ԿարևորՀասարակություն

Ադրբեջանի համար հեռախոսները՝ հայկական շուկայում

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Հայկական շուկայում հայտնաբերել է ադրբեջանական շուկայի համար նախատեսված սմարթֆոնների մեծ խմբաքանակ: Դրանց մի մասը հայտնաբերել է համակարգչային, թվային ու ցանցային սրահներից մեկի հիմնադիրը և տեղեկացրել պատկան մարմիններին:

Հեռախոսների հայտնվելը տեղեկատվական անվտանգության հարց է և չի բացառվում, որ դրանց միջոցով հարեւան երկրի հատուկ ծառայությունները կարող են գաղտնալսել մեր քաղաքացիներին՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է համակարգչային տեխնոլոգաիների վաճառքով զբաղվող ընկերության ղեկավար Ներսես Ավդալյանը:

Բացահայտման արդյունքում՝ ընկերությունն անվստահության քվե է ներկայացրել մի քանի բրենդի միանգամից և սպասում է դրանց պաշտոնական արձագանքին։

Ներսես Ավդալյանը նշում է, որ ամեն ինչ սկսվել է նրանից, որ փորձել են հասկանալ, թե ինչով են իրարից տարբերվում օրինակ հայկական և ուզբեկական շուկայի համար արտադրված հեռախոսները:

«Օգոստոսի վերջում տեղական շուկայից մեր մտածելով ուզբեկական տարբերակն ենք ուզում գտնել «Սամսունգ» սմարթֆոնի, որ համեմատական անցկացնենք եվրոպականի հետ: Մոնիտորներն են ուրիշ, ավելի դանդաղ են աշխատում: Բրենդը իր սմարթֆոնը տարբեր երկրներ տարբեր որակներով է հավաքում և ուղարկում: Արտաքինից նույնն են, ներքուստ՝ տարբեր»:

Անպատասխան նամակներից հետո՝ Ներսես Ավդալյանը փորձում է սեփական հետաքննությունն անցկացնել և պարզել, ի վերջո, ինչ հեռախոս է ձեռք բերածը:

«Սմաթֆոնը սկսում է տարօրինակ դանդաղ աշխատել, ասես անտիվիրուս կա մեջը և դա արդեն իսկ կասկածելի էր: Որոշեցինք ստուգել, թե դա որ տարածաշրջանի համար է: Տվյալները լրացրեցինք, պարզվեց ոչ Հայաստանի համար է նախատեսված, ոչ Ռուսաստանի, ոչ էլ Մոլդովայի: Վերջինը մտքներովս Ադրբեջանն անցավ: Ստուգեցինք, հաստատվեց»:

Իրենց բացահայտման մասին ընկերությունը հայտնում է պաշտոնական էջում, հետևում են օգտատերերի մեկնաբանությունները: Պարզվում է, իրականում նման սմարթֆոնների թիվը շատ ավելի մեծ է, քան թվում էր առաջին հայացքից: Բայց ինչպես են դրանք հայտնվել մեր շուկայում:

«Սա արտադրվում է ադրբեջանական դիստրիբյուտորի պատվերով, գնում է Ադրբեջան, այնտեղից վերաարտահանվում է Վրաստան, Վրաստանից բերվում է Հայաստան: Հայաստան գալու 2 ճանապարհ կա՝ մաքսանենգություն, փոստային ծառայություն: Երկուսն էլ անվերահսկելի է: Խոսել եմ պետական այրերի հետ: Պատասխանել են, որ այդքանը վերահսկելու ռեսուրս պարզապես չունեն»:

Համակարգչային, թվային ու ցանցային սրահի հիմնադիրը վստահ է. մեր շուկայում ադրբեջանական շուկայի համար նախատեսված հեռախոսների հայտնվելը տեղեկատվական անվտանգության հարց է: Ըստ նրա՝ չի բացառվում, որ դրանց միջոցով հարեւան երկրի հատուկ ծառայությունները կարող են գաղտնալսել մեր քաղաքացիներին:

«Մի քանի րոպե առաջ են մեզ գրել: Վերջին մեկ ամսվա ընթացքում 2-րդ դեպքն եմ նկատում։ Համակարգչով աշխատելիս թուրքական կամ ադրբեջանական խոսակցություն եմ լսել»:

Լինելով ոլորտի մասնագետ՝  զրուցակիցս անգամ սրա բացատրությունն ունի:

«Երբ որ նույն ինֆորմացիոն հոսքով անցնում է երկկողմանի ինֆորմացիա, և շիֆրները խառնվում է, նման բան հնարավոր է: Բայց Հայաստանի և Ադրբեջանի շիֆրները չեն կարող խառնվել, որովհետև դրանց ինտերնետի մագիստրալները տարբեր են»:

Եթե անգամ մեր համակարգիչներն են խոցելի տեղեկատվության անվտանգության տեսանկյունից, ապա հեռախոսները ընդհանրապես պաշտպանված չեն, նկատում է զրուցակիցս:  Թե ինչպես են այս հեռախոսները հայտնվել Հայաստանում, հետաքրքրվեցինք Պետեկամուտների կոմիտեից:

Մեզ հայտնեցին, որ  Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքներն ունեն օրենսդրությամբ սահմանված ուղեկցող փաստաթղթեր, որոնց առկայության դեպքում է մաքսային մարմնի կողմից թույլատրվում է ապրանքի մուտքը Հայաստանի Հանրապետություն: Մնացած խնդիրները դուրս են ՊԵԿ-ի իրավասությունների շրջանակից:

Այս հեռախոսներն արդյո՞ք ազգային անվտանգության խնդիր են առաջացնում՝ հետաքրքրվեցինք տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանից: Մասնագետն իհարկե ոչինչ չի բացառում, բայց և չի կարծում, որ կոնկրետ դիտավորություն կա այդ հեռախոսները Հայաստան բերելու մեջ:

«Տեսականորեն այդ վտանգը կա: Պրակտիկորեն կարծում եմ, եթե Ադրբեջանում նման ծրագիր ունենային, այլ տեղի հեռախոսներ կբերեին, որովհետև հեռախոսի իմեյլի ստուգումը շատ տարածված է ու հեշտ:  Բացի դա՝ բավականին ծանր գործ է: Այդ քանակությամբ սմարթֆոն մտցնել՝ առանց իմանալու, թե ում ձեռքն է ընկնելու: Զգուշանալու կարիք միշտ կա, բայց եթե ամեն տեղ փնտրես ադրբեջանական հետք, գիշերները հանգիստ չես քնի: Եթե իսկապես նման խնդիր կա, ապա միայն մաքսանենգության ճանապարհով:

Համակարգչային, թվային ու ցանցային սրահի հիմնադիր Ներսես Ավդալյանը վստահ է՝ այս հեռախոսները Հայաստան են մտել անօրինական ճանապարհով: Նաև կարծում է, որ խիստ վերահսկողության պետք է ենթարկվեն նաև փոստային ծառայությունները, ինչի համար արդեն օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close