ԿարևորՔաղաքական

Հայաստանն Իսրայելում դեսպանություն կբացի

Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին որոշման նախագիծը: 

Դեսպանատուն բացելու անհրաժեշտոթյան մասին խոսեց եւ նախագիծը ներկայացրեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ նախ հիշեցնելով, որ  Հայաստանի Հանրապետության և Իսրայելի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են դեռևս 1992թ. ապրիլին: 

«Իսրայելում դեսպանություն ստեղծելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մերձավորարեւելյան տարածաշրջանում Իսրայելը հանդիսանում է կարեւոր աշխարհաքաղաքական դերակատար,  որի վարած քաղաքականությունն ուղղակիորեն ազդում է այդ տարածաշրջանի վերձեւավորվան եւ կայունության վրա։ Դեսպանություն հիմնելը միտված է նաև պետական մակարդակով ներգրավվելու բազմադարյա հայկական ներկայության, հարուստ պատմա-մշակութային ժառանգության, Հայ առաքելական եկեղեցու՝ Սուրբ վայրերի իրավատեր լինելու պահպանմանը»,-ասաց նախարար Մնացականյանը։    

Հայ-իսրայելական երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումն ապահովելու առումով, կարևորվում է հնարավորինս սեղմ ժամկետներում (2019թ. վերջ, 2020թ. սկիզբ) Թել Ավիվում ՀՀ դեսպանություն ստեղծելը:     

Վերջին տարիներին զգալիորեն աճել են հայ-իսրայելական երկկողմ համագործակցության զարգացման դինամիկան, ինչպես նաև տարբեր մակարդակներում շփումները:

2000-2008թթ. ընթացքում Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանն է եղել Էդվարդ Նալբանդյանը՝ նստավայրը Փարիզ, 2012-2018թթ. ընթացքում Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը համատեղությամբ նշանակվել է դեսպան Իսրայելում, իսկ 2018 թվականի մարտից Իսրայելի Պետությունում ՀՀ դեսպանն է Արմեն Սմբատյանը, նստավայրը՝ Երևան:

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ավելի վաղ՝ սեպտեմբերի 5-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել էր Իսրայելում դեսպանություն բացելու մասին՝ նշելով, որ Հայաստանը Իսրայելի հետ տեսնում է քաղաքական երկխոսության և հարաբերությունների զարգացման լավ հիմքեր։ Կա երկկողմ հանձնառություն՝ քայլեր ձեռնարկելու առկա ներուժը կիրառելու ուղղությամբ։

Նախարարի խոսքով՝ այս տարի Իսրայելի եւ Հայաստանի միջեւ բավականին բեղմնավոր գործունեություն է ծավալվել, եւ լուրջ հիմքեր կան երկու երկրների միջեւ հետագա համագործակցության զարգացման համար:

«Մենք ակտիվ աշխատանքներ ենք տանում աշխարհում մեր դիվանագիտական ներկայությունն ընդլայնելու համար: Մեր ռեսուրսները բավականին համեստ են, եւ մենք հաճախ դիմում ենք ձեւաչափի, երբ մի կենտրոնից միանգամից մի քանի երկիր ենք ծածկում: Մենք հստակ պատկերացում ունենք, թե ինչպես ենք զարգացնում աշխարհում մեր դիվանագիտական ներկայությունը»,- նշել էր Մնացականյանը:

Back to top button