ԿարևորՀասարակություն

Երկրաշարժից չվախեցող շենքեր

Գայանե Խաչատուրյան
«Ռադիոլուր»

Միտքդ ազատ պահիր` ասաց Աստված հային ու սովորեցրեց այն ճիշտ օգտագործելու ձևը։ Հայի մի տեսակ կար, որ այդպես էլ չսովորեց։ Փոխարենը՝ մյուս տեսակի մեջ ակտիվ էր սովորելու ջիղը և այն  սկսեց աշխատել։

1988թ.–ի Սպիտակի երկրաշարժը տասնյակ հազարավոր մարդկանց  մահվան պատճառ դարձավ: Մարդկային կորուստն այնքան մեծ էր, որ նյութի կորուստը չէինք զգում։ Ամենուրեք մահ, խեղված ճակատագրեր։ Տարիներն անցնում են։ Վերքը, իհարկե, չի սպիանում։ Մարդկանց մի մասը համակերպվում է դառը իրողության հետ, մի մասն էլ փորձում է ուղղակի մոռանալ։ Մարդիկ էլ կան, որ ոչինչ չեն մոռանում, ավելին, փորձում են պայքարել աղետի դեմ` բառիս ուղղակի իմաստով։ Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ Միքայել Մելքումյանին հուզող խնդիրը մեկն էր՝ Հայաստանում ունենալ սեյսմակայուն շենքեր։  

Պրոֆեսոր Միքայել Մելքումյանը գտավ երկրաշարժին դիմակայելու  իր տարբերակը։ Ռետինատեխնիկական սեյսմամեկուսիչների միջոցով, առանց բնակիչներին տեղահանելու, պրոֆեսորին հաջողվեց ամրացնելով՝ ոչ միայն բացառել շենքերի փլուզումը երկրաշարժի ժամանակ, այլև այդպիսով նաև կյանքեր փրկել։ Մենք` հայերս,  կարելի է ասել մասամբ գնահատեցինք պրոֆեսորի  գյուտը,  մինչդեռ աշխարհն անմիջապես հասկացավ դրա կարևորությունը։

Արձագանքը չուշացավ, աշխարհի տարբեր երկրներում սկսեցին ոչ միայն ամրացնել, այլ նաև կառուցել շենքեր Միքայել Մելքումյանի սեյսմամեկուսացման նախագծով։ Պրոֆեսոր Մելքումյանն այսօր էլ աշխատում է նույն նվիրվածությամբ և այսօր էլ նոր գիտական գաղափար է ներկայացնում, նոր տեխնոլոգիայով կառուցում է նոր տներ։ 

Կիսաշեն տան նկուղային հատվածում  փորձում եմ գտնել տարբերություններ այդ շենքի և Երևանում կառուցվող այլ շենքերի միջև։ Արտաքինից միանման շենքեր են, իրականում այս շենքը կառուցվում է նոր տեխնոլոգիայով։

Այս շենքերը երկրաշարժից չեն վախենում։ Նոր գիտական գաղափար  և նոր տեխնոլոգիաներով կառուցվող շենքեր։

Ինչպես ներկայացնում է պրոֆեսոր Մելքումյանը, այստեղ նոր գիտական գաղափար կա։ Կառուցվող երկու շեքերը տեղադրված են մեկ ընդհանուր սալի վրա։ Այս տարբերակով պրոֆեսորը պատրաստվում է կառուցել նաև բազմահարկ շենքեր։ Սեյսմամեկուսացման այս տեխնոլոգիան հսկայական միջոցներ տնտեսելու հաջող տարբերակ է։ Որոշակի տեղերում տեղադրված մեկուսիչները հնարավորություն են տալիս շենքն առավել անվտանգ կառուցելու։

Ինչպիսի՞ն է այսօր Երևանում շենքերի սեյսմակայունության վիճակը։ Միքայել  Մելքումյանն ասում է, որ մենք պետք է զբաղվենք Երևանում գոյություն ունեցող շենքերի ամրացմամբ։ Դա իհարկե մեծ խնդիր է և պահանջում է մեծ գումարներ, բայց իր առաջարկած տեխնոլոգիան թույլ է տալիս կտրուկ նվազեցնել պահանջվող գումարները։

Հարցիս պատասխանը փորձում եմ գտնել նաև ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն ՊՈԱԿ-ի կառուցվածքների սեյսմակայունության վարչության պետի տեղակալ Գուրգեն Նամալյանի օգնությամբ։ Սեյսմակայունության վիճակը՝ ըստ Նամալյանի իրականում վատ է։

Ասում է, որ պատճառները շատ են… բնակֆոնդի մեծամասնությունը  կառուցվել է խորհրդային միության տարիներին յոթ  կամ ութ բալ ուժգնության հաշվարկով։ Սպիտակի երկրաշարժից հետո սեսմիկ վտանգը վերագնահատվել է, և կոնկրետ Երևան քաղաքում սպասվող հնարավոր երկրաշարժը  կարող է լինել ինը բալ և ավել ուժգնությամբ։ Հին շենքերն իհարկե չեն կարող դիմակայել։ Փաստաթղթային առումով ամեն բան նորմալ է, իսկ գործնական քայլեր չեն արվել, ծախսատար, թանկ գործ է։

Միքայել Մելքումյանն ասում է, որ առաջարկած տարբերակով շենքերը կառուցվում են 30-40 %-ով էժան և զրույցի  ընթացքում հաստատում, որ Երևանում այսօր բնակֆոնդի 80 տոկոսի խնդիր ունենք։ Նաև կարճ հիշողություն ունենք և շուտ ենք մոռանում անցյալը։

Կարճ հիշողություն ունենալն իհարկե լավ չէ, բայց, մի մեծ բայց, մեզ կարող է բազում աղետներից փրկել։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close