ԿարևորՀասարակություն

Ադրբեջանցիներին երգով մոլորեցրած առաջին կին հրամանատարը

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Հայաստանի Երրորդ Հանրապետությունը 28 տարեկան է, ու այսօր որոշել ենք վերլուծություններ չներկայացնել տնտեսական ցուցանիշների, վարվող քաղաքականության, արտաքին մարտահրավերների վերաբերյալին, այլ՝ կին ազատամարտիկ՝ Ջեմմա Հովհաննիսյան հավաքական կերպարի ու պատմության միջոցով կանդրադառնանք 1988-2019 թվականներին.  արցախյան ազատամարտի սկիզբ, անկոտրում պայքար, հաղթանակի նկատմամբ հավատ, ընկերոջ կորուստ ու Հայկական բանակի կազմավորում:

«Հայրենիքը՝ սկսվում է մի բուռ հողից, հող սիրելուց ու խնամելուց, թե չէ, հողը կնեղանա ու բերք չի տա, եւ կորուստը մեծ կլինի»,- այս բանաձեւով է ապրում ՀՀ եւ ԼՂՀ  Արիության մեդալակիր, արցախյան պատերազմում երեք անգամ ծանր վիրավորված, ու այսօր մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիրակությամբ զբաղվող Ջեմմա Հովհաննսիյանը:

72-ամյան Ջեմմա Հովհաննիսյանը մարտական դիրքերում անցած կյանքի համար չի ափսոսում, ավելին՝ այսօր էլ է պատրաստ դիրքեր բարձրանալ, միայն կորցրած ընկերների չապրած տարիների համար է ցավ ապրում: Հեղինե Հովհաննիսյանին մարտական ընկերները ճանաչում են Ջեմմա անունով: Արցախյան շարժման առաջին իսկ օրվանից  տիկին Ջեմման հայրենի Փոքր Վեդի գյուղի տղամարդկանց հետ զենք է վերցնում ու միանում Երասխավանի պաշտպանությանը: Տիկին Ջեմման չէր կարող չգնալ, քանի որ մանկությունն անցել էր Արարատին հեռվից նայելով, եւ հորը պատգամը սրտում՝ «Նույն սխալը երբեք չկրկնել»։

Արիության մեդալակիրը 1988- 94-ին 5-րդ կամավորական բրիգադի վաշտի հրամանատարն է եղել: Մարտական հրամանները զինակից ընկերները կատարել են առանց քննարկման, քանի որ հրամանատարի վստահությունը  վաստակել էր արցախյան պատերազմի առաջին իսկ օրվանից՝ ասում է զինվորական համազգեստին մինչ օրս հրաժեշտ չտված 72-ամյա կինը եւ վերհիշում մարտական անցած ուղու մի քանի դրվագներ:

«Երասխավանի «Նաիրի» դիրքն ուներ 3 կրակակետ, որը պահում էին  6 զինվորով։ Հակառակորդի կրակոցից մահացավ լավ ընկերներիցս մեկը, մյուս տղաներին համոզեցի, որ նրան իջեցնեն և հուղարկավորեն։ Չնայած որ, նրանք չէին գնում, ստիպեցի ու  կրակակետում մնացի միայնակ:  2 գիշեր, 3 ցերեկ ոչինչ չուտելով վազում էի մի կրակակետից մյուսը՝ գլխարկներս  փոխելով ու տարբեր ուղղություններով կրակելով, այդ կերպ հակառակորդին ցույց տալով, որ մենք շատ ենք: Ձյունը որպես ջուր եմ օգտագործել` պահելով մեր համար կարեւոր կրակակետը։ Այնուհետեւ գնդապետ Մեջլումյանը, երբ ես մենակ հսկում էի կրակակետը, կապվեց ինձ հետ ու հարցրեց. «քանի՞ հոգով եք», ես էլ ասացի. «101», մեր խոսակցության համաձայն դա նշանակում էր` մեկ հոգի։ « Խելքդ գցել ե՞ս, 3-րդ օրն ա` 101 հոգով ե՞ք»՝ արձագանքում է գնդապետը, ես էլ ասում եմ, այո: Երբ արդեն իջա, նա արցունքն աչքերին ամուր գրկեց ինձ ու ասաց. «Քո անունը պետք է ոսկե տառերով գրվի»։

