ԿարևորՀասարակություն

Սողունների բազմացում՝ Հայաստանում

Նունե Ավետիսյան
«Ռադիոլուր»

Հայաստանում այսուհետ սողունների են բազմացնելու։ Այդ նպատակով բացվում է սողունների պահպանության և բազմացման կենտրոն։ Ծրագիրն իրականացվում է ամերիկացի գործընկերների աջակցությամբ։

Հայաստանում կա 23 տեսակի օձեր, որոնցից թունավոր են միայն 4-ը՝ հայկական, լեռնատափաստանային եւ Դարևսկու իժերն ու գյուրզա:

Բացի գյուրզայից,  մյուս երեքը վերացման եզրին  են, գրանցված են Հայաստանի կարմիր գրքում: Հատկանշական է, որ թունավոր տեսակները  մեծ հետաքրքրություն ունեն որսագողերի շրջանում, քանի որ հազվադեպ հանդիպող տեսակ են, այն էլ միայն Հայաստանում:

ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և կենդանաբանության  գիտական կենտրոնի  կենդանաբանության թանգարանի վարիչ, սողունաբան Լևոն Աղասյանն է մանրամասնում.

«Մարդկային գործոնի հետևանք է: Շատ մարդիկ անօրինական զբաղվել են  կենդանիների առուվաճառքով: Կան այլ գործոններ ևս: Օրինակ՝  կլիմայի փոփոխությունը, որը վնաս է հասցրել հատկապես բարձր լեռնային գոտիներում ապրող սողունների  ապրելու վայրին, քանի որ նրանք վերարտադրվելու հնարավորություն ունեն նեղ արեալում»: 

Սողունների վարքագիծն  ու ապրելու վայրերը շուրջ 15 տարի  Հայաստանում ուսումնասիրել է Կանզասի կենդանաբանական այգու տնօրեն Ջեֆ  Էթլինգը: Նրա խոսքով՝ հատուկ  սարքերի միջոցով հայկական էնդեմիկ տեսակի սողունների ուսումնասիրությունների արդյունքում հետաքրքիր մասնագիտական բացահայտումներ են արել.

«15 տարի առաջ Հայաստանում  սկսեցինք ուսումնասիրել սողուններին և  նրանց շարժումները՝ վայրի բնության և գյուղատնտեսական նշանակության տարածքներում: Հատուկ ռադիոսարքեր ենք տեղադրել նրանց մարմնում ՝ հետևելու տեղաշարժին: Այն տարածքներում,  որտեղ կերի խնդիր չկա, օձերի ապրելավայրը  սահմանափակվում է  5 կմ  տարածքով, այսինքն՝ 5 կմ-ից ավելի չեն  անցնում, իսկ ահա մյուս վայրում, որտեղ կերի խնդիր կար, նրանց ապրելավայրը սահմանագծվում էր 25 կմ: Հայաստանում հանդիպող սողունների  տեսակները  բավականին հետաքրքիր են ուսումնասիրության և կարևոր՝ բնության համար»:

Տարիների ուսումնասիրության և  սողունների նկատմամբ մեծ հետաքրքրության արգասիքը եղավ Հայաստանում՝ Կոտայքի մարզում, սողունների պահպանության և բազմացման կենտրոնը։ Այն միակն է իր տեսակի մեջ և Կարմիր գրքի սողունների գենոֆոնդը  պահպանելու և վայրի բնություն վերադարձնելու նպատակն ունի։

«Կենտրոնը  բացառիկ է և Հայաստանում միակն է:  Անհրաժեշտություն առաջացավ ստեղծել մի կենտրոն, որի ուղղվածությունը կլինի սողունների պահպանությունը՝ հատկապես կարմիրգրքյան: Դրանք այն տեսակներն են, որոնց բնության մեջ բնական  վերարտադրությունը արդեն իսկ վտանգված է։ Կենտրոնի բացման իմաստը տեսակների  գենոֆոնդի պահպանությունն է, որպեսզի բնությունից իսպառ չվերանան»,- ասում է Աղասյանը:  

Այժմ կենտրոնում ավելի քան 2 տասնյակ սողուն կա, գիտնականներն ակնկալում են գալիք տարում դրանց թիվը մի քանի անգամ ավելացնել: Այս նպատակով կենտրոնում նաև բազմացնում են առնետների, որոնք որպես կեր են ծառայելու սողունների համար: Այժմ կենտրոնը նախատեսված է զուտ գիտական աշխատանքների համար, սակայն ղեկավարները  չեն բացառում, որ հետագայում այն կարող է բաց լինել նաև այցելուների համար:

Back to top button