ԿարևորՀասարակություն

Ներառական կրթություն՝ մարդասիրությո՞ւն, թե՞ փակուղի

Լյուսի Քոչարյան
«Ռադիոլուր»

Խնդիրներ ունեցող երեխաներն ու նրանց ծնողները հայտնվել են փակուղում հանրակրթական դպրոցներում։ Ներառական կրթությունը, որն ստեղծվել էր հասարակության մեջ խնդիրներ ունեցողների ներգրավման համար, մարդասիրության սկզբունքներով, պարզվում է խնդիրներ է ստեղծում ե՛ւ խնդիրներ ունեցող, ե՛ւ մյուս երեխաների, ծնողների եւ ուսուցիչների համար։

Արմանը սիրում է մայրիկին, դիտել մուլտֆիլմեր, ուզում է խաղալ երեխաների հետ… խորանարդիկներով: Այն դպրոցում, սակայն, որտեղ սովորել է վերջին ամիսներին, նրա հասակակիցները՝ 11-12 տարեկան տղաներն ու աղջիկները, միանգամայն այլ հետաքրքրություններ ունեն: Արմանը չգիտի, որ ինքը խնդիր ունի: Դաունի սինդրոմ ախտորոշմամբ մարդիկ որպես կանոն չգիտեն, որ տարբերվում են:

Արմանը մեկն է այն հարյուրավոր երեխաներից, ում պետությունը հատուկ դպրոցից հանրակրթարան է ուղարկել: Կրթության նախարարությունում սա անվանում են «համընդհանուր ներառական գործընթաց»: Արմանի մայրիկը՝ Նաիրան՝ աղետ:

«Իրեն ուշադիր են եղել, իրեն հատուկ խնամք էր պետք, զուգարանից չէր օգտվում, հատուկ մասնագետներ կային, որ իրեն խնամում էին, ես հանգիստ կարողանում էի աշխատել»։  

Առաջ Արմանը Երևանի թիվ 11 հատուկ դպրոց էր գնում: Անցած տարի այն փակեցին: Նաիրային առաջարկեցին տղային սովորական դպրոց տանել: Ամենամոտը՝ Թաիրովի անվան դպրոցն էր:

«Դասարանի մեջ ինքը վտանգավոր երեխա է, երեխաների յուբկաները բարձրացնում է, գրիչով խփում է, չի հասկանում ինքը, բայց մնացած երեխաները հասկանում են, չեն ընդունում, ինքը անում էր տակը»,- ասում է Նաիրան։

Ուսուցիչն էլ իր բողոքն է հայտնում։ «Մենք այս ծրագիրը բերելով ՀՀ կրթության մեջ՝ ուզում ենք էմոցիոնա՞լ դաշտը բերել հավասարակշռության, թե՞ կրթական, և ինչի՞ ենք ուզում հասնել, և դրա հետ մեկտեղ ինչի՞ են հասնելու մնացած երեխաները»։

Ոսկեհատ Բաղրամյանն ուսուցիչ է: Խնդիրներով մարդկանց հետ աշխատելու նրա փորձն ահռելի է: Բայց նույնիսկ նա երբեմն չի պատկերացնում՝ ինչպես տակից դուրս գալ:

Ուսուցիչ. Այսինքն ես մտնում եմ դասարան, դուրս եմ գալիս ահավոր հոգնած, քամված, որովհետև ես պետք է հասցնեմ նրանց փոխանցել որևէ գիտելիք, որովհետև դա ինձնից պահանջում են»։

Ծնող. «Ասում եմ չեմ կարող սովորական դպրոց տանել, ասում են ի՞նչն է խնդիրը. Ճնշո՞ւմ են։ Երեխաս էն բաներն է անում, որ սովորական երեխան դա չի հանդուրժում, հրում է աստիճանների վրայից, սեղանների վրայով վազում է, գրիչով խփում է։ Տեսնում եմ՝ ես եմ վախենում իմ երեխայի արածներից»։

Ըստ ուսուցչի՝ հատուկ դպրոցները փակելը բացասական հետևանք է ունենալու թե՛ այնտեղի,  թե սովորական դպրոցների աշակերտների համար:

«Դնել թաց չոր խառնել, անունը դնել բարություն. մենք թանկ ենք վճարելու հատուկ դպրոցները փակելու համար։ Ունեինք երեխա, որ կարիքները հոգում էր դասարանում, մնացած երեխաները զզվել, նեղվել, հաց չէին կերել ամբողջ օրը»։

Ժանրի կանոններով այստեղ պետք է ասվի, որ չոր ու սառը բյուրոկրատական համակարգն անտեսել է մարդկանց ու նրանց խնդիրներով չի հետաքրքրվում: Իրականում, սակայն,  հանրապետական մանկավարժա-հոգեբանական կենտրոնը՝ նախկին գնահատման կենտրոնը, որը բաշխում է փակված հատուկ դպրոցների երեխաներին հանրակրթական դպրոցներով, ոչ պակաս ճգնաժամի մեջ է: Կենտրոնի նորանշանակ տնօրեն Արմինե Դավթյանը գիտե, որ հատուկ կարիքներով երեխաներին ուղարկում է դպրոցներ, որոնք բացարձակապես հարմարեցված չեն և դրա հետ ինչ- որ բան անել է պետք:

