ԿարևորՄշակույթ

Սերգեյ Սմբատյանը՝ Մալթայի պրեմիերայի ու արհեստական բանականության մասին

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Արդեն մի քանի օր է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը գլխավորում է նաեւ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը: Առաջին՝ համատեղ համերգն արդեն եղել է, առաջիկայում նոր՝ տեխնոելույթներ են սպասվում:

Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբում արդեն գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի բեմելը տեղի է ունեցել Վալետայում, օրեր առաջ: Համերգային ծրագիրը կազմվել է հակադրությունների հիման վրա՝ ներառելով 20-րդ դարի ռուսական կոմպոզիտորական դպրոցի երկու խոշորագույն հեղինակների՝ Ստրավինսկու հեղափոխականությունն ու Ռախմանինովի քնարականությունը։

Սերգեյ Սմբատյանը նվագախմբի հետ աշխատանքի փորձ ունեցել է, ասում է` դիրիժորի ու գլխավոր դիրիժորի տարբերությունը պատասխանատվության էլ ավելի մեծ զգացողությունն է: Մալթայի հանդիսատեսին ծանոթ է, առաջին արձագանքը չի ուշացել:

«Ինչը, որ ընկալվեց հուսով եմ, որ լավ էր: Մալթայում հաճախ եմ լինում, հանդիսատեսի արձագանքը լսում ու տեսնում եմ, բայց արտիստի համար ավելի կարեւոր է նվագախմբի արձագանքը: Եթե նվագախումբը որոշակի աշխատանքից հետո ցանկանում է դիրիժորի հետ երկարատեւ աշխատել, ինչպես իմ դեպքում, դա մեծ պատիվ է»:

Իգոր Ստրավինսկու «Սրբազան գարուն» ստեղծագործությունն ու  Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը Մալթայի պրեմիերայի բաղկացուցիչ մասեր են եղել։ Երեկոյի ընթացքում որպես մենակատար հանդես է եկել դաշնակահար Ալեքսեյ Վոլոդինը։

Մալթայից վերադառնալով Հայաստան՝ հոկտեմբերի 6-ին Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի բացման համերգի ընթացքում համաշխարհային պրակտիկայում առաջին անգամ նվագախումբը դուրս կգա բեմ՝ ներկայացնելու հենց տեղում արհեստական բանականության կողմից ստեղծվող երաժշտությունը:

Նվագախումբը հատուկ միջոցառման համար ստեղծվել է  Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ ու ստացել WCIT համաշխարհային նվագախումբ անունը:

«Նվագախումբը կազմված է լինելու 15 երկրների ներկայացուցիչներից, այն երկրներից, որտեղ 1978 թվականից սկսած անցկացվել է WCIT-ն: Գաղափարախոսությունն այդ երկրների մեջ արվեստի շղթա գտնելն է»:

Դիրիժորին հարցնում եմ երկու նվագախմբերում իր աշխատանքի համատեղելիության մասին, ասում է՝  արտիստի կյանք է, ինչ համատեղելիության մասին է խոսքը: Ու վերջում ավելացնում՝ ուր էլ գնա, որ նվագախումբն էլ գլխավորի՝ առաջնայինն ու կարեւորն իր համար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն է՝ իր ստեղծածը:

Back to top button