ԿարևորՄշակույթ

Հնի ու նորի շաղախ. «Գաթա» բենդը նոր երաժշտական գործիք է ստեղծել

Գայանե Խաչատուրյան
«Ռադիոլուր»

Նոր երաժշտական գործիք, նոր երգեր և նոր հանդիպում երաժշտասեր հանրության հետ։ Կարո՞ղ է արդոք օգտագործվել երժշտական հին ու անպետք գործիքը։ Պատասխանը միանշանակ է. վարպետի ձեռքում այո, ավելին հմուտ վարպետի ձեռքում կարող է նոր ձայնով ,նոր գործիք դառնալ։

ՙԳաթա՚ բենդի գործիքավորող Գարեգին Առաքելյանի ունեցած ` թվում է արդեն անթիվ, անհամար գործիքներին, ավելացել է ևս մեկը։ Այս մեկը սակայն չեն գնել, ինքն է պատրաստել։ Չափերով մեծ այս հսկան շատ նուրբ ու ազդեցիկ է։ Տարիքով փոքր է` նոր է ստեղծվել, բայց արդեն հոգու հետ խոսելու վարպետ է։

Գարեգին Առաքելյանի խոսքով, գործիքի զսպանակների արտադրած հնչողությունը  հանգստացնող է և պարապելու ժամանակ յուրաքանչյուր տասնհինգ րոպեից հետո ստիպված հանգստանում է, քանի որ ուժեղ էներգետիկ դաշտն իրեն վերև է տանում, դեպի  նիրվանա։

Գարեգինն ունի գործիքներ, որոնք այսօր Հայաստանում չեն օգտագործում։ Կան այնպիսիք, որոնք օգտագործում են, բայց ոչ իրենց նման։ Ինքը ձևափոխում է ունեցածը և վստահ է, որ դրանք ոչնչով չեն զիջում մյուսներին։

Ըստ Գարեգինի՝ կա գործիք, որից Հայաստանում միայն ինքն ունի։ «Հենգդրամ»-ի մասին է խոսքը։ Այս ամենի մեջ փաստորեն չկար միայն մեկը. այն մեկը, որն էլ հենց ստեղծեց  ինքը։ Նոր ստեղծված գործիքին ֆանտաստիկ հնչողություն են տալիս թավջութակի լարերը։ Ռեզոնանսը  զսպանակների  միջոցով փոխանցվում է մեմբրանին և արդյունքում աննման  երաժշտություն է ստացվում։ 

Զսպանակները պատրաստելիս դժվարություններ են ունեցել։ Վարպետին մի կերպ համոզել է, որ համաձայնի զսպանակ պատրաստել։ Նույնիսկ պատվիրել է արտասահմանում, բայց անարդյունք։ Չի ստացվել։ Վերջապես համոզել է մեր  վարպետին  և արդյունքում ցանկալի  հաջողության հասել։

Ասում է, որ հայ վարպետները բոլորից լավն են

«Ինչ լավ է, որ մենք հայ ենք»,-ծիծաղելով ասում է Գարեգինն ու շարունակում պատմել իր ստեղծած նոր գործիքի մասին։

Գործիքը դեռ անուն չունի, բայց ինչպես երաժիշտն է ասում, գործիքն  ավելի հետաքրքիր դարձնելուց  և հայկականացնելուց հետո, անպայման անուն էլ կունենա։

Առաջին անգամ է հնչելու Հայաստանում, Օպերայի բեմում:  Վարպետն ինքն էլ է ուզում տեսնել, թե ինչպես է այն հնչելու մեծ բեմում։ Վստահ է, որ գործիքն իրեն մեծ բեմում  լավ է դրսևորելու։ 

Սեպտեմբերի 16- ին ՙԳաթա՚-ն  տաք — տաք վայելելու հնարավորություն ունենք։ Բենդն իր լավագույն քառյակով` Բարեշնորհ Անդրանիկ սարկավագ Մանուկյանի, գործիքավորող Գարեգին Առաքելյանի, փողային նվագարանների փայլուն մասնագետ Վահան Զաքարյանի  և հարվածային գործիքների վարպետ Արթուր Բալչյանի ներկայացմամբ ու յուրահատուկ մատուցմամբ խոստանում է հերթական անգամ զարմացնել նոր երգերով, այս անգամ նաև նոր գործիքով։

Անդրանիկ Մանուկյանը պատրաստվող  անակնկալի` նորի  մասին զգույշ է խոսում։ Ասում է, որ նոր գործիքով հնչելու են իր գրած  նոր երգերը։

«Եզակի ասելիք ու նպատակ ունենք։ Կներկայացնենք երեք նոր երգ, իսկ առաջիկայում կունենանք նաև այդ երգերի ալբոմները։  Մինչ այդ, առջևում Օպերայի համերգն է»,- ասում է Անդրանիկ Մանուկյանը:

Իսկ մեր հարցին, թե մտահոգություններ չունե՞ն, պատասխանում է.

«Մտավախություններ չունենք, քանի որ վաղվա օրը Աստված է տնօրինում, և քանի որ Աստծո հետ ենք, ամեն բան լավ է լինելու»,- ասում է։  

Աստծուց  հեռու չգնացողի համար, իհարկե ամեն բան լավ է լինում, իսկ հնի ու նորի հաջող շաղախից հաջողված «գաթաներ» են ստացվում, երբեմն նաև բենդի տեսքով։  Վայելել է պետք։

Back to top button