ԿարևորՎերլուծական

Ադրբեջանում նոր ատոմակայանի կառուցո՞ւմ, թե՞ զինտեխնիկայի ձեռքբերում

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Ռուսաստանն Ադրբեջանին ատոմակայան կառուցելու առաջարկ է արել: «Ռոսատոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Լիխաչովի կարծիքով՝ Ադրբեջանում բավական դինամիկ աճում է էլեկտրաէներգիայի պահանջարկը: Միայն 2018 թվականին 14 տոկոսով ավելացել է էլեկտրաէներգիայի սպառումը:

«Ռոսատոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Լիխաչովը Սոչիում Պուտին-Ալիև հանդիպումից հետո հայտարարել է, որ Ռուսաստանն Ադրբեջանին ատոմակայան կառուցելու առաջարկ է արել:  Ընկերության նախագահն ասել է, որ ատոմակայանը կլինի այնպիսին, ինչպիսին կցանկանա Ադրբեջանը: Վերջինիս  կարծիքով, Ադրբեջանում բավականին դինամիկ աճում է էլեկտրաէներգիայի պահանջարկը, եւ ատոմակայան կառուցելը շահավետ արդյունքներ կտա: Նույն լրատվամիջոցը փոխանցում է նաև, որ,  ըստ պաշտոնյայի, 2018-ին Ադրբեջանում 14 տոկոսով ավելացել է էլեկտրաէներգիայի սպառումն ու արտադրությունը։ Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը Ռուսաստանի կողմից Ադրբեջանում ատոմակայան կառուցելը դիտարկում է որպես տարածաշրջանում իր ներկայության  գրավական: Սա Ռուսաստանի համար և՛ աշխարհաքաղաքական, և՛ բիզնես հարց է՝ ասում է:

«Այդ ատոմակայանները պետք է Ռուսաստանից ստանան և՛ վառելիք, և՛ սպասարկում, և՛ աշխատած վառելիքի ուտիլիզացում»:

Ատոմակայան կառուցելու հարցում քաղաքագետը մեկ այլ խնդիր էլ է տեսնում: Ռուսաստանն այսօր փորձում է Ադրբեջանին տեխնոլոգիապես ավելի բարձր մակարդակի հասցնել:  Ադրբեջանին ապահովելով միջուկային էներգետիկայի տեխնոլոգիաներով՝ հավասարեցնում է Հայաստանի ու Ադրբեջանի դիրքերը:

«Ադրբեջանն ունենալով ատոմակայան՝ ստիպված կլինի ավելի շրջահայաց լինել իր   ռազմատենչ նկրտումներում, որովհետև տարածքում ունենալ, այսպես ասենք, ստացիոնար ատոմային ռումբ, նշանակում է որոշակի ճշգրտումներ պետք է մտցնի իր քաղաքականության մեջ: Ես այժմ էլ վստահ չեմ, որ Ադրբեջանը կուզենա այդ գաղափարն իրականություն դարձնել»:

Քաղաքագետի կարծիքով՝ սա պետք է ընդունել ի գիտություն և հետևել իրադարձությունների զարգացմանը:

Էներգետիկ հարցերով փորձագետ Արա Մարջանյանի խոսքով՝ Հայաստանի հետաքրքությունը պետք է բևեռվի ավելի շատ մեր երկրում նոր ատոմակայանի կառուցման վրա։ Հապաղում ենք, Հայաստանը տարեց տարի կորցնում տարածաշրջանում ատոմային  էներգետիկայի  առաջատար դիրքը՝ ասում է: Էներգետիկայի հարցերով փորձագետն իր մասնագիտական դիտարկումներն է անում:

«Կարծում եմ դա մի մասն է ընդհանուր  գիտատեխնոլոգիական  նահանջի։ Տարատեսակ  ներազդումների և մտայնությունների ազդեցության տակ ատոմային տեխնոլոգիան և էներգետիկան ընկալվում են որպես ոչ մոդեռն, ընկալվում են որպես երկրորդական շատ ավելի պրոգրեսիվ համարվող քամու և արեգակնային էներգետիկայի համեմատ: Այդպիսի պնդումն իհարկե  ոչ մի հիմք չունի: Եվ դա ուղղակի միտումնավոր տարվող  քաղաքականություն է, որպեսզի կանխեն Հայաստանում տեխնոլոգիական զարգացումը»:

Ադրբեջանում ատոմակայան կառուցելու առաջարկները երկրի համար շահավետ են այնքանով, որ  կբավարարեն ներքին սպառումը:  Ադրբեջանը գիտակցում է, որ գտնվում է  էներգետիկ ճգնաժամի մեջ, ինչի վառ ապացույցն անցյալ տարի երկրում լայնամասշտաբ հոսանքազրկումներն էին։ Այնտեղ գիտակցում են նոր գեներացնող   հզորությունների անհրաժեշտությունը և այս առումով Ադրբեջանը  ճիշտ ճանապարհի վրա է, ասում է Արա Մարջանյանը և շեշտում մեկ կարևոր հանգամանք ևս: Տարածաշրջանում միշտ ընթացել է, ընթանում և կընթանա մրցակցություն տեխնոլոգիաների, ֆինանսների և ենթակառուցվածքային  խոշոր ծրագրերի իրականացման մեջ: Դրա ապացույցներն ունեցել ենք:

« 60-70-ականների Հայաստանին հաջողվեց  հիմնել ատոմային էներգետիկան և այդ հանգամանքը հանգիստ չէր տալիս  մեր անմիջական հարևաններին, հատկապես Ադրբեջանին։ 1981 թվականին Հեյդար Ալիևը  կարողացավ վիժեցնել  Հայաստանում երրորդ և չորրորդ բլոկերի կառուցումը և  փոխարենն առաջարկեց ատոմակայան կառուցալ Ադրբեջանում: Այնուհետև այդ բոլոր աշխատանքները սառեցվեցին։ Այդ նույն ժամանակ նա փորձում էր վիժեցնել նաև Որոտանի ՀԷԿ-ի շինարարությունը՝ առաջարկելով բոլորովին հորինված, այսպես կոչված, Մինգեչաուրիի ՀԷԿ-երի կասկադի շինարարությունը»:

Ռուսաստանի այս քայլը Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության ամրապնդում է նշանակում։ Զրուցակցիս խոսքով՝ ավելի լավ է Ադրբեջանը 8 մլրդ դոլար ծախսի ատոմակայան կառուցելու, քան՝ զինտեխնիկա գնելու վրա։  

Back to top button