ԿարևորՀասարակություն

Ինչ է թաքցնում Սեւանը

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»

Սևանա լիճն ու Սևանի ավազանը մեր ուշադրության կենտրոնում հայտնվեց 2015 թ․ից, երբ հերթական սուզումներից մեկի ժամանակ ստորջրյա հոսանքը մեզ տարավ մի անհայտ ուղղությամբ, չդիմադրեցինք ջրի ստորջրյա հոսքին, որովհետև անհնար ու անիմաստ էր, հետո՝ ջրի հոսքը մեզ տեղափոխեց մի հետաքրքիր վայր, որտեղ կարծես թե բնակավայր հիշեցնող տարածքի մնացորդներ էին։

Բարեբախտաբար ջրային տեսախցիկն իմ հետ էր, և փորձում էի հնարավորինս տեսագրել, Ծովային հետազոտությունների «ԱՅԱՍ» ակումբի դայվինգ դեպարտամենտի ղեկավար Ռաֆայել Մկրտչանն էլ պատկերավոր ներկայացնել՝ թե քարերն ինչի է նմանեցնում։ Օրինակ՝ այս մեկը նման է քարակերտ տարայի, ինչի մեջ հնարավոր է հատիկավոր բույսեր մանրել, կամ՝ ձեթ հանել,  մյուսը՝ եթեքնուկի նմանվող քանդակ է հիշեցնում, մի քիչ այն կողմ սալահատակի նմանվող կանոնավոր քարեր են, ավելի խորքը՝ կանոնավոր պատի շարվածք, նույն տարածքում նաև ժայռաքանդակներ հիշեցնող պատկերներ կային։

Այս ամենը բնությունն է կերտել, թե՞ մարդը, կամ մի գուցե միասին՝ առաջին հայացքից դժվար էր պարզել։ Մոտավոր պատկերացում ունենալու համար դիմեցինք Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Հակոբ Սիմոնյանի օգնությանը։

«Սևանա լճի ավազանը բնակեցված է եղել դեռևս պղնձե –քարի դարյա ժամանակներից, հայտնաբերվել է Ծափաթաղ գյուղի տարածքում, այնտեղ վաղ բրոնզեդարյան շերտերը բավականին շատ են։ Հետագայում՝ միջին բրոնզեդարում, Սևանը դառնում է առանցքային կենտրոն»,- ասում է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Հակոբ Սիմոնյանը։

Սևանի հատակի տեսագրությունները քննարկեցինք Հակոբ Սիմոնյանի հետ։ 

«Սեպաձև փորվածքներ են, բայց շատ մեծ, սրանք սեպագրեր չեն կարող լինել․ օրինակ՝ մարդու ձեռքով քանդակներ ժայռի վրա։ Պետք է մեծ գործիքներ տարվի, որպեսզի կարողանաք էֆեկտիվ մաքրել, տեսնենք, գուցե և արտառոց բան է»։

Մի գուցե արտառոց բան է, սայկայն Հայաստանում զարգացած չէ ստորջրյա հնագիտության ճյուղը, նույնիսկ մեծ գործիքներ տանելով ինչպես աշխատել ջրի տակ, որ եթե հանկարծ հնագիտական հուշարձան լինի մեր անզգույշ շարժումներով չվնասվի։ Հարկավոր է ուսումնասիրել միջազգային փորձը։

Ամենահետաքրքիր վայրերից մեկը Ալեքսանդրիայի ծովածոցն է. միջերկրական ծովում, որտեղ 2 տասնամյակ առաջ Ֆրանսիացի ստորջրյա հնագետ Ֆրանկ Գոդդիոն հայտնաբերեց ջրասույզ եղած Հերակլիոն քաղաքը, կամ՝ Հերակլիոն-Թոնիսը։ Այստեղ էլ փորձառության առաջին հասցեն դարձավ։

Նկարահանումները սիրողական են, քանի որ այցի նպատակը ուսումնական էր։ Գոդդիոյին հանդիպել ցավոք՝ չհաջողվեց։ Առաջին ծանոթությունը Դոկտոր Աշրաֆ Սաբրիի հետ է, ով ստորջրյա 12 հայտնագործություն է արել, սիրահարվել եգիպտագիտությանն ու Ալեքսանդրիայում ջրասուզական կենտրոն ստեղծել։

«Դա մեծ երջանկություն էր ինձ համար Ալեքսանդրիայում ստեղծել մի կենտրոն և օգնել հետաքրքրասեր սուզորդներին այցելել ծովի տակ կորսված այդ մեծ քաղաքը, իր 11 000 հնագիտական ցուցանմուշներով»,- ասում է Կենսաբանական գիտությունների դոկտոր Աշրաֆ Սաբրին։ 

