ԿարևորՎերլուծական

Հանրային ռադիոյի ադրբեջանցի օգտատերերն արձագանքում են ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթին

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ-ի ամբիոնից ունեցած ելույթի, մասնավորապես՝  Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին պաշտոնական Բաքվի արձագանքը չուշացավ: Այդ մասին բավականին շատ հրապարակումներ եղան նաեւ հայկական մամուլում, ուստի՝ դրան չէ, որ ցանկանում ենք անդրադառնալ հիմա:

«Ռադիոլուր»-ը հետաքրքրվել է, թե Հայաստանի վարչապետի ելույթն ինչպիսի՞ արձագանք է գտել շարքային ադրբեջանցիների շրջանում. այս դեպքում ավելի ճիշտ կլինի ասել՝ խոսքը ադրբեջանական սոցցանցերի օգտատերերի  արձագանքների մասին է: «Ռադիոլուրը» ներկայացնում է Հանրային ռադիոյի ադրբեջաներենով տրվող հաղորդումների խմբագիրների դիտարկումները:

Հանրային ռադիոյի ադրբեջաներենով տրվող հաղորդումների բաժնի խմբագիր-թարգմանիչ Սաթենիկ Պետրոսյանն ասաց, որ էջում տեղադրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարությունների հատվածը, որտեղ նշվում է, որ առաջին անգամ է արվում հայտարարություն, համաձայն որի՝ հակամարտության կարգավորման լուծումը պետք է ընդունելի լինի նա՛եւ ադրբեջանի ժողովրդի համար:

Սաթենիկ Պետրոսյանի փոխանցմամբ՝ տեսանյութը թարգմանվել է ադրբեջաներեն եւ տեղադրվել ելույթի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 27-ին: Հետագա օրերի դիտարկումները ցույց են տալիս, որ այն բավականին շատ տարածում է գտել սոցցանցերի օգտատերերի շրջանում՝ ամենատարբեր խմբերում: Օգտատերերն անգամ տարածելու կոչեր են արել, որպեսզի ՖԲ-ի ցանցում կայքէջը արգելափակեն: Դրանով իսկ նպաստում են ելույթի տարածմանը՝ նկատեց Սաթենիկ Պետրոսյանը: Ինչ վերաբերում է ադրբեջանցի օգտատերերի գրառումների բովանդակությանը: Սկզբնական շրջանում հատկապես կեղծ օգտատերերն են շատ ակտիվ գրառումներով հանդես եկել՝ ծայրահեղական գնահատականներով.  

«Եթե դիտարկենք մեկնաբանությունները՝ մեծ մասամբ ազգայնական են, Իլհամ Ալիեւին գովերգող խոսքեր, նաեւ՝ պատերազմի կոչեր: Մեկ այլ օգտատիրոջ մեկնաբանություն՝ ինչու է Իլհամ Ալիեւը տունը նստել, եթե Փաշինյանը Ղարաբաղի ժողովուրդ է ասում, մինչդեռ՝ Ղարաբաղի ժողովուրդը ադրբեջանի ժողովուրդն է, տարածքը Ադրբեջանինն է, իսկ եթե Փաշինյանը նման ամբիոնից նման բան է ասում, ապա՝ Ադրբեջանի նախագահն ու փոխնախագահը փաստացիորեն երեւի մահացած են, որ նման ելույթ է ունեցել հայ առաջնորդը: Անգամ քննադատում են, որ հենց իրենց իշխանությունների քաղաքականության պատճառով է, որ միջազգային ասպարեզում կարողացել է հայ ղեկավարը նման հայտարարություն անել: Ալիեւը մեղադրվում է, որ ավելի թույլ է այս քաղաքականության մեջ»:           

Ցանկացած հայ ղեկավարի հայտարարություն Ադրբեջանում սոցցանցերի օգտատերերը միեւնույն հարթության վրա են դիտարկում՝ ծայրահեղական, վիրավորական որակումներով ու գնահատականներով: Նույնն է պատկերը նաեւ Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ-ի ամբիոնից ելույթի պարագայում՝ ասաց Հանրային ռադիոյի ադրբեջաներեն տրվող հաղորդումների խմբագիր-թարգմանիչներից Մարիետա Վարդանյանը:

«Իրենց առաջարկություններն են  միայն՝  պատերազմը սկսել: Իրենց ասելով՝  սպասում են միայն իրենց ղեկավարի հրամանին, բացառվում է խաղաղությունը»:

Սաթենիկ Պետրոսյանի փոխանցմամբ՝ ադրբեջանական սոցցանցերի գրառումներում բովանդակությունը նույնատիպ է, երբ խոսքը վերաբերում է հայերին, ընդհանրապես եւ Ղարաբաղյան հակամարտությանը՝ մասնավորապես: Այդպիսի զարմանալի օրինաչափություն կա ինչպես կեղծ, այնպես էլ իրական օգտատերերի գրառումներում:

«Եթե անգամ իրենք ներկայիս իշխանություններին քննադատում են, ապա միայն նրա համար, որ Ղարաբաղի հարցի շուրջ ավելի մեղմ են տրամադրված եւ պատերազմի չեն գնում»:

Հայ ղեկավարների, հայերի եւ Ղարաբաղի վերաբերյալ հայկական կողմից արտահայտված տեսակետներին տրված դրական որեւէ գնահատականի կամ արձագանքի, կարելի է ասել, ընդհանրապես հնարավոր չէ հանդիպել ադրբեջանական սոցցանցերում: Սաթենիկ Պետրոսյանը նկատեց, որ կան օրինակներ, երբ այդպիսիք անմիջապես հայտնվել են ոչ միայն Ադրբեջանի ղեկավարության, այլ նաեւ՝ հասարակության թիրախում: Ադրբեջանում առկա այդ պրակտիկայի եւ դրանով տարածվող վախի մթնոլորտի մասին հայ փորձագետների վերլուծությունները ներկայացնելու առիթների պակաս չենք ունեցել:

Back to top button