ԿարևորՏեսանյութեր

Խնդիր՝ սմբուկի իրացման շուկայում

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Մամուլում այսօր տեղեկություններ հրապարակվեցին, որոնց համաձայն՝ Արմավիրի մարզում գյուղացիներն իրենց աճեցրած հսկայական քանակությամբ սմբուկն ուղղակի թափում են: Պատճառն այն է, որ գյուղացիների զայրույթը հասել է գագաթնակետին՝ չեն կարողանում իրացնել բերքը, գործարանների մի մասն արդեն չի ընդունում կամ ընդունում է բավական էժան գներով, ինչը գյուղացիներին չի բավարարում, քանի որ չեն կարողանում գոնե սպասարկել իրենց վարկերը, որոնք վերցրել են դեռևս գարնանը։

Տարածված այս տեղեկությունները մեզ հետ հեռախոսազրույցում կտրականապես հերքեց Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը: Այսօր տարածված այդ լուրերը, մասնավորապես սմբուկի իրացման հետ կապված խնդիրների մասով, իրականությանը չեն համապատասխանում՝ շեշտեց Արմավիրի մարզպետարանի պատասխանատու ներկայացուցիչը: Շեշտեց, որ նախորդ տարիների համեմատությամբ՝ սմբուկի իրացման հետ կապված խնդիրներ ընդհանրապես չկան եւ ավելի բարձր է եղել իրացման մանրածախ գինը.

«Այս պահի դրությամբ Արմավիրի մարզում սմբուկի իրացման խնդիրներ չկան: Ես կարող եմ ավելացնել նաեւ, որ վերջին տարիներին այս ժամանակաշրջանի համար ամենաբարձր գինն ունի սմբուկը: Մեր գործարանները՝ Արմավիր գյուղում տեղակայված Պռոշյանի գործարանը յուրաքանչյուր օր 20-25 տոննա սմբուկ է մթերում՝ 60-70 դրամով, իսկ այս պահի դրությամբ շուկաներում սմբուկը վաճառվում է 90-ից մինչեւ 120 դրամ՝ կախված դրա որակական հատկանիշներից»:

Ինչո՞վ կարող են պայմանավորված լինել նման լուրերի տարածումը: Արթուր Այվազյանը կարծում է, որ պատճառները կարող են տարբեր լինել, օրինակ՝ ոռոգման ջրի մատակարարման վարձերը չվճարելու հետ կապված կարող են լինել, սակայն, նրա հավաստմամբ, Արմավիրի մարզում անգամ այդպիսի խնդիր էլ չկա:

Խնդիրը մի փոքր այլ է Արարատի մարզում: Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Հայկազ Տերտերյանը մեզ հետ հեռախոսազրույցում չհերքեց սմկբուկի մթերման հետ կապված խնդրի առկայությունը: Այդպիսի իրավիճակներ միշտ էլ եղել են: Ասաց, որ պահ է լինում, երբ սմբուկի առաջարկը բավականին շատ է լինում եւ հիմա այդ պահն է, երբ մարզի պահածոների գործարանները բավականին մթերումներ իրականացրել են ու արդեն այս պահին չեն մթերում պահածոների համար, իսկ բերքի ավելցուկը մնում է, քանի որ շուկայում էլ պահանջարկը նվազել է:

«Մեր մարզում երկու գործարան կա, խնդրում ենք, մթերում են: Իհարկե, իդեալական չէ գործընթացը, բայց համեմատաբար ավելի տանելի է, քան թե ուրիշ մարզերում: Կարող է մի պահ լինի, մեկի մոտ մթերում չստացվի, բայց տեղավորվում ենք»:     

Հայկազ Տերտերյանը նաեւ նշեց, որ ժամանակին ինքը նույնպես սմբուկ մշակել է եւ հստակորեն կարող է ասել, որ եղել են տարիներ, երբ բերքը շատ է եղել ու մթերման հետ կապված խնդիր են ունեցել: Նոր բան չէ՝ շեշտեց զրուցակիցս: Խնդրի լուծման հնարավորությունների հետ կապված հարցին էլ այսպես արձագանքեց.

