ԿարևորՀասարակություն

Վարչապետը խոստանում է նորից հանդիպել զոհված զինծառայողների ծնողների հետ

Այսօր վաղ առավոտից իրավիճակը սրված էր կառավարության շենքի մոտ: Այստեղ հավաքվել էին զոհված զինծառայողների ծնողները: Նրանք հանդիպում էին պահանջում վարչապետի հետ: Նիստի ընթացքում «Զինվոր» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը նստել էր  կառավարության մուտքի դռան դիմաց՝ փակելով մուտքը։ Կառավարության նիստից հետո նրանց մոտեցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Փոխհատուցում  տրամադրել իրենց այնպես, ինչպես աջակցություն են տրամադրում մարտական հերթապահության ժամանակ զոհված զինծառայողներին ու մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժածների հարազատներին»,- պահանջում էին կառավարության  շենքի  մոտ հավաքված  խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները:    

Մի քանի ժամ բողոքի ակցիան  շարունակվեց:  Կառավարության նիստից հետո ներքեւ իջավ եւ նրանց հետ հանդիպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցրեց՝ երբ 2018-ին  վարչապետ դարձավ,  ՀՀ զինծառայողների պաշտպանության հիմնադրամը վճարում էր 2017 թվականի  հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի համար։

«Առաջին որոշումներից մեկը, որ կայացրեցինք, այդ հիմնադրամի գործունեության ժամկետը երկու տարով տարանք հետ, այսինքն՝ սկսեց վճարվել 2014 թվականից»,- հստակեցրեց վարչապետը:  

Փաշինյանը հայտարարեց՝  ընդամենը յոթ ամիս անց այդ նույն 1000 դրամների հետ կապված որոշում կայացվեց, որ սկսել են   վճարել 2008 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի համար: Ընդամենը 1 տարվա մեջ վճարման դեպքերը 9 տարով հետ են տարել. 

«Պետք է հետ գնա այս հիմնադրամը մինչև 90-ականներ։ Դրա համար պետք  է, որ աշխատատեղերը գրանցվեն։ Երբ մենք որևէ տեղ որևէ հարց լուծում ենք, խնդրում եմ, թող ձեր ռեակցիան չլինի վիրավորվելը, թե ինչու այ նրա հարցերը լուծվեցին»։

«Հայաստանում կառավարություն է ձևավորվել, որ բոլորի հարցերը լուծելով գնում է։ Հնարավորություն տվեք մեզ, որ մեր հարցերը հերթով լուծենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Ես որպես վարչապետ ամաչում եմ, որ հիմա այսպիսի հարց է բարձրացնել, որովհետև համարում եմ, որ այս հարցը պետք է վաղուց լուծված լինի»,- շեշտելով, որ զոհված զինծառայողների ծնողների դիտարկումները ճիշտ են։

Կառավարության ղեկավարը տեղեկացրեց, որ երկու օրից  մեկնելու է, նկատի ունի ԱՄՆ աշխատանքային այցը, կվերադառնա ու ցանկության դեպքում նորից կհանդիպեն:

Back to top button