաստանը ինժեներական բնագավառում խորհրդային տարիներին, ինչի մասին բազմիցս հիշատակեցին նաեւ այս միջոցառմանը  մասնակից արտասահմանցի մասնագետները: Մեզ հետ հեռախոսազրույցում ասաց «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը: 

«Պատահական չէ, որ համաժողովի կարգախոսը «ապակենտրոնացումն է» ճիշտ էր ընտրված: Եվ Հայաստանը կարողացավ դա ապացուցել, որ լինելով աշխարհագրորեն փոքր, կարողացավ իր շուրջը համախմբել ոլորտի կազմակերպություններին»:

Սեդրակ Վարդանյանը հիշատակելով Նիկոլ Փաշինյանի ելույթի այն հատվածը, որտեղ ներկայացվեց, թե հայազգի ինժեներները ինչպիսի հայտնի գյուտեր են հեղինակել աշխարհում՝ շեշտեց, որ այս համաժողովի շրջանակներում բացված Դիջիթեք ցուցահանդեսում էլ ցուցադրվեց, թե ինչպիսի ներուժ դեռ ունենք, որոնք այս ոլորտում դեռ ասելիքով հանդես կգան:

Անդրադառնալով կոնկրետ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների գործունեությանը՝ Սեդրակ Վարդանյանն ասաց, որ մեծ թափով եւ հաջողությամբ այն առաջ է ընթանում, այս տարի էլ զգալի է լինելու պետական աջակցությունը եւ սա նշանակում է, որ մինչեւ տարեվերջ դրանց թիվը կհասնի շուրջ 580-ի:

Հայաստանի եւ Արցախի դպրոցների մոտ 50 տոկոսը հագեցած կլինեն «Արմաթ» լաբորատորիաներով, ինչը նշանակում է, որ բոլոր աշակերտները Հայաստանի եւ Արցախի տարածքում հնարավորություն կունենան ստանալու առաջատար ինժեներական կրթություն: 

Սա արդեն իսկ այս համաժողովի գործնական արդյունքներից մեկն է՝ կոնկրետ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների գործունեության ընդլայնման տեսանկյունից, ընդ որում՝ նաեւ աշխարհագրական առումով՝ նկատեց Սեդրակ Վարդանյանը՝ եզրափակելով վստահեցմամբ, որ իրենք այս համաժողովից հեռանալու են արդարացված ակնկալիքներով ու սպասելիքներով, ինչպես նաեւ՝ հետագա աշխատանքներ ու նոր գաղափարներ կյանքի կոչելու  լրջագույն խթան ստացած:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close