ԿարևորՀասարակություն

Ապրիլի 24. 105 ռոյալ՝ մեկ տեղում

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին «Դարի ղողանջ» բարեգործական հիմնադրամը կներկայացնի «105 ռոյալ» մեգանախագիծը: 2020 թվականի ապրիլի 24-ին հնչելու են ոչ թե զանգեր, այլ՝ ռոյալներ։ 105 ռոյալ միասին` սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ, կնվագեն 105 տարվա ընթացքում ծնված մեր երաժշտությունը՝ «Կոմիտասից մինչև մեր օրեր»:

Ռոյալները տեղադրվելու են դեպի անմար կրակ տանող ճանապարհի երկու կողմում։ Նախաձեռնության հեղինակ Արթուր Հովհաննիսյանը  պատմեց,  որ այս նախագիծը ցանկանում էր կյանքի կոչել դեռևս Եղեռնի 100 -ամյա տարելիցին, սակայն այս տարիներին այն ավելի խմորվեց ու կյանքի կոչելը  առավել իրատեսական դարձավ։ Խորհրդակցել է ավելի քան  500 մասնագետների հետ։ Նրանք  երաժիշտներ են, կոմպոզիտորներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ…

29 -ը երկրից և ԱՄՆ 49 նահանգներից Հայաստան  են ժամանելու լավագույն երաժիշտները։ Նրանք սիրով համաձայնել են գալ Երևան ու այդ օրը ՝ արդեն  երաժշտություն միջոցով  կոչ անել, որ աշխարհում այլևս երբեք չլինի ցեղասպանության որևէ դրսևորում։

105 ռոյալները Երևանում կլինեն այս տարվա վերջին։

Արդեն ապրիլի 25-ի  առավոտյան բոլոր այդ ռոյալները գտնելու են իրնեց հասցեատերերին։  Նախաձեռնության հեղինակների ու  բարերարների համաձայնությամբ դրանք կնվիրվեն Հայաստանի տարբեր քաղաքների ու գյուղերի երաժշտական դպրոցներին:

Արթուր Հովհաննիսյանն  ասում է, որ զարմանալի  զուգադիպությամբ Կոմիտասի անվան  կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում սովորում է 105 ուսանող և նրանք ռեկտորի  հետ ձեռք են բերել պայմանավորվածություն, որ «Մոսկվա» կինոթատրոնի կողքին ամեն օր նվագելու են Կոմիտասի ստեղծագործություններից ու նաև այդպես  տեղեկացնելու  մեգանախագծի մասին:

Այս նախագծով կազմակերպիչները  որդեգրել են «Անցյալը չհիշողը ապագա չի ունենում»  կարգախոսը։ Ի դեպ, չի բացառվում, որ նախագիծը կարող է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ 105 ռոյալ մեկ տեղում երբևիցե չի եղել և չի  հնչել:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close