ԿարևորՀասարակություն

Արուճի երեխաների ցանկություններից մեկը կատարվում է, մյուսը՝ խոստացել են

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

Սուբվենցիոն ծրագրով  Արագածոտնի մարզի 32 համայնքում իրականացվում է 57 ծրագիր: Արուճ համայնքում  5 օր է սկսվել է  ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատումը, որի համար ներդրվել է 11 մլն 800 հազար դրամ: Նախկինում համայնքի  բյուջեով կարողացել են միայն մասնակի փոսալցումներ անել: 

Արուճ համայնքի  բյուջեի 55 տոկոս ներդրմամբ և պետական բյուջեի 45 տոկոս համաֆինանսավորմամբ  ասֆալտապատվելու է 700 մ երկարությամբ և 3.5մ լայնությամբ ներհամանքային 2 փողոց:

Որն է աշխատանքների ուշ սկսման պատճառը, համայնքի ղեկավար Բագրատ Մարտիրոսյանը պարզաբանում է.

«Տենդերա եղել, շահելա տենդերը, իմիջիայլոց ասեմ՝ մարզում էդ մի շինարարնա մասնակցում, թե խի՞ չեն ուզում մասնակցեն՝ չգիտեմ: Փարպին վերջացրելա, եկել մեր մոտ, շիբիններնա լցնում արդեն»:

Նախագծով 16 մլն դրամ պահանջող աշխատանքները մրցույթի արդյունքում  իրականացվում են 11մլն 800 հազար դրամով:  Ճանապարհների բարեկարգումը գյուղի մտահոգող խնդիրներից  է:

«Մեր ճանապարհների խնդիրներնա, որ չի վերանորոգվում, գյուղապետարանի բյուջեն քիչա, չի կարողանում»:

«Ճանապարհները պատրաստեին, որ ամեն տարի հեծանիվի ակ չփոխենք, կամեր չծակենք»:

Արուճ համայնքի տարեկան բյուջեն 32 մլն դրամ է, որից 19 մլն դրամը՝ դոտացիա: Տեղական բյուջեն համալրում են հիմնականում  ծիրանից ու անասնապահությունից ստացված եկամուտներով: Ծիրանի սեփականաշնորհված  այգիները 36 հա են, բայց այս տարի բերքն ավելի քիչ էր և արտահանվել է շուրջ 140 տ ծիրան՝ 1 կգ  400-450 դրամով:  2200 հա վարչական տարածքից 900 հա ոռոգելի մշակվող հողեր են, 20-30 տոկոսն՝ անմշակ: Համայնքի ղեկավարի խոսքով Արզնի-Շամիրամ ջրանցքից վերև գտնվող հողերը չեն ոռոգվում, հողերը նաև գերնորմատիվային են, ջրի կորուստը շատ:

Արուճում գյուղացիների հույսը միայն այգիներն ու մշակովի հողերը չեն, որոնք հաճախ տուժում են բնական արհավիրքից, նաև զբաղվում են  անասնապահությամբ: Գյուղում հաշվառված է շուրջ 1000 գլուխ խոշոր եղջերավոր անասուն՝ հորթերի հետ միասին և 500 գլուխ ոչխար: Անասնապահությամբ  է զբաղվում նաև 22-ամյա Համլետ Պարսամյանը:

«10 ցուլ եմ պահում, հիմա սարերում են, ձմեռն իջնում են: Ծառի մշակումը, ոնց որ 50-50 լինի, չես կարա ասես՝ ինչ կլինի, կարկուտ կգա, ցուրտը կտանի, դրա համար էս ավելի նախընտրելի տարբերակա: Մտադրվել եմ շատացնել, բայց ժամանակի ընթացքում, ֆինանսների հարց կա, խոտը առնում եմ, գարին առնում եմ, անասունը առնում եմ՝ տակը բան չի մնում»:

Ունեցած 4000 քմ հողատարածքի վրա առվույտ է ցանել, բայց դա բավարար չէ, հողի որակն է ցածր, խոտը գնում են: Անասնապահությամբ զբաղվելու համար գյուղացիները ցածր՝ 5  տոկոսադրույքով վարկեր են վերցրել և անասուններ գնել: Համլետ Պարսամյանն ասում է, որ առանց չարչարանքի ոչնչի չեն հասնի, պետք է տանջվեն, որ արդյունք ունենան, զրույցը շարունակում է նաև հայրը՝ Գեղամը:

