ԿարևորՀասարակություն

Գնե՛լ միայն սպանդանոցային ծագման միս

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Մսամթերքի շուկայում բարեփոխումներ են կատարվել։ Առողջ ու անվտանգ միս օգտագործելու համար Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սպառողին առաջարկում է միայն սպանդանոցային ծագման միս  գնել։

Իսկ ինչպես շարքային սպառողը կարող է տարբերել, այսպես ասած, ճիշտ ու անվտանգ ապրանքը:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սպառողներին հորդորում է իրացման ցանցում ուշադրություն դարձնել համապատասխան պիտակների առկայությանը։ Դրանք  փաստում են, որ կազմակերպության կողմից մսի ձեռքբերման գործընթացը վերահսկիչի կողմից ստուգված է և իրացվող միսը ունի սպանդանոցային ծագում:

Տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական Արթուր Շատվորյանի խոսքով, սպանդանոցային միս ասվածը ենթադրում է, որ անվտանգության բոլոր չափորոշիչները պահպանված են հարյուր տոկոսով։ Սպանդանոցներն ունեն կենդանիներին տեղափոխող տրանսպորտային հատուկ միջոցներ, փորձաքննական լաբորատորիաներ, որտեղ մորթից առաջ անասունը ստուգվում է։

Մորթը կատարվում է սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխանող պայմաններում։ Միսը պահվում է հատուկ սառնարաններում, որտեղից այն տեղափոխվում է իրացման ցանցեր՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից սերիտիֆիկացված հատուկ սառնարան-մեքենաներով։ Տեսչական մարմնի ներկայացուցչի բնորոշմամբ՝ հենց այս շղթայով անցած միսն է համարվում անվտանգ։

Կա վերջնաժամկետ․ 2020 թվականի  հունվարի 15-ից ամբողջ հանրապետությունում թարմ մսի սպանդանոցային ծագումը կլինի պարտադիր սննդի շղթայի բոլոր օպերատորների համար, այդ թվում՝ իրացման և հասարակական սննդի օղակներ։  Հիշյալ ժամկետից հետո ոչ սպանդանոցային ծագման մսի վաճառքը ենթադրում է

Նշենք, որ պիտակներ և հավաստագիր է տրամադրվել «ՍԱՍ Գրուպ» ընկերությանը, որի բոլոր իրացման կետերում արդեն վաճառվում է միայն սպանդանոցային ծագման միս և մսեղիք:

Մենք այցելեցինք Իսահակյան 35 հասցեում գտնվող «ՍԱՍ» առևտրի կենտրոն, ինչպես ասում են՝ տեղում նորույթին ծանոթանալու, միաժամանակ հավաստիանալու՝ արդյոք ներկայացվում են մսի անվտանգությունը հաստատող վերոնշյալ փաստաթղթերն ու պիտակները։ Բաժնի աշխատակիցներին իմ հարցը սկզբում զարմացրեց, հետո պարզվեց, որ հավաստագիրն առկա է։ Բաժնին մոտեցած երիտասարդ մենեջերուհին կատեգորիկ ու բավականին կոպիտ հրաժարվեց մեկնաբանություն տալ, երբ խնդրեցի ռադիոլսողի համար ընդամենը հակիրճ ներկայացնել մսի իրացման նոր մոտեցումը։ Ձայնագրվելուց հրաժարվելն, իհարկե, նրա իրավունքն էր, բայց վերաբերմունքն, անկեղծ ասած, զարմացրեց։

Ինչևէ, որպես բարձր ռիսկայնությամբ արտադրանք, մսամթերքը, մասնավորապես թարմ միսը, մշտապես ԳԱԱ  Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ուշադրության առանցքում է։ Կենտրոնի   ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանի խոսքով, ոլորտում վերջին տարիներին գրանցված առաջընթացը ակնհայտ է, բայց վիճակը բավարար գնահատել, առայժմ դժվար է։

 «Նախկինում Երևան քաղաքում ունեցել ենք տարիներ՝  շուրջ 2-3 տարի առաջ, երբ մսի իրացման տաղավարների 80-90 տոկոսն ունեցել են բարձ ռիսկայնություն։ Ներկայում այս պատկերը փոխվել է, բայց փոփոխությունները հիմնականում կոսմետիկ բնույթ են կրում»։

Հուսանք, որ 2020-ի հունվարի 15-ից հետո փորձագետի բոլոր մտահոգությունները կփարատվեն։ Տեղեկացնենք, որ ՍԱՏՄ snund.am կայքում բացվել է հարթակ, որտեղ սպառողը կարող է  տեսնել, թե որ կազմակերպություններն են իրացնում կամ սպառում անվտանգ, այսինքն՝  միայն սպանդանոցային ծագման միս:

Back to top button