Դոկտոր Աշրաֆի(այդպես էին նրան կոչում) Կլեոպատրա կոչվող նավով ուղեւորվում ենք դեպի սպասված ծովածոց։ Եղանակը բավականին անբարենպաստ էր, սակայն մեր հետաքրքրասիրությունը անտեսեց անհարմարությունը։

«Այստեղ, ուր Նեղոսը Միջերկրական ծով է թափվում, հատակին մի ողջ քաղաք է ննջում՝ շուրջ 2300 տարեկան, կայցելենք աշխարհի երբենի 7 հրաշալիքներից մեկը, կտեսնենք Կլեոպատրայի պալատը, Ստորջրյա Սվինքսն ու Օբելիքսը»։

Առաջինն սուզումը Ալեքսանդրիայի փարոսի ավերակների մոտ է, հին աշխարհի հզորության մասին հսկայական սյուներն են պատմում։ Հորիզոնական սյուների  համապատկերում հին աշխարհի, թեկուզ տապալված, բայց հզոր տեսքից կարելի է շնչահեղձ լինել: Սակայն հույզերը զսպել է պետք, ջրի հատակին թթվածնի գերծախսից խուսափելու համար: Հաջորդ հասցեն Կլեոպատրայի պալատի ավերակներն են, սպասելիքներս ավելի մեծ էին, իրականությունը՝ տարբեր։ Ուղեկցորդս ցույց է տալիս քարեր, որոնք առաջին հայացքից ոչինչ չեն ասում, սակայն բացատրելուց և ուշադիր զննելուց հետո ակնհայտ դարձավ սֆինքսի մարմիը, առանց գլխի։ Պատմական աղբյուրների հիման վրա հայտնաբերված Կլեոպատրայի պալատի տարածքում, ինչը տեսնելու համար՝ ի դեպ, սուզորդ զբոսաշրջիկները մեծ գումարներ են ծախսում, հանկարծ հիշում եմ Սևանում իմ տեսած ու տեսագրած վայրի մասին, ինչն անշուշտ ավելի հետաքրքիր էր, սակայն այդ վայրի մասին անհնար էր պատմական որևէ վկայություն գտնելը:

Անհապաղ վերադառնալ ու նոր ուսումնասիրություններ սկսել էր հարկավոր: Ալեքսանդրիայի ծովածոցում Դոկտոր Աշրաֆն ու իր օգնականը ստորջրյա հնագիտության գործնական հմտություններ սովորեցրին, որ կիրառելի լինի Սևանա լճում։ 

Սևանը, սակայն, այս տարի մարդկության հետ վարվեց այնպես՝ ինչպես տարիներ շարունակ վարվում էին իր հետ, դաժան ու անբարեհաճ:

Այն, ինչ տարիներ առաջ տեսագրել էինք Սևանի հատակին, մասնագիտական լուրջ ուսումնասիրության կարիք ունի, հարկավոր է ավելի շատ փաստեր հավաքել լճի հատակից, պատմական աղբյուրների սակավությունը բարդացնում է առաջադրանքը, իսկ Սևանի վիճակը կրկնապատկում է ուսումնասիրությունների բարդությունը։

Ափամերձ հատվածում առերևույթ մաքուր ջուրը մի քանի մետր խորանալուց հետո կարծես փոխում է բաղադրությունը։ Բնակավայրի մնացորդներ հիշեցնող տարածքի փոխարեն մեզ դիմավորում է ցածր տեսանելիությունը, կամ գրեթե անտեսանելիությունը, ամենայն հավանականությամբ, զոոպլանկտոնների խիտ հոսքը և ջրում կախված լորձանման սպիտակ ծվենները։

Ամեն ինչ ավելի բարդ է, քան կարելի էր պատկերացնել։ Հարկավոր եղավ առավել շատ ռեսուրսներ, մեծ ծախսեր ու ավելի երկար ժամանակ։ Օրեր շարունակ Սևանի ափերը դարձան ապաստան ու վրանային կյանքի դպրոց, իսկ հետազոտությունների համար սուզումներն ամեն օր նոր մոտեցում էին պահանջում։ Ջրի հատակին Հնավայրի նմանվող տարածքը ծածկվել էր ավազով ու մեզ անծանոթ, սպիտակ լորձանման ծվեններով։ Ուսումնասիրություններն այս պահի դրությամբ ապարդյուն են, սակայն կարողացանք տեսագրել և հետևել, թե խեցգետինների ու ձկնապաշարի բացակայության պայմաններում ինչպես են ջրի հատակին ինտենսիվ բազմանում մեզ դարձյալ անծանոթ կենդանիները, ինչի մասին կպատմենք մեր հաջորդ թողարկմանը։

Back to top button