ԿարևորՏնտեսական

Կրկին Ամուլսար. դեմ եւ կողմ

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Երևանում այսօր երեկոյան Ամուսլարի փրկության երթ է մեկնարկելու: Վարչապետ  Նիկոլ Փաշինյանի՝ Ամուսլարի հանքավայր տանող  ճանապարհները  բացելու  հորդորից  հետո էլ ճանապարհը շարունակում է փակ մնալ:

Ջերմուկցիները  կառավարությունից նոր պատասխան են  ակնկալում: Մինչ այդ, «Ռադիոլուրն» այսօր մեկ անգամ ևս լսել է երկրաբանների մասնագիտական վերլուծությունները:

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման  ամբիոնի վարիչ  Շահեն  Խաչատրյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում մանրամասն անդրադարձել է հանքավայրում առկա պաշարներին, խոսել ռիսկերի մասին:

Երկրաբանության ինստիտուտի տնօրեն  Խաչատուր Մելիքսեթյանն է իրենց վերլուծությունն է ներկայացրել:

«Ճիշտ այնպես, ինչպես  16 ամիս փակ ենք  պահել, այժմ էլ շարունակելու ենք փակ պահել դեպի Ամուսլարի հանքավայր տանող ճանապարհները»,- «Ռադիոլուրին» փոխանցեց Ջերմուկի բնակիչ Ահարոն Արսենյանը: Հետքայլ չկա՝ վստահեցրեց.

«Ջերմուկի բնակչությունը չի ցանկանում փոխել իր սոցիալական ուղղվածությունն ու դառնալ հանքարդյունաբերական քաղաքի բնակիչ: Մենք սովորել ենք ապրել տուրիստական քաղաքում:  Որոշել ենք ավելի զարգացնել մեր քաղաքը»:

 Իսկ վարչապետի՝ Ամուսլարի հանքավայր տանող  ճանապարհները  բացելու  հորդորից  հետո էլ  հենակետերում ամեն ինչ խաղաղ է՝   

«Մենք չենք էլ սպասում որևէ բան, քանի որ դա հեղափոխության սկզբունքներին դեմ կլինի»:

Եվ քանի դեռ ժամանակ կա, «Ռադիոլուրը» որոշեց  մասնագիտական կարծիք ստանալ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման  ամբիոնի վարիչ Շահեն Խաչատրյանից:

Նախ՝ Ամուլսարի հանքավայրում առկա պաշարների  մասին: Հայաստանի բոլոր հանքավայրերում, նաև՝ Ամուլսարում 1 տոննա հանքաքարի մեջ միջինը 3 գրամ ոսկի կա: Խորհրդային տարիներին սա ձեռնտու քանակ  չէր: Իսկ այժմ ձեռնտու է, քանի որ նոր տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր է ավելի ցածր  պարունակության հանքաքարերից  ոսկի կորզել՝ ավելի քիչ  ծախսով:

Երկրաբանի խոսքով՝ «Լիդիա Արմենիան»-ն ընտրել է կույտային տարրալվացման  եղանակը.

«Ինքը բավականին էժան է, դրա համար հարստացուցիչ ֆաբրիկա պետք չի կառուցել: Փոս է փորվում, կցվում է հանքաքարը ցայվում է ցիանի մեջ: Ցիանը ոսկին գտնում է, հանում է, դառնում է լուծույթ: Այն գնում է ոսկու կորզման արտադրամաս, որտեղ ոսկին վերցնում են»:

Մոտ 90 տոննա հաստատված պաշարներ կան: Կորզվող ոսկու քանակը  մոտավորապես 73 տոննա է  լինելու՝ ըստ «Լիդիան Արմենիա»- ի փաստաթղթերի: Կարծում է, որ նման պաշարներ կան: Ոսկուց  բացի այստեղ նաև արծաթ կա:

«Մկնդեղ, պղինձ, երկաթ, կապար կան: Այդ մասով կարող ենք հանգիստ լինել:  Այնպես չէ, որ այնտեղ արժեքավոր բաներ կան ու մենք չգիտենք: Ուրան ու թորիում կա հաշվետվություններում, սակայն, եթե մի պահ ընդունենք, որ ուրանի կուտակներ կան, դրանց քանակը մոտ 100 տոննա էր»:

Ռադիոակտիվ տարրերի մասին  տեղեկատվություն կա «Լիդիանի»  հաշվետվություններում՝ ասում է:

«Ուրանի փոքր հանքավայրերը պետք է ունենան առնվազն 1000 տոննա ուրանի քանակ, այստեղ մենք տեսնում ենք, որ ընդամենը 100 տոննա է»:

Խաչատրյանին հատկապես  ստորգետնյա ջրերն են անհանգստացնում: Հատկապես՝ Ջերմուկի հանքային ու ընդհանրապես  քաղցրահամ  ջրերի վրա  ունեցած  ազդեցության մասին է խոսում:

Թթվային դրենաժների մասին. «Ծծմբի ու երկաթի բնական միացություն է, երբ որ անձրև է գալիս օքսիդացման գործընթաց  է  սկսվում: Դա վերածվում է լիմոնիդի ու ծծմբական թթվի՝ կիսլատա: Բացահանքեր են լինելու, մոտ 150 հա անձրևներ են գալիս, լցվելու են, ջուրը ճեղքերով ներծվվելու է իջնի ներքև»:

Երկրաբանության ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝  հանքավայրի  Ջերմուկի ջրերի վրա ազդեցություն չի կարող լինել.« 2014-2016թվականներին մանրակրկիտ  հետազոտություն ենք իրականացրել՝  միջազգային նախագծերի շրջանակներում: Ուսումնասիրել ենք Ջերմուկի ջրերի առաջացումը: Մեր  կարծիքով Ջերմուկը խորքային մագմատիկ օջախից անջատվող ջրերի խառնուրդ է, Վարդենիսի ու Սյունիքի բարձրավանդակից առաջացող ջրերի հետ: Ամուսլարի ջրերը այստեղ չեն հասնում»:

Երկրաբան  Շահեն  Խաչատրյանը մտահոգվեց, պատմեց, մանրամասն ներկայացրեց   Ամուլսարի հանքավայրի երկրաբանական ու երկրագիտական  առանձնահատկությունները, հանքավայրում գտնվող պաշարների հաշվարկները ներկայացրեց, բայցև անկեղծացավ.

«Ես մասնագիտությամբ  երկրաբան եմ, երկրաբանության ֆակուլտետի դասախոս եմ: Ես իմ ուսանողներին սովորեցնում եմ հանքավայրեր որոնել, գտնել, հետախուզել, շահագործել: Տվյալ դեպքում ինձ ավելի շատ մեր երկրի  շահն է հետաքրքիր, քան իմ մասնագիտությունը»:

 «Ռադիոլուրը» փորձեց նաև Ամուլսարի հանքավայրի շահագործման մեջ վտանգներ չտեսնող երկրաբանների հետ զրուցել: Նրանք, սակայն, հրաժարվեցին: Նշում են՝ Ամուլսարը վաղուց դարձել է քաղաքական թեմա:

Այսօր երեկոյան ԱԺ այգու մոտից երթ է մեկնարկելու  «Հանուն Ամուլսարի  փրկության. ոչ մի հետքայլ» կարգախոսով: Նախաձեռնության անդամները կոչ են անում միանալ այսօրվա երթին: «Ռադիոլուրին» փոխանցեցին՝  կանցնեն Երևանի կենտրոնական փողոցներով:

Back to top button