ԿարևորՀասարակություն

Սեփական ինֆորմացիան՝ սեփական «ամպերում» է անվտանգ

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Բարձր տեխնոլոգիական համայնքն իր առջեւ դրած խնդիրներից մեկը համարում է, որ պետք է հասնի թվային ինֆորմացիան Հայաստանում պահպանելու հնարավորությանը՝ դա կարեւորելով նաեւ անվտանգության տեսանկյունից: Նաեւ այս հանգամանքն է հաշվի առնում ՀՀ նորաստեղծ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ ոլորտի ռազմավարության մշակման ժամանակ:

Այդ աշխատանքներն ընթացքի մեջ են եւ փաստաթուղթն առաջիկայում ձեւավորված կլինի՝ վստահեցնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում: Այժմ նախարարությունում պատրաստվում են Հայաստանում առաջին անգամ կազմակերպել N2 համաժողովը, որին կմասնակցեն նաեւ ոլորտի համաշխարհային առաջատարներ:

Միջազգային այս հարթակը կարեւոր է ոլորտի իրավիճակի գնահատման ու զարգացման ուղիներ փնտրելու համար:

Հայաստանի թվային ինֆորմացիան սեփական ամպերում պահելու հնարավորությանը հասնելը բարձր տեխնոլոգիական համայնքի ձեւավորած օրակարգային հարցերից մեկն է: Այս մասին ասաց «Ինտերնետ հանրություն» Հ/Կ արտաքին կապերի ղեկավար Լիանա Գալստյանը:

Ինչպիսի՞ն են Հայաստանում սեփական սերվերների եւ ամպերի վրա թվային ինֆորմացիան պահելու հնարավորությունները: Լիանա Գալստյանի խոսքով՝ այսօր երկու մեխանիզմներն էլ գործում են; Նա շեշտեց նաեւ, որ դա ոչ միայն նախընտրության հարց է, այլեւ՝ անվտանգության:

«Մենք ուզում ենք հենց այս հարցերը, քննարկել, ներկայացնել բոլոր կողմերից՝ ո՞ր տեխնոլոգիան, ո՞ր միջոցն է ավելի նպատակահարմար օգտագործելու համար: Այսինքն, գործող միջոցներն արդեն կան, բնականաբար, կա նաեւ ներուժը, տեխնիկական հնարավորությունները՝ սպառազինումը: Այդ ամեն ինչը հնարավոր է, գործում է, առկա է, պարզապես, յուրաքանչյուրն ունի իր խոցելի կողմերը, անվտանգության կողմերը: Հենց այդ հարցերը մենք ցանկանում ենք քննարկել, բարձրաձայնել, որպեսզի բոլորը տեղեկանան եւ իրենց համար ինչ-որ եզրակացություններ անեն»:    

Գործնականում ի՞նչ քայլեր կձեռնարկվեն՝ պարզ կդառնա ինտերնետ կառավարման համաժողովի քննարկումների արդյունքում, որն էլ հենց այդ նպատակն ունի՝ բարձրաձայնել խնդիրներ եւ լուծումներ, որոնք կներկայացվեն ինտերնետ կառավարման խորհրդին:

Այն միջգերատեսչական հանձնաժողով է եւ իրավասու է լուծումների հետ կապված որոշումներ կայացնել: «Ինտերնետ հանրություն» Հ/Կ արտաքին կապերի ղեկավարը չի բացառում, որ գործնականում այդպիսի լուծումների տանող քայլեր կլինեն:

«Հնարավոր է, որ այնպիսի լուծումներ ներկայացվեն, որից, գուցե նաեւ, փոփոխություններ բխեն օրենսդրական դաշտում: Ինչո՞ւ ոչ»:     

Բարձր տեխնոլոգիական համայնքի ձեւավորած օրակարգը հաշվի է առնվելու ոլորտի զարգացման ռազմավարության մշակումներում՝ այս մասին վստահեցրեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը: Նրա փոխանցմամբ՝ այժմ միաժամանակ երեք փաստաթուղթ է քննարկվում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում: Դրանցից մեկը բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարությունն է, դրան հավելյալ՝ Հայաստանի թվայնացման կամ թվային ապագայի ռազմավարությունը, իսկ երրորդը ռազմարդյունաբերության ռազմավարությունն է:   

«Ներկայումս աշխատում ենք հենց այդ ուղղությամբ: Արդեն ունենք սեւագիր վիճակը, այսինքն՝ ընդհանուր պատկերն ունենք: Փստաթղթի տեսքով շուտով կներկայացնենք կառավարություն՝ քննարկելու համար»:

Մշակված ռազմավարությունները քննարկվելու են նաեւ բարձր տեխնոլոգիական համայնքի հետ, ներառյալ՝ ոլորտում գործող մասնավոր հատվածը: Ոմանց արդեն ներկայացվել են գաղափարները, ստացվել կարծիքներ, որոնց հիման վրա էլ մշակվում են ռազմավարական փաստաթղթերը: Արմեն Աբրոյանը վստահեցնում է՝ նման լայն-մասնագիտական քննարկումները շարունակական են լինելու: Նպատակը հստակ է՝

«Որ ունենանք որակյալ եւ հիմնավորված փաստաթուղթ եւ դրան հետեւող քայլեր»:  

Ոլորտի բազում հարցեր առաջիկայում քննարկվելու եւ լուծումներ են ստանալու Հայաստանում առաջին անգամ անցկացվելիք N2 համաժողովում, որը կմեկնարկի հոկտեմբերի 10-ին: Համաժողովի կարգախոսն է՝ «Միասին դեպի թվային ապագա»: Սա միջազգային կարեւորագույն մի հարթակ է, որտեղ առաջատար ոլորտի համաշխարհային փորձագետները, ցանցային օպերատորները, ծառայություններ մատուցող կազմակերպությունների, ինտերնետի եւ ՏՏ համայնքի ներկայացուցիչները ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր ու գաղափարներ են քննարկում, խոսում եւ տեղեկանում  ոլորտի նոր միտումների մասին, կատարում փորձի փոխանակում՝ բացահայտելով համագործակցության հնարավորություններ:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close