ԿարևորՀասարակություն

Գոշավանքը դառնալու է կրթամշակութային հոգևոր կենտրոն

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

Տավուշի թեմում գործող սոցիալական ծրագրերը  որոշակի չափով նպաստում են սահմանապահ գյուղերում ապրող ընտանիքների սոցիալական վիճակի բարելավմանը: Սոցիալական ձեռնարկությունում պատրաստում են մուրաբաներ, մեղրի խառնուրդային անուշեղեններ:

Թեմը ծրագրել է  Գոշավանքի հոգևոր կրթամշակութային կենտրոնի վերականգնումը, իսկ Իջևանում կառուցվող սոցիալ-կրթական կենտրոնի շինարարությունն արդեն ավարտվում է, որի բացումը նախատեսվում է հոկտեմբերի սկզբին:

Մեր  հոգևոր կառույցները՝ վանքերը, տաճարները, եկեղեցիները տուրիզմի գրավչության  առանցքն են: Վանական համալիրների մոտ  հաճախ  հանդիպում են փոքր շուկաներ, որտեղ վաճառվում են  տեղանքին բնորոշ ուտեստներ, ըմպելիքներ  և անուշեղեններ: «Վանքի անուշ» այսպես են պիտակավորվել այն մուրաբաներն ու մեղրի տեսակները, որոնք պատրաստվում են Տավուշի թեմի սոցիալական ձեռնարկությունում: Այն  գործում է արդեն  2.5 տարի: Մուրաբաները պատրաստվում են բացառապես անտառի բարիքներից: Թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը հոգևոր կյանքին զուգահեռ կարևորում է համայնքներում մարդկանց կյանքի որակի փոփոխությունը:

«Մեր վանքերի կարևորագույն խնդիրն է, որ իր հոգևոր բովանդակությունից զատ, որն առաջին նշանակությունն ունի մեզ համար, մենք դարձնենք նաև համայքնային զարգացման ծրագիր, այսինքն՝ համայնքների մոտ գտնվող վանքերը նպաստեն մարդկանց կյանքի բարելավմանը»:

Սահմանապահ գյուղերից շուրջ 30 ընտանիք մասնակցում է սոցիալական ձեռնարկության աշխատանքներին՝ սկսած բերքահավաքից մինչև պատրաստի արտադրանք: Սրբազան հայրը նշում է, որ հապալաս քաղելու համար մարդիկ  բարձրանում են մինչև 2500մ, հետո  տանում շուկա՝ վաճառելու: Այս դեպքում իրենց գործն ավելի է հեշտացել՝ 1-2 կգ-ի փոխարեն ավելի շատ են հավաքում և հանձնում իրենց:

«Վանքի անուշ» պիտակով արտադրում են նաև մեղրի տեսակներ, որը թեմի այս տարվա  առողջարարական ուսումնակրթական ծրագրերից է:

«Ունենք գիտնական, բժիշկ և մեղվապահ, այդ բոլորը համատեղված, իր հետ նաև երիտասարդ  օգնականներն են՝ կամավորներ: Մեր նպատակն է, որ իրենք գիտական հիմունքներով սովորեն մեղվապահություն և հասկանան, որ սա շատ կարևոր սկզբումնքեր ունի, որովհետև, իմ կարծիքով, արարչագործության զարդն է մեղուն»:

Գիտական հենքով շուտով կկազմակերպվեն նաև  մեղվապահության  դասընթացներ: Մեղրով անուշեղենները պատրաստել են շոկոլադի, ուրցի, պատրինջի՝մելիսայի խառնուրդով, համային փոփոխությունները նրանց համար է, ովքեր չեն սիրում մեղր: Բարերարների միջոցով մեծացնելու են մեղվաընտանիքների թիվն ու  մեղրի արտադրության  ծավալը:

«Մեր նպատակն է  նաև 2-3 տարվա ընթացքում մինչև 1000 փեթակ ունենալ և տարածել տարածաշրջանում, կարողանանք մեղրի արտադրանքի՝ ծաղկափոշու, մայրակաթի, բալասան խմիչքների, էլիքսիրների  ծավալը մեծացնել»:

Բագրատ սրբազանը նոր ծրագիր է կազմել Գոշավանքի վերաբերյալ, նախագիծն առայժմ խնամքով թաքցնում է՝ չտարածելու պայմանով, այն ուղղված է Գոշավանքի տաճարների նորոգմանը,  հոգևոր կրթամշակութային կենտրոնի վերականգնմանը, Գոշ գյուղի սոցիալական վիճակի բարելավմանը:

«Տաճարների վերանորոգումը մենք անելու ենք զանգվածային նվիրատվություններով և յուրաքանչյուր մարդու մասնակցությամբ: Դա գտնվում է նախնական փուլում, կազմվելու է հանձնախումբ, շուտով հիմնադրամ է հիմնվելու, բազմաթիվ մարդիկ են ներգրավված, խմբեր են ներգրավված: Մենք կարծում ենք, որ Գոշավանքը մեր ժառանգության կարևորագույն օջախներից է և կարող է դառնալ այնպիսին, ինչպիսին էր իր հիմնադրման ժամանակ՝  Մխիթար Գոշի օրոք»:

Հետո սրբազան հայրը բացում է նախագիծն ու պատկերավոր նկարագրում այն, ինչն առայժմ գծագրված է թղթին:

Ծրագրի համար նախեստված գումարը պայմանականորեն վերածելու են քարի, իսկ 1 քարի  նախնական արժեքը  կարող է լինել 1000 դրամ: Սրբազան հոր խոսքերով՝  յուրաքանչյուր ոք մասնակցելով կարող է իր 1 քարի ներդրումն  ունենալ կրթամշակութային կենտրոնի  վերականգնման գործում:

Իջևանի հրապարակում այժմ կառուցվում է քառահարկ  հոգևոր սոցիալ-կրթական կենտրոն, որտեղ  կլինի նաև Տավուշի թեմի առաջնորդարանը:  Շինարարությունը գրեթե մոտենում է ավարտին:

Կենտրոնն ունենալու է դասարաններ, աղոթատուն, հյուրատուն, ժողովասրահ, կինոդահլիճ, ճաշարան, վերելակ և այլն: Պայմաններ են ստեղծվել հաշմանդամություն ունեցող երեխաների տեղաշարժման համար:

Ցուցադրել ավելի
Back to top button