ԿարևորՔաղաքական

Մեր երկրների միջև չլուծվող հարցեր չկան. ՀՀ-ում Վրաստանի նախկին դեսպան

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»

Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցը կրկին վերջին օրերին քննարկման թեմա է դարձել, և, հնարավոր է, որ  Վրաստանի խորհրդարանի խոսնակի Հայաստան ծրագրված այցի շրջանակներում այն օրակարգ բերվի։

Վրաստանում Հայաստանի նախկին դեսպան, այժմ Վրաստանի խորհրդարանի  նախագահի խորհրդական Թենգիզ Շարմանաշվիլին «Ռադիոլուրին» ասել է, որ ինքը երկու երկրների միջև խնդիրներ չի տեսնում․ «մեր երկրների միջև չլուծվող հարցեր չկան», ասել է նա՝ հավելոլվ, ընդամենը կան որոշ հարցեր, դրանցից մեկը հենց սահամանազատումն է, որ պետք է արդեն լուծվի, բայց ոչ հապճեպ։

Վրաստանում օգտատերերը վերջին օրերին սոցցանցեր են բերել հայ-վրացական սահմանազատման հարցը՝ կրկին ուշադրություն դարձնելով Խուճապի վանքին, որը գտնվում է սահմանին՝ Վրաստանի հայաբնակ Աղքյորփի գյուղից 2-3, իսկ հայաստանյան Պրիվոլնոյե գյուղից՝ 20-25 կմ հեռավորության վրա։ Նշվում է, թե Հայաստանի հետ սահմանի սահմանազատումն ավարտված է, և Խուճապի վանքը փոխանցվել է հայկական կողմին:

Ի պատասխան Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ սահմանազատման գործընթացը չի ավարտվել և Խուճապի վանքը չի փոխանցվել հայկական կողմին:

Գերատեսչության հաղորդմամբ՝ քանի դեռ պետական սահմանի սահմանազատումն ավարտված չէ, եկեղեցու գտնվելու վայրն օրինականորեն որոշված չի կարող լինել:

Հարցը, որ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալկվաձեի Հայաստան ծրագրած այցին ընդառաջ է բարձրացվում, Վրաստանում հույս ունեն, որ Երևանյան հանդիպումներում կքննարկվի։ «Ռադիոլուրին» Հայաստանում Վրաստանի նախկին դեսպան, այժմ Վրաստանի խորհրդարանի  նախագահի խորհրդական Թնեգիզ Շարմանաշվիլին ասում է․

«Սահմանազատումը դա երկրորդական հարցը չէ, որ արագ պետք է լուծել, սակայն արդեն տևական ժամանակ առկա այդ խնդիրը պետք է հանգուցալուծվի»։

Շարմանաշվիլին հայ-վրացական հարաբերություններում առանձնացնում է հենց այս խնդիրը, որի լուծումը ըստ նրա պետք է բավարարի երկու կողմին էլ՝ ստվեր չգցելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։

 «Երկու ժողովուրդները, որ կապված են ջերմ, դարավոր բարեկամական կապերով, անկախ իշխանությունների փոփոխություններից, զարգացնում ու ամրապնդում են մեր հարաբերությունները։ Այնպես, որ ես ուրախ եմ, որ մեր հարաբերություններն այնպիսի մակարդակի են արդեն, որ կառավարությունները այսօր կարող են միայն օգնել դրանց»։   

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն, որ պաշտոնը ստանձնեց Թբիլիսիում հունիսին մեկնարկած հակառուսական ակցիաների ֆոնին Իրակլի Կոբախիձեի հրաժարականից հետո, իր տարածաշրջանային պաշտոնական առաջին այցը կսկսի Հայաստանից։ Այս մասին ասում է Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Հենզել Մկոյանը՝ նշելով, որ, սակայն սեպտեմբերին նախատեսված այդ այցը հետաձգվել է Վրաստանի կառավարության փոփոխության ու սահմանադրական բարեփոխումները երկրի տարբեր հատվածներում ներկայացնելու պատճառով։

«5 տարի է Վրաստանի խորհրդարանի նախագահը պաշտոնական այցով Հայաստանում չի եղել։ Հարցը ես մշտապես բարձրաձայնում եմ։ Երկու հարևան ու եղբայր խորհրդարանական երկրների միջև շատ հարցեր են կուտակվել, պետք է ակտիվացնել խորհրդարանների մակարդակով երկրում երկրների հարաբերությունները»։

Ի դեպ, վերջին անգամ Վրաստանի խորհրդարանի նախագահը Հայաստան է այցելել 2015 թվականին։ Այդ ժամանակ Վրաստանի խորհրդարանը գլխավորում էր Դավիթ Ուսուփաշվիլին։

Back to top button