Չեմ հասցնում հաջորդ հարցս ձեւակերպել տիկին Ջեմման արագ-արագ, չխառնելով մարտական ուղու ժամանակագրությունը, Երասխավանից տեղափոխվում է Արցախ՝ Մարտակերտ ու սկսում պատմել՝ ցույց տալով դիպուկահարի զենքը ձեռքին իր լուսանակարը։ Հակոբ Կամարի գյուղի համար մղվող մարտերի ժամանակ, երբ սպառվում է զինամթերքը, տիկին Ջեմման  դուրս է գալիս խրամատից եւ սկսում է թուրքերեն երգել ու պարել՝ շեղելով հակառակորդի ուշադրությունը, մինչև մոտակա դիրքերից մեր ջոկատին զինամթերք  կհասցնեն:

«1993 թվականին Շահումյանի բնակչությունը տեղափոխվել էր Ակնաբերդ` Ումուդլու գյուղ, մի մասն էլ անտառներում էր: Մենք «Արծիվ 30 մահապարտներ» ջոկատի 17 մահապարտներով շրջափակման մեջ ընկանք: Իրանց ուղղաթիռները ռմբակոծեցին մեր հրետանին, ու ինչ պետք է անեինք մենակ զենքով: Տղաներից մեկն ասեց, կոմանդիր շրջափակման մեջ ենք: Ասի՝ հանգիստ։ նահանջ չկա, ով նահանջի, թող յուպկա հագնի: Պարկեք դրեք օդինոչնի եւ կրակեք: Ես էլ մոտեցա թշնամուն, շատ մոտ էր, ու թուրքերեն գիտեի, ու սկսեցի խոսալ: Թուրքերեն ասի, ընկերներ չկրակեք, ասի ես Նախիջեւանից եմ, ադրբեջանցի եմ, էս «մխտար» հայերը բռեցին, եկել էինք համերգ տալու: Հավատացին: Ադրբեջանցին ասաց, թե երգելու ես եկել, ուրեմն կարող ես երգել: Սկսեցի երգել, սրանք էլ այ  ջանե, այ  ջանե: Մի 30-40 րոպե սրանց զբաղեցրեցի, մեկ էլ մեր տղաներից մեկը գոռաց. «Կոմանդիր, մեր ավտոները»։ Գլուխս բարձրացրեցի, տեսա մեր Մաղավուզից դեպի Հակոբ Կամար են գալիս մեր զինվորները: Իմ ծառայած 15 տարիների ընթացքում չեմ լացել, էտ օրն եմ լացել, ու ձեռքս բարձրացրեցի ու ասացի՝ բանակս եկավ օգնության ու երգեցի՝ «այ ֆիդայի, ջան ֆիդայի»։ Սրանք հասկացան ու խփեցին: Վիրավորվեցի»:

Կին եւ պատերազմ, զինվորական համազգեստ եւ կանացի հագուստ. անհամատեղի չի համարում տիկին Ջեմման։ 1988 թվականից մինչ օրս չի հրաժարվում զինվորական համազգեստից ու պատմում է, որ պատերազմի տարիներին գրպանը միշտ շրթներկ է ունեցել՝ կարմիր գույնի, որը եւ գեղեցկանալու համար էր օգտագործվում, եւ որպես՝ կնիք: Արտասանած վերջին բառակապակցությունը ինձ թվաց, թե լավ չընկալեցի:

Հրամանատարին բնորոշ կտրուկ բնավորության համաձայն արագ հասկացավ միտքս, ու արդեն ծիծաղկոտ աչքերով ու քմծիծաղով հաստատեց՝ մանրամասնելով, որ երբ վերադասին գրավոր հետախուզական տեղեկատվություն էր փոխանցվում, շրթներկով հաստատում էր ուղարկողի անձը եւ տվյալների ճգրտությունը։ Անցյալը՝ ներկայով պատմող պատմությունն ավարտելուց հետո տիկին Ջեմման ցույց  է տալիս կոշտացած ու այտուցված ձեռքերը, եւ աչքերը վերեւ չբարձրացնելով հարցնում՝ «սրանք կնո՞ջ մատներ են», լուռ նայում եմ, ու մտածում՝ «ի՞նչ ասեմ», կռահելով, որ բառերի փոխարեն աչքերս են խոսում, տիկին Ջեմման շարունակում է, «պատերազմի տարիներին են ցրտահարվել ու այսպիսին դարձել»։