«Ես մեր գյուղից տեղ չեմ գնա, մեր գյուղը շատ լավ գյուղա»:

«Սիրում ենք մեր գյուղը, որ աշխատեն ամեն ինչ էլ կլինի, կունենան, ապագան էլ հետը կլինի, էլի»:

Գյուղը սիրում են նաև երեխաները, նրանք ցանկացած անծանոթի պատրաստ են ուղեկցել իրենց տեսարժան պատմական վայրերը, ցանկություն էլ չունենան՝ կհամոզեն: Հայկին, Աղասիին ու Արսենին հանդիպեցի հուշաղբյուրի մոտ: Երեխաների արևից խանձված դեմքին շողացող աչքերում լուռ երևում էր իրենց տարիքից ավելի հասուն լինելը: Խաղին քիչ ժամանակ են հատկացնում, հիմնականում օգնում են ծնողներին, հետևում՝ պատմամշակութային կոթողների տարածքների մաքրությանը: Հասցնում են զբաղվել ըմբշամարտով ու պարով:

«Ես հրշեջ եմ ուզում դառնալ, որ մարդկանց ամեն մի վատին-լավին հասնեմ, էլի: Որ դաշտում գործա լինում, կամ ընկերս օձ է տեսել, որ կարողա իրան վնասի՝ օգնում եմ: Մենք գնում ենք լիճ ձուկ բռնելու, ձկան հետ օձ էլա հանդիպում: Գետնի վրայի բոլոր օձերը ջրում էլ են լինում: Մեր մոտ ամեն ինչ կա՝ գյուրզա, շախմատօձ, հայկական իժ»:

Երեխաները սովորել են տարածքի օձերին: Ազատ ժամերին ֆուտբոլ են խաղում: Գյուղում 2 մարզադաշտ կա, մեկը դպրոցի բակում, մյուսը գյուղապետարանին հարակից տարածքում, մեկում դարպասները միայն մետաղաձողեր են, մյուսում՝ ցանցը հնամաշ ու պատռված: Երեխաների ցանկությունն այնքան էլ մեծ չէ՝ նոր ցանց են ուզում:

«Էս ցանցը լրիվ պոկված էր, մենք ենք թելերով քաշել, կապել, որ կարենանք խփենք, հանկարծ գնդակը դուրս չելնի: Մյուս կողմում էլ Էս գնդակը տշում ենք, թռնում էր էն մարդու բախչեն, էս մարդն էլ բերեց սետկա քաշեց, բայց հիմի էլ ասում են՝ կամաց խփեք, որ հանկարծ չպոկվի»:

Համայնքի ղեկավար Բագրատ Մարտիրոսյանը խոստացել է նոր ցանց գնել ու երեխաներին ուրախացնել:

«Էտի շատ մեծ գումար չի, բյուջեով կնախատեսենք, մինչև տարեվերջ կլինի, կառնենք, խնդիր չի»:

Արուճ գյուղում կա 276 տուն և 376 ծուխ, բնակչության փաստացի թիվը 1148 մարդ է: Գյուղում արտագաղթ եղել է 90-ականներին, հայերի հետ հիմնականում հեռացել են ազգային փոքրամասնություն կազմող եզդի ընտանիքները, գնացել են Ռուսաստան, արտասահման: Շուրջ 50 տան դուռ տարիներ շարունակ փակ է եղել, հիմա դրանք սկսել են բացել նոր տերերը: Երիտասարդների մի մասն ամուսնացած չէ, աշխատանք են փնտրում Երևանում, հարակից բնակավայրերում, մի մասն էլ մեկնում է արտագնա աշխատանքի: Արուճի միջնակարգ դպրոցում այս տարի 1-ին դասարան է հաճախել 21 երեխա, իսկ ծնվել է  2-3 երեխա: Համայնքի ավագանին արդեն 10 տարի յուրաքանչյուր նորածնի համար ընտանիքին վճարում է 25 000-ական դրամ պարգև:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close