Կա նաև մեդալի հակառակ կողմը՝ Արմինե Դավթյանը պատմեց, որ գնահատման պրոցեսում գրանցվել է դեպք, երբ բարձր ֆինանսավորմամբ հատուկ դպրոցում չի բացահայտվել ծանր խնդրով և ոչ մի երեխա: Դպրոցը պարզապես վերակազմավորել են հանրակրթական դպրոցի:

«Այսօր էլ շատ ծնողներ պայքարում են, որ մենք չտանք նրանց երեխաների կարողությունների օբյեկտիվ գնահատականը, որպեսզի նրանք կարողանան հատուկ դպրոց գնալ»,- նշում է Արմինե Դավթյանը: Նորանշանակ տնօրենը նաև խոստովանեց, որ առկա ֆունկցիոնալ գնահատման գործիքակազմում բացակայում է հուզակամային ոլորտի, ընկալունակության մակարդակի գնահատումը: Կենտրոնը պատրաստվում է նոր գործիքներ մշակել և առաջարկել կառավարությանը:

Համընդհանուր ներառական գործընթացում քայլերը կարծես թարս հերթականությամբ են գնացել: Սկզբից փակվել են հատուկ դպրոցները: Եվ հիմա հանրակրթարանները նոր-նոր պետք է սկսեն հարմարեցվել իրավիճակին: Հանձնաժողովներ, մասնագետների ռեսուրս-բազա, ընթացակարգեր, մեթոդաբանություն, նոր հաստիքներ…

Իսկ մինչ այդ, երբ պատկան մարմինները փորձում են գլուխ բերել այս ամենը, Արմանի մայրիկը ՝ Նաիրան աշխատանքը թողած՝ կանգնած սպասում է տղայի դասարանի դռան դիմաց: «Դիմել եմ տնօրենին, ասել եմ տակը մաքրող ունեք, ասել է՝ ոչ, պետք է սպասեք դռան հետևում։ Բա եթե ես նստեմ դռան հետևում, մի ժամից վերցնեմ երեխային, ինչպե՞ս պահեմ նրան»,- հարցնում է։

Հատուկ խնամքի կարիք ունեցող երեխա, ծնող և ուսուցիչ՝ ահա այս եռակողմ բարդ խնդրի  մասին խոսեցի հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի՝ նախկին գնահատման կենտրոնի նորանշանակ տնօրեն Արմինե Դավթյանի հետ: Նա նշեց, որ համընդհանուր ներառական գործընթացն սկսվել է մարզերից. Տավուշում, Սիսիանում և Լոռիում դա արդեն արված է, իսկ այս տարի այն շարունակվում է Շիրակում, Երևանում և Արագածոտնում: Այս ծրագիրը ենթադրում է, որ բոլոր դպրոցները պետք է բաց ու հարմարեցված լինեն ներառվող երեխաների համար.

«Խնդիր առաջացավ գործիքներ փոխելու, միջազգային չափանիշներին հարմարեցնելու, խորքային գնահատում տալու ոչ թե բժշկական մոդելով, այլ ավելի սոցիալական մոդելով»:

Այս պահին կենտրոնում առկա է ֆունկցիոնալ գնահատման գործիքակազմը, որը կոչված է գնահատելու երեխայի ֆիզիկական, հոգեբանական, իմացական ընկալման, աշխարհընկալման հնարավորությունները: Գնահատումն իրականացվում է 3 մասնագետի օգնությամբ՝ հատուկ մանկավարժ, հոգեբան և սոցիալական մանկավարժ.

«Կարող է որոշվել, որ երեխան պետք է գնա հատուկ դպրոց, պահպանվել է չորս հատուկ դպրոց՝ հենաշարժողական խնդիրներով, մտավոր ծանր խնդիրներով, լսողական ու տեսողական խնդիրներով երեխաների համար»:

Դավթյանը նշում է, որ մանկավարժահոգեբանական կենտրոնի մասնագետների կողմից իրականացվել է փակված հատուկ դպրոցների երեխաների ֆունկցիոնալ գնահատում.

«Գնահատվել են բոլոր երեխաները հատուկ դպրոցներում ու տեղավորվել տարածքին համապատասխան դպրոցներ ըստ գնահատված հնարավորությունների: Շատ ծնողներ գիշերակացի խնդիրն իրենց վրայից թոթափելու համար հատուկ կարիք են ձևակերպել տվել հատուկ դպրոցներին, ու դրանք նախկինում ընդունել են այդ երեխաներին, բայց նրանք չունեն ֆունկցիոնալ խնդիրներ»

Նոր ֆունկցիոնալ գնահատման համար օգտագործվելու է կենտրոնի ներքին մասնագիտական պոտենցիալը: Կենտրոնը լայնամասշտաբ մոնիթորինգ է կատարում նաև հանրապետության ողջ մակարդակով մասնագետների ռեսուրս-բազա ստեղծելու ու գործում ներառելու համար:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close