Տիկին Ջեմմայի թոռներն այսօր շարունակում են տատիկի գործը։ Երբ 2016 թվականին՝ ապրիլյան պատերազմի օրերին, հակառակորդը փորձ արեց մտնել Թալիշ, սահմանին ծառայում էր նաեւ տիկին Ջեմմայի թոռը: Երբ Փոքր Վեդիից զանգել է Արցախ՝ մարտական ընկերներից հետաքրքրվել թե ինչպե՞ս է փորձել հակառակորդը մտնել Թալիշ, ո՞ր ուղղությամբ, ասել են, հենց այն նույն դիրքն են փորձել գրավել, որի համար 1990-ականներին մարտեր են մղել Ջեմման ու իր  մարտական ընկերները։ «Արցախում չկա մի քար, որի վրա գլուխս դրած չլինեմ»,- ասում է այսօր արդեն պահեստի սպան:

Արցախյան պատերազմի դժվար տարիների մասին պատմող կինն այժմ զբաղվում է մատաղ սերնդի ռազմահայերնասիրական դաստիրակությամբ՝ համայնքի դպրոցում: «Սիրում եմ երիտասարդ սերնդին, նրանք մեզանից ուժեղ են, ու խիզախ: Դպրոցում պետք է կրթվեն մեր տղաները՝ սովորելով կարգապահություն, ու ռազմական տարրական գիտելիքներ, որպեսզի ունենանք ապահով ու հզոր հայկական բանակ»,- նշում է տիկին Ջեմման ու որպես պատգամ նշում, որ Անկախությունը պետք է վայելել, հայրենիքն էլ՝ շատ սիրել, իսկ հողը՝ շոշափել ամեն օր:

«Ով իրավունք ունի շփոթվի ու հող վերադարձնի, մի թիզ անգամ տալու իրավուքն չունենք: Ինչո՞ւ միշտ պետք է երգենք. «Քելե լաո, քելե էրթանք մեր էրգիր», կամ «ասկիարներ մեր աղջիկներ բռնին տարան»։ Տո, խի բռնեն տանեն: Բա մեր թասիբը: Պատիվն ու արաժանապատվիությունը աշխարհում ամենաթանկ բաներն են: Փողը պետք ա կենցաղի համար աշխատի, ասում են գործ չկա, ոնց չկա: Աշխատի: Հիմա նախանձում եմ մեր զինվորին, որ գնում տեսնում եմ պայմանները: Ես ուրախանում եմ, որ լսում եմ, որ դիրքերում խաղաղ է ու զոհ չունենք: Ամեն զոհի հետ զոհվում եմ, ամեն վիրավորի հետ արնաքամ լինում»:

Մարտական ուղու մասին պատմող այս պատմությունները փաստող նկարները տիկին Ջեմման տարիներ շարունակ խնամքով պահում է թղթե արկղերում՝ մահճակալի տակ:

«Ոչ թե թանկ չեն, որ դրել եմ մահճակալի տակ, այլ ուրիշ տեղ չունեմ դնելու»,- ասում հայրենիքի սահմանների պաշտպանության համար երեք անգամ վիրավորված կինը, ու հպարտ ասում, պատերազմի տարիներին շատերը հարստացան, ես՝ վիրավորվեցի, հիմա էլ հողագործությամբ ու պետության  կողմից տրվող թոշակով եմ ապրում:

«Երբեք ոչ մեկից, ոչինչ չեմ խնդրել»,- հպարտ հայացքով նայում է ինձ ու ցույց տալիս կապտած ոտքը, արկերի բեկորներից արդեն կորացած ողնաշարն ու ծռված ծոծրակը, ու ոտքի ցավը զսպելով քայլում դեպի ննջարան՝ բերելու շքանշաններով ու մեդալներով զարդարված զինվորական տոնական համազգեստը։

Խնդրում եմ, որ հագնի, որ նկարեմ, ասում է, «հիմա թափ տամ բերեմ, դարակս դուռ չունի՝ փոշոտվում է»։ Մեդալաներին կարեւորություն չտվող հայրենիքի պաշտպանը մեկ երզանք ունի՝ անցնել Մասիսն այն կողմ:

«Այս կողմում ապրում եմ, ուզում եմ այնտեղից էլ նայել ու մեռնել»։ Ընտանիքին հրամայել է, հուղարկավորել զինվորական համազգեստով, առանց ծաղիկների, փոխարենը ծածկել Արցախի դրոշով, որն էլ խնամքով պահում է իր թղթե տուփերից մեկում:

Տոնդ շնորհավոր Հայաստանի անկախության եւ սահմանների անառիկության համար ամեն օր պայքարող հայ զինվոր:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close