«Շուկա է: Եթե մենք կարողանանք արտահանենք, եթե գործարաններն ավելի շատ մթերեն՝ խոսքը սրա մասին է»:

Ըստ տեղեկությունների՝ գյուղացիները դժգոհում են, որ համապատասխան գերատեսչությունը ոչ մի քայլ չի անում մթերման հարցը կարգավորելու, գյուղացիների հետ աշխատելու ուղղությամբ, ինչի արդյունքում իրենք հայտնվել են անելանելի վիճակում։ Ի դեպ, գյուղացիները նաև շեշտել են, որ վիճակն ավելի է բարդացել գյուղնախարարության լուծարումից հետո:

Իրավիճակի հետ կապված պարզաբանումներ խնդրեցինք նաեւ Էկոնոմիկայի նախարարությունից, որը եւ կատարում է նաեւ գյուղնախարարության գործառույթները՝ վերջինիս լուծարումից հետո: Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը խնդրի հետ կապված փոխանցեց հետեւյալը.

«Այս տարվա սեպտեմբերի 25-ի դրությամբ ՀՀ-ում մթերվել է շուրջ 6200 տոննա սմբուկ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 4300 տոննայի դիմաց: Այսինքն, կարող ենք ասել, որ այս ժամանակահատվածում մթերման ծավալներն աճել են շուրջ 44.2 տոկոսով, ինչը վկայում է սմբուկի պահանջարկի մեծացման մասին: Այնուամենայնիվ, մենք փորձում ենք կապ հաստատել այս հրապարակման հետքերով եւ հասկանալ, թե որն է եղել տվյալ դեպքում մթերման խնդիրը»:

Մշակած բերքն իրացնելու դժվարություններ ունեցող գյուղացիները, սովորաբար, պնդում են նաեւ, որ գործարանները բերքն ընդունում են բավականին էժան գներով, ինչը նրանց չի բավարարում, քանի որ չեն կարողանում գոնե սպասարկել իրենց վարկերը, որոնք վերցրել են դեռեւս գարնանը:

Գյուղվարկավորմամբ զբաղվող ընկերությունների գնահատմամբ՝ խնդիրն այնքան տարողունակ է, որ միանշանակ պատասխան չունի, թե ինչի հետեւանքով է, որ գյուղատնտեսական վարկից օգտվող որոշ գյուղացիներ կանգնում են վարկի սպասարկման անհնարինության առաջ: Զրուցեցինք նաեւ գյուղվարկավորմամբ զբաղվող ընկերություններից մեկի՝ «Ֆարմ կրեդիտ»-ի վարկային մասնագետի հետ:

 «Էս պահին մենք կոնկրետ սմբուկի հետ կապված վարկերի վերադարձելիության խնդիր չունենք»:     

Հրանտ Եղիազարյանն ասաց, որ կոնկրետ իրենց ընկերության կողմից տրված  գյուղվարկավորումների հետ կապված խնդիրներ գրեթե չեն լինում եւ այս պահին էլ այդպիսիք չկան, քանի որ նախ՝ բավականին ճշգրիտ գնահատում են ռիսկերը, ապա նաեւ՝ վարկավորում են բազմապրոֆիլ տնտեսությունների, քանի որ ոլորտը բավականին բարձր ռիսկային է՝ կախված նաեւ բնակլիմայական պայմաններից:

Որոշ դեպքերում իրենք նաեւ գյուղատնտեսության նեղմասնագիտական համապատասխան ուսուցում են կազմակերպում, ինչը նույնպես օգտակար է եւ դա ցույց է տվել փորձը:

Ընդհանուր առմամբ, Հրանտ Եղիազարյանի խոսքով, խնդիրներ լինում են այն պատճառով, որ որոշ ֆինանսավորողներ ոչ ամբողջությամբ են պատկերացնում գյուղատնտեսությունը եւ ճիշտ չեն գնահատում գյուղացու տնտեսությունն ու  ֆինանսական հոսքերը:

«Վարկային տեխնոլոգիա է կոչվում այդ ամբողջը եւ եթե դու չես տիրապետում կոնկրետ գյուղատնտեսության ֆինանսավորման վարկային տեխնոլոգիային, դու միշտ խնդիր կունենաս՝ որպես ֆինանսավորող»: 

Գնահատման ոչ ճիշտ տեխնոլոգիաներ կիրառելով գյուղացիական տնտեսությունների ֆինանսավորումը ոչ թե օգուտ է լինում, այլ՝ վնաս այդ տնտեսություններին՝ եզրափակեց մասնագետը:     

Back to top button