ԿարևորՀասարակություն

Զովասարի ամենամեծ հոգսը տանը մնացած տղաներն են

Սաթիկ Իսահակյան
«
Ռադիոլուր»

Արագածոտնի մարզի Զովասար գյուղում 60-70 երիտասարդ չի ամուսնանում  դժվար ապրելակերպի պատճառով: Ծնունդների թիվը նվազել է, իսկ այս տարի առաջին դասարան է հաճախել 5 երեխա: Խորհրդային տարիներին զովասարցիներն աշխատել են տեղի գործարանում և բարձր աշխատավարձ ստացել, հիմա աշխատանք չունեն:  Անջրդի հողերի կեսն է մշակվում: Բարձրլեռնային համայնքներին բնորոշ անասնապահությունը նույնպես անկում է ապրում: Տեղացիները դժգոհում են, բայց չեն հեռանում գյուղից:

Արագած լեռան հարավային լանջով ճանապարհը տանում է դեպի Զովասար: Այստեղ յուրաքանչյուր տան բակում,  փողոցի եզրին խնամքով իրար վրա դարսված են  չորացած գոմաղբերը՝ աթարները: Արդեն հասկանալի էր, որ տեղացիները պատրաստվել  են ձմռանը: Արարատյան դաշտի համեմատությամբ այստեղ ձմեռն ավելի շուտ է գալիս, ցրտաշունչ է ու երկարատև, քանի, որ գտնվում է ծովի մակերևույթից 2100մ բարձրության վրա: Գյուղում գազ չկա, ապագա ծրագրերում էլ չի լինի: Համայնքի ղեկավար Կիրակոս Պողոսյանն ասում է, որ գազի խնդիրն ուսումնասիրվել է, հետո մերժվել՝ պատճառաբանելով համայքի անվճարունակությունը:

Զովասարում  մարդկանց վճարունակությունը ցածր է, ապրելակերպը դժվար, մեծամասնությունը վարկերի ու պարտքերի տակ է:

Պետրոսյանների տան բակում արևին թիկն էր տվել տան մեծ մայրիկը, սկսեցի հարցուփորձը.

-Եկել եմ իմանամ ո՞նց եք ապրում գյուղում:
-Օ՜, միլիարդատերի նման (ծիծաղում է):
-Ինչու՞, պարտքեր շատ կան:
-Հըբը չկա, վարկ կա, պարտք կա, էլ մի հարցու պարտքերի մասին, ազիզ ջան:
-Տատ ինչո՞վ եք զբաղվում:
-Գյուղում աշխատանք չկա, առաջ կոլխոզ, սովխոզ կար, կերթային, կաշխատեին ժողովուրդը իրանց փող ու փարա կստանային: Հիմի ոչ մի բան, հող են տվել, ամեն մի հողը մե սարի գլոխ, անասունները կմտնին, կփչացնեն հողերից էլ օգուտ չենք ունենա:
-Էդ հողերում ի՞նչ եք ցանում:
-Որ փող ունենաս կարաս ցորեն ցանես, գարի ցանես, կարտոշկա ցանես, հըբը:

Հետո միջամտեց թոռը՝ մերը աստծո հույսին է, այսինքն՝ հողատարածքները ոռոգելի չեն, բնության բարեհաճության սպասումներով են հողերը մշակվում: Զովասարում 320 հա վարելահողից  մոտավորապես 180հա է մշակվում, որտեղ ցանում են գարի կորնգան և առվույտ, իսկ ոռոգելի 60 հա էլ՝ կարտոֆիլ: Այս հատվածի ջուրը լճակում  սարերի ձնհալից է լցվում, մնացած հողերը  խոտհարկի տակ են, եղանակն անձրևային եղավ՝ խոտն էլ լավ կաճի,  իսկ այս տարի չորային էր,  խոտը՝ քիչ, անասունների քանակն էլ կրճատել է.

«Մենք մի անգամ ենք խոտ քաղում, իսկ ուրիշ տեղեր, որ ջրում են, կարան 3 անգամ քաղեն: Մենք քիչ ենք անասուն պահում, 2 կով և 10 ոչխար ունենք»

Զովասարում տարիներ առաջ անասնապահությունը զարգացած է եղել:  Մուրադ Հակոբյանն անկախության ժամանակ Զովասարի գյուղխորհրդի նախագահն է եղել,  ասում է, որ սովխոզը մեծ  անասնապահական ֆերմա է ունեցել, անասուններին  սեփականաշնորհելով՝ գյուղացիները կրկնակի ավելացրել են անասնագլխաքանակը.

«Գյուղում եղել ա 3000 գլուխ ոչխար, մի 2000-ն էլ՝ սովխոզն ա ունեցել, բաժանվել ա գյուղում: Մոտ 300 գլուխ խոշոր սովխոզին, մի էդքան էլ գյուղին կար, հըմի գյուղում  3 նախիրը 130 հատ կով ա, որ գցում ես ամբողջ գյուղի վրա՝ տանը գալիս ա մի հատ կով ու կես: Դրանով կաբրին՝ չեն աբրի»:

 532 բնակիչ ունեցող գյուղում հաշվառված է 264 գլուխ խոշոր եղջերավոր անասուն,  1200 գլուխ ոչխար: Անասնագլխաքանակի նվազման պատճառները տարբեր են,  14 տարվա համայնքի ղեկավար Կիրակոս Պողոսյանը բացատրում է. «Մենք ստեղծեցինք դա նպաստներով, օգնություններով, անասուններ բերեցինք, տվեցինք, 34 կով ենք տվել Վորդ Վիժնից, մի 2 տարի հետո էդ անասուններն էլ  չկային, մորթել են ծախել, որ նպաստ ստանան»:

Կառավարության առաջարկած անասնապահական ծրագրերը Զովասարի համար չեն: Բացի  Կովկասյան գորշ ցեղատեսակից, մյուս անասունները բարձր լեռնային պայմաններին չեն դիմանում, տարիներ առաջ փորձել են, մատչելի գներով գնել, բոլորն էլ անկել են: Գյուղացուն մնացել էր միայն վարկերի պարտքերը: Կովկասյան գորշը 7-8 կմ արոտ է բարձրանում, նույնքան էլ իջնում:  Նախկին գյուղխորհրդի նախագահ Մուրադ Հակոբյանն իր ունեցած խոշոր եղջերավոր անասունները վաճառել է, հիվանդությունների բուժման ծախսը հոգացել, հիմա միայն 4 ոչխար ունի:

Ծանր ապրելակերպից ելնելով՝ գյուղի  երիտասարդները չեն ամուսնանում, ծնունդները քիչ են՝ տարվա ընթացքում  մինչև 3 ծնունդ, որով պայմանավորված նվազում է  դպրոցի աշակերտների թիվը: Համայնքի ղեկավարն ասում է, որ խորհրդային տարիներին մինչև 300 աշակերտ է սովորել դպրոցում, իսկ հիմա՝ 64: Այս տարի առաջին դասարան է հաճախել 5 երեխա:

«Մենք գյուղում հիմա ունենք մոտ 60-70 երիտասարդ, որոնք 30 տարեկանն անցել են ու չեն ամուսնանում»

«Խնդիրն էնա, որ իմ տարիքի, ինձնից մեծ ու փոքր  երիտասարդները չեն  կարում աշխատեն, ապրեն»

«Հնարավորություն չունեն ապրելու՝ չեն ամուսնանում: Աշխատանքի, ապրելակերպի պահով, որ ժողովուրդը տուն էլ չեն կարա ստեղծեն: Էս տունը, եթե մենք սովետական ժամանակաշրջանում չսարքեինք. մենք էլ չեինք ունենա»:

Զովասարում  խորհրդային տարիներին  գործարան է եղել, որտեղ արտադրվել են հեռուստացուցի մասեր: Այն ապահովել է  200 մարդու զբաղվածություն ոչ միայն Զովասար, այլև հարևան գյուղերից, ստացել են բարձր  աշխատավարձ: Հիմա աշխատատեղ չկա, խոպան քչերն են գնում, նախորդ տարիներին ճաշակել են Ռուսաստանի աշխատանքի դառը պտուղներն ու հրաժարվել մեկնելուց:  Գյուղացիների մի մասը Երևանում և հարակից քաղաքներում շինարարությունում  է աշխատում, մի մասն էլ Արմավիրի մարզում՝ գյուղատնտեսական սեզոնային աշխատանքներ կատարում: Գնում են, աշխատում և նորից  վերադառնում գյուղ, բայց  հեռացողներ եղել են:  Զովասարում մոտ 25 տան դուռ փակ է: Գուղի սոցիալական պատկերի վառ արտահայտությունն է նաև 1936թ-ին կառուցված և երբևէ չվերանորոգված  նախկին  գրասենյակի շենքը, որտեղ  հիմա գյուղապետարանն է:  Նույն  շենքի ներսում, գյուղապետարանի հարևանությամբ՝ անասնագոմ է:  Տարիներ առաջ,  նախկին գյուղապետը շինության պահեստային մասն օտարել է համագյուղացուն, նա էլ անասնագոմ սարքել, իսկ համայնքի չնչին բյուջեով համայնքապետարանի նոր շենք կառուցել չեն կարող:

Եթե  Արարատյան դաշտում այժմ տեղացիները վայելում են տաք աշունը, ապա  Զովասարում արդեն վառում են վառարանները:

